ԱՌԱԿԱՑ29
  • 1Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կ’ջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ։
  • 2Արդարները շատանալիս ժողովուրդը կ’ուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ։
  • 3Իմաստութիւն սիրող մարդը կ’ուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կ’փչացնէ։
  • 4Թագաւորը արդարութեամբ կ’հաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կ’քանդէ։
  • 5Իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նորա քայլերի համար։
  • 6Չար մարդի յանցանքումը որոգայթ կայ, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում։
  • 7Արդարը գիտէ աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտութիւն չ’ունի։
  • 8Ծաղր անող մարդիկը քաղաք տակն ու վերայ կ’անեն, բայց իմաստունները բարկութիւնը կ’հանգստացնեն։
  • 9Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ։
  • 10Արիւնահեղ մարդիկը կ’ատեն կատարեալին, բայց ուղիղները նորան կ’որոնեն։
  • 11Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կ’տայ, բայց իմաստունը նորան ետ է պահում։
  • 12Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կ’լինեն։
  • 13Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. Բայց երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է։
  • 14Այն թագաւորը որ աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կ’մնայ։
  • 15Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կ’տայ, բայց բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար։
  • 16Անզգամները շատանալիս յանցանքը կ’շատանայ, բայց արդարները կ’տեսնեն նորանց վայր ընկնելը։
  • 17Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կ’հանգստացնէ. Եւ սփոփանք կ’պատճառէ քո հոգիին։
  • 18Առանց մարգարէութեան ժողովուրդը կ’վայրենանայ. Բայց ով որ օրէնքը պահէ՝ երանի՜ նորան։
  • 19Խօսքերով չի խրատուիլ այն ծառան, որ հասկանում է բայց չէ պատասխանում։
  • 20Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։
  • 21Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կ’դառնայ։
  • 22Բարկացող մարդը կռիւ կ’հնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կ’ունենայ։
  • 23Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կ’կործանէ, բայց հեզահոգին փառք կ’ստանայ։
  • 24Գողի հետ վարուողը իր անձն է ատում. նա երդումը անելուց յետոյ էլ բան չի յայտնիլ։
  • 25Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի։
  • 26Շատերը կ’որոնեն իշխանի երեսը, բայց մարդիս իրաւունքը Տէրիցն է։
  • 27Անօրէն մարդը զզուելի է արդարներին, բայց ամբարշտի համար զզուելի է ուղիղ վարուողը։
← Ցանկ