ԱՌԱԿԱՑ26
- 1Ինչպէս ձիւնը ամառը, եւ անձրեւը հունձին՝ այնպէս էլ յիմարին պատիւ չի վայելիլ։
- 2Ինչպէս որ ճնճղուկը թռթռում եւ ծիծեռնակը թռչում է, այնպէս էլ զուր անէծքը չի կատարուիլ։
- 3Խարազանը ձիու համար, եւ սանձը՝ էշի, եւ գաւազանը յիմարների մէջքի համար է։
- 4Մի պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ դու էլ նորան նմանես։
- 5Պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ իր աչքին իմաստուն երեւայ։
- 6Իր ոտները կարող եւ վնաս կրող է ով որ յիմարի ձեռքով խօսք ապսպրէ։
- 7Ինչպէս որ սասանում են կաղի ոտները, այնպէս էլ առակը յիմարների բերանումը։
- 8Ինչպէս որ քարն են ծրարում եւ պարսատիկի մէջ շպռտում, այնպէս է եւ յիմարին պատիւ տուողը։
- 9Արբածի ձեռքը մտաւ փուշը, եւ առակը՝ յիմարների բերանը։
- 10Մեծ է ամեն բան ստեղծողը, վարձք է տալիս յիմարին էլ, վարձք է տալիս յանցաւորներին էլ։
- 11Ինչպէս որ շունը ետ է դառնում դէպի իր փսխածը, այնպէս է իր յիմարութիւնը կրկնող յիմարը։
- 12Տեսե՞լ ես մէկ ինքն իր աչքին իմաստուն երեւացող. Յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։
- 13Ծոյլն ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակների մէջ՝ առիւծ։
- 14Դուռը շուռ է տալիս իր ծղխնիի վերայ, ծոյլն էլ՝ իր անկողնի վերայ։
- 15Ծոյլը իր ձեռքը կ’կոխէ ամանի մէջը, եւ նորա համար դժուար է նորան ետ տանել իր բերանը։
- 16Ծոյլը իմաստուն է երեւում իր աչքին եօթը խելօք պատասխան տուողից աւելի։
- 17Շունը ականջներիցը բռնում է այն անցաւորը, որ գրգռվում է իրանը չեղած դատի համար։
- 18Ինչպէս մի գիժ որ կրակի կայծեր, նետեր եւ մահ է ցանում,
- 19Այնպէս է այն մարդը որ իր ընկերին խաբում է, եւ ասում. Ահա կատակ եմ անում։
- 20Փայտ չ’լինելիս կրակը կ’հանգչի. Եւ քսու չ’լինելիս կռիւը կ’դադարէ։
- 21Ինչպէս ածուխը կայծերին, եւ փայտը կրակին, նոյնպէս է կռուարար մարդը վէճ վառելու։
- 22Քսու մարդի խօսքերը քաղցր պատառների պէս են. Նորանք էլ են իջնում փորի ներսերը։
- 23Կղկղանքի արծաթով պատած հողի ամանի պէս են սիրաբորբոք շրթունքը ու չար սիրտը միասին։
- 24Ատեցողը կեղծում է իր շրթունքներովը, եւ սրտումը նենգութիւն է դնում.
- 25Երբոր նա անուշացնէ ձայնը նորան չ’հաւատաս. Որովհետեւ եօթը գարշելի բան կայ նորա սրտումը։
- 26Թէկուզ՝ ատելութիւնը ծածկուի նենգութեամբ, նորա չարութիւնը կ’յայտնուի ժողովքի մէջ։
- 27Ով որ փոս փորէ՝ նորա մէջը կ’ընկնի. Եւ ով որ քար գլորէ՝ նա նորա վերայ կ’դառնայ։
- 28Ստախօս լեզուն ատում է իր ծեծածներին, եւ շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։
