ԱՌԱԿԱՑ24
- 1Մի նախանձիր չար մարդկանցը, եւ մի ցանկանար նորանց հետ լինելը։
- 2Որովհետեւ նորանց սիրտը բռնութիւն է խորհում, եւ տանջանք են խօսում նորանց շրթունքները։
- 3Տունը կ’շինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կ’հաստատուի։
- 4Գիտութիւնով կ’լցուին շտեմարանները եւ կ’ստացուին ամեն պատուական ստացուածք եւ վայելչութիւնք։
- 5Իմաստուն մարդը զօրաւոր կ’լինի, եւ գիտուն մարդը իր ոյժը կ’աւելացնէ։
- 6Որովհետեւ պատերազմդ խոհեմութեամբ կ’անես, եւ յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կ’լինի։
- 7Խիստ բարձր է յիմարի համար իմաստութիւնը, նա դռան մէջ չի բանալ իր բերանը։
- 8Ով որ մտածում է վնասել, նորան նենգամիտ մարդ կ’ասեն։
- 9Յիմարութիւն մտածելը մեղք է, եւ ծաղրողը զզուելի է մարդկանց համար։
- 10Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի։
- 11Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր։
- 12Եթէ ասես թէ մենք չ’գիտենք. Ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ։
- 13Մեղր կեր, որդեակս, որ լաւ է, եւ մեղրախորիսխ, որ քաղցր է քո քիմքի համար.
- 14Այդպէս է իմաստութեան գիտութիւնը քո հոգիի համար, եթէ նորան գտել ես, եւ մի վախճան կայ, որ քո յոյսը չի կոտրուիլ։
- 15Դարանակալ մի լինիր, ով անզգամ, արդարի բնակարանին. Մի աւերիր նորա հանգստութեան տեղը։
- 16Որովհետեւ եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կ’կործանուին։
- 17Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանուելիս սիրտդ չ’ցնծայ։
- 18Մի գուցէ Տէրը տեսնէ, եւ նորա աչքին անհաճոյ երեւայ. Եւ իր բարկութիւնը ետ դարձնէ նորանից։
- 19Մի վառուիր չարերի պատճառովը. մի նախանձիր անզգամներին։
- 20Որովհետեւ վերջ չ’ունի չարը, ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։
- 21Որդեակս, վախիր Տէրիցը եւ թագաւորիցը. Եւ յեղափոխականների հետ մի ընկերանար.
- 22Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կ’կենայ. Եւ այն երկուսին էլ պատուհասը ո՞վ գիտէ։
- 23Սորանք էլ են իմաստուններինը՝ դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ։
- 24Ով որ անզգամին ասէ՝ Արդար ես, ազգերը նորան կ’անիծեն. Ժողովուրդները նորան կ’անարգեն։
- 25Բայց յանդիմանողներին բարիք կ’լինի, եւ նորանց վերայ բարի օրհնութիւն կ’գայ։
- 26Շրթունքներ է համբուրում նա, որ յարմար պատասխան է տալիս։
- 27Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ։
- 28Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը։
- 29Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ։
- 30Ծոյլ մարդի արտի մօտովն անց կացայ, եւ պակասամիտ մարդի այգիի մօտովը.
- 31Եւ ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նորանց երեսը ծածկել էին եղինճներ, եւ նորա քարի պատը փուլ էր եկած։
- 32Եւ երբոր տեսայ՝ դրի մտքիս մէջ, մտիկ արի եւ խրատ վեր առայ։
- 33Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել.
- 34Այն ժամանակ քո աղքատութիւնը կ’գայ իբրեւ ճանապարհորդ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։
