ԱՌԱԿԱՑ6
  • 1Որդեակս, եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար.
  • 2Դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը։
  • 3Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որովհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. Գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին։
  • 4Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ.
  • 5Քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս։
  • 6Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.
  • 7Որ իշխան, ոստիկան եւ տիրող չ’ունի.
  • 8Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։
  • 9Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։
  • 10Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել.
  • 11Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կ’գայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս։
  • 12Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս,
  • 13Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում.
  • 14Նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարածում։
  • 15Սորա համար յանկարծ կ’գայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չ’գտնէ։
  • 16Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին.
  • 17Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր.
  • 18Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր.
  • 19Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող։
  • 20Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր։
  • 21Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց։
  • 22Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն։
  • 23Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ։
  • 24Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը.
  • 25Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չ’յափշտակէ իր արտեւանունքներովը։
  • 26Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. Եւ շնացող առնակինը պատուական հոգին կ’որսայ։
  • 27Հնա՞ր է որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին։
  • 28կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չ’խանձուին։
  • 29Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. Ամեն նորան դիպչողը անմեղ չէ։
  • 30Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր։
  • 31Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ։
  • 32Բայց կին պղծողն անմիտ է. Իր հոգին է փչացնում, ով որ անէ այս։
  • 33Նա վէրք եւ անարգանք կ’գտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ։
  • 34Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը։
← Ցանկ