ԺՈՂՈՎՈՂ10
- 1Մեռած ճանճերը գարշահոտ են անում եռացնում իւղագործի իւղը, նոյնպէս եւ մի քիչ յիմարութիւնը աւելի ծանր է լինում իմաստութիւնից եւ փառքից։
- 2Իմաստունի սիրտն իր աջ կողմին է, եւ յիմարի սիրտն իր ձախ կողմին։
- 3Որ ճանապարհով էլ որ գնայ յիմարը՝ պակասամիտ է. եւ ամենին կ’ասէ, թէ ինքը յիմար է։
- 4Եթէ իշխանի բարկութիւնը վեր կենայ քեզ դէմ, քո տեղը չ’ձգես. Որովհետեւ մեղմութիւնը մեծ յանցանքները կ’դադարեցնէ։
- 5Կայ մի չարիք էլ, որ տեսայ արեգակի տակին, այն սխալմունքի նման, որ դուրս է գալիս իշխանի առաջիցը։
- 6Յիմարութիւնը դրվում է շատ բարձրերում, իսկ հարուստները ցածումն են նստում։
- 7Տեսայ ծառաներ՝ ձիերի վերայ. Եւ իշխաններ՝ ծառաների պէս ման գալիս երկրի վերայ։
- 8Ով որ փոս փորէ, մէջը կ’ընկնի. Եւ ով որ ցանկը քանդէ, օձը կ’կծի նորան։
- 9Ով որ քարեր տեղահանէ, նորանցով կ’վնասուի. Փայտ կտրողը վտանգի է ենթարկուած նորանից։
- 10Եթէ կացինը բթացել է, եւ նա չ’սրէ նորա բերանը, այն ժամանակ նա պէտք է ոյժը զօրացնէ, եւ յաջողութեան շահն իմաստութիւնն է։
- 11Եթէ օձը խայթէ առանց թովելու, ուրեմն օգուտ չ’կայ թովչութիւն ունեցողի համար։
- 12Իմաստունի բերանի խօսքերը շնորհք են, բայց անմտի շրթունքներն իրան կուլ կ’տան։
- 13Նորա բերանի խօսքերի սկիզբը յիմարութիւն է. Եւ նորա բերանի վերջը չար խենդութիւն։
- 14Եւ յիմարը կ’շատացնէ խօսքերը. Մարդս չ’գիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ նորանից յետոյ ինչ է լինելու, ո՞վ կարող է իմացնել նորան։
- 15Յիմարի աշխատութիւնն իրան կ’յոգնեցնէ, որ չ’գիտէ քաղաքը գնալը։
- 16Վա՜յ քեզ, երկիր, որ թագաւորդ տղայ է. Եւ որ իշխաններդ առաւօտանց կանուխ ուտում են։
- 17Երանի՜ քեզ, երկիր, որ թագաւորդ ազնուազարմ է, եւ որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ոյժի համար եւ ոչ թէ խնջոյքի համար։
- 18Շէնքը ծուլութիւններով փուլ կ’գայ, եւ ձեռքերը կախելով՝ տունը կ’կաթէ։
- 19Հացկերոյթը ուրախանալու համար կ’անեն, եւ գինին կ’զուարթացնէ կեանքը, եւ արծաթը պատասխան է տալիս ամենին։
- 20Քո մտքումն անգամ մի անիծիր թագաւորին, եւ քո անկողնարանումը մի անիծիր հարուստին. Որովհետեւ երկնքի թռչունը ձայն կ’տանէ. Եւ թեւաւորը խօսքը կ’պատմէ։