ԺՈՂՈՎՈՂ2
  • 1Ես սրտումս ասեցի. Մի եկ քեզ փորձեմ ուրախութիւնով, եւ բարիք էլ վայելիր. Բայց ահա սա էլ էր ունայն։
  • 2Ծիծաղին ասեցի. Դու յիմար ես. Եւ ուրախութեանը՝ Դա ի՞նչ ես անում։
  • 3Սրտիս մէջ մտածեցի, որ մարմինս գինիով զուարթացնեմ, եւ՝ սիրտս իմաստութեամբ վարուելով յիմարութիւնն էլ բռնեմ, մինչեւ որ տեսնեմ թէ ինչ է մարդկանց որդիների բարին, որ անում են երկնքի տակին իրանց կեանքի քիչ օրերումը։
  • 4Ես մեծացրի իմ գործերը՝ ինձ համար տուներ շինեցի, ինձ համար այգիներ տնկեցի.
  • 5Այգիներ եւ դրախտներ շինեցի, եւ նորանց մէջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի.
  • 6Ինձ համար ջրի աւազաններ շինեցի, որ նորանցից ոռոգուի ծառաստանի անտառը։
  • 7Ծառաներ եւ աղախիններ ստացի, նաեւ ընդոծիններ ունեցայ, եւ շատ արջառներ եւ հօտեր ունեցայ, ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի։
  • 8Ինձ համար գանձեցի արծաթ եւ ոսկի, եւ թագաւորական ու գաւառական սեփականութիւններ. Ինձ համար երգիչներ եւ երգչուհիներ դրի, եւ մարդկանց որդիների զուարճութիւնները, դշխոյ եւ դշխոներ։
  • 9Եւ մեծացի ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի. Նաեւ իմաստութիւնս կար ինձ մօտ։
  • 10Եւ ամեն ինչ որ աչքերս պահանջում էին՝ նորանցից չ’արգիլեցի, սիրտս չ’զրկեցի ոչ մի ուրախութիւնից, որովհետեւ սիրտս ուրախացաւ իմ բոլոր աշխատանքներիցը, եւ սա էր իմ բաժինը իմ աշխատանքիցը։
  • 11Եւ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. Եւ ահա բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք. Եւ արեգակի տակին մի օգուտ չ’կայ։
  • 12Եւ ես ուշս դարձրի իմաստութիւնը տեսնելու, նաեւ յիմարութիւնը եւ անմտութիւնը. Որովհետեւ ի՞նչ է այն մարդը, որ թագաւորից յետոյ գալու է, նա արդէն արել է սորա անելիքը։
  • 13Եւ ես տեսայ որ իմաստութիւնը աւելի օգուտ ունի յիմարութիւնից. Որքան որ լոյսը աւելի օգուտ ունի խաւարիցը։
  • 14Իմաստունի աչքերը իր գլխին են. Բայց յիմարը խաւարումն է գնում. Եւ ես էլ իմացի, որ ինչ որ մէկին է պատահում, պատահում է ամենքին։
  • 15Եւ ես ասեցի իմ սրտումը. Ինչպէս որ յիմարին է պատահում, ինձ էլ է պատահելու. Ուրեմն էլ ի՞նչու համար ես իմաստուն եղայ։ Եւ իմ սրտումն ասեցի թէ Սա էլ է ունայն։
  • 16Նորա համար որ յաւիտեան չեն յիշում իմաստունին էլ յիմարին պէս. Որովհետեւ ապագայ օրերումն արդէն բոլորը մոռացուած կ’լինի. Եւ ո՜հ իմաստունը մեռնում է յիմարի հետ։
  • 17Եւ ես ատեցի կեանքը, որովհետեւ զզուելի էին ինձ համար արեգակի տակին եղած գործերը. Որովհետեւ ամենը ունայն է եւ քամիի աշխատանք։
  • 18Եւ ես ատեցի արեգակի տակին աշխատած աշխատանքս, որ թողելու եմ ինձանից յետոյ եկող մարդի համար։
  • 19Եւ ո՞վ գիտէ, թէ նա իմաստուն կ’լինի թէ յիմար. Սակայն նա տիրելու է իմ բոլոր աշխատանքին, որ աշխատեցի եւ որի մէջ իմաստութիւն ցոյց տուի արեգակի տակին. Սա էլ է ունայն։
  • 20Եւ ես ետ դարձայ, որ սրտիս յոյսը կտրեմ արեգակի տակին աշխատած բոլոր աշխատանքիցս։
  • 21Որովհետեւ մարդ կայ արեգակի տակին, որի գործքը իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ է, բայց նա այս բաները պիտի իբրեւ բաժին տայ սորանցում չ’աշխատող մարդին։ Սա էլ է ունայն եւ մի մեծ չարիք։
  • 22Որովհետեւ ի՞նչ է մնում մարդիս համար իր բոլոր աշխատանքիցը, եւ իր սրտի տանջանքիցը, որ նա աշխատեց արեգակի տակին։
  • 23Որովհետեւ նորա բոլոր օրերը վիշտեր՝ եւ նորա գործքը տրտմութիւն են. Նորա սիրտը գիշերն էլ չէ հանգիստ. Սա էլ է ունայն։
  • 24Սորանից լաւ բան չ’կայ մարդիս համար, որ ուտէ եւ խմէ, եւ իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ. Բայց ես սա էլ տեսայ, որ այդ բանը Աստուծոյ ձեռքիցն է լինում։
  • 25Որովհետեւ ո՞վ է կարող ուտել եւ ո՞վ է կարող վայելել առանց նորան՝՝։
← Ցանկ