ԺՈՂՈՎՈՂ7
  • 1Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. Եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը։
  • 2Լաւ է գնալ սուգի տունը, քան թէ գնալ խնջոյքի տունը, որովհետեւ մահը ամեն մարդի վերջն է. Եւ ապրողը կ’պահէ այդ իր սրտումը։
  • 3Լաւ է տրտմութիւնը քան թէ ուրախանալը, որովհետեւ երեսը տխրելիս սիրտը կ’ուրախանայ։
  • 4Իմաստունների սիրտը սուգի տանն է, բայց յիմարների սիրտը՝ ուրախութեան տանը։
  • 5Լաւ է լսել իմաստունների կշտամբումը, քան թէ յիմարների երգը։
  • 6Որովհետեւ ինչպէս որ փուշերի ձայնն է կաթսայի տակին, այնպէս է յիմարի ծիծաղելը. Սա էլ է ունայն։
  • 7Որովհետեւ բռնութիւնը կ’յիմարացնէ իմաստունին, եւ պարգեւը փչացնում է սիրտը։
  • 8Մի բանի վախճանը լաւ է նորա սկզբիցը. լաւ է երկայնամիտը բարձրամիտ մարդիցը։
  • 9Մի շտապիր հոգովդ բարկանալու, որովհետեւ բարկութիւնը յիմարների ծոցումն է հանգչում։
  • 11Իմաստութիւնը լաւ է ժառանգութեան հետ, եւ շահաւէտ է արեգակը տեսնողների համար։
  • 12Որովհետեւ իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. Բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը։
  • 13Տես Աստուծոյ գործքը, որովհետեւ ո՞վ կարող է ուղղել նորա ծռածը։
  • 14Լաւ օրը լաւութեամբ անցկացրու, եւ վատ օրը զգուշութիւն արա. Սորան էլ Աստուած նորա կշտին ստեղծեց, որ մարդս իրանից յետոյ մի բան չ’գտնէ։
  • 15Բոլորը տեսայ իմ ունայնութեան օրերումը. արդար կայ որ կորչում է իր արդարութեան մէջ. Եւ ամբարիշտ էլ կայ, որ երկարացնում է կեանքը իր ամբարշտութեան մէջ։
  • 16Խիստ շատ արդար մի լինիր. Եւ քեզ չափազանց իմաստուն մի կարծիր. Ի՞նչու համար քեզ կորցնես։
  • 17Խիստ ամբարիշտ մի լինիր, եւ յիմար մի լինիր. ի՞նչու համար տարաժամ մեռնես։
  • 18Լաւ է որ մէկին բռնես եւ միւսիցն էլ ձեռքդ չ’քաշես, որովհետեւ Աստուածանից վախեցողը ամենը կ’կատարէ։
  • 19Իմաստութիւնն աւելի ոյժ կ’տայ իմաստունին, քան թէ տասը իշխաններ, որ այն քաղաքումը լինին։
  • 20Իրաւ որ երկրի վերայ արդար մարդ չ’կայ, որ բարի գործէ եւ չ’մեղանչէ։
  • 21Ամեն խօսած խօսքերի էլ սիրտդ մի տար, որ չ’լսես ծառադ քեզ անիծելիս։
  • 22Որովհետեւ քո սիրտն էլ իմացել է շատ անգամ, որ դու էլ ես անիծել ուրիշներին։
  • 23Այս ամենը փորձեցի իմաստութիւնով, ասեցի թէ Ես իմաստուն դառնամ, բայց նա ինձանից հեռու էր։
  • 24Հեռու է այն ինչ որ եղել է. Եւ խորը՝ խոր. Ո՞վ կարող է հասնել նորան։
  • 25Ես իմ սրտովը շուռ տուի, որ գիտենամ եւ քննեմ եւ որոնեմ իմաստութիւն եւ հանճար. Եւ գիտենամ թէ յիմարութիւնը չարութիւն է, եւ անմտութիւնը՝ գիժութիւն։
  • 26Եւ ես գտայ մահից աւելի դառն այն կինը, որի սիրտը ցանցեր եւ ուռկաններ են, եւ որի ձեռքերը՝ կապանքներ։ Աստուծոյ առաջին հաճելի եղողը կ’ազատուի նորանից, իսկ մեղաւորը կ’բռնուի նորա մէջ։
  • 27Ահա գտել եմ այս բանը, ասում է Ժողովողը, մէկ մէկ պէտք է համարել հաշիւը գտնելու համար։
  • 28Որ հոգիս տակաւին որոնում է, եւ ես չեմ գտել. մէկ մարդ եմ գտել հազարիցը, բայց սորանց ամենի մէջ մի կին չ’գտայ։
  • 29Սակայն ահա սա գտել եմ, որ Աստուած մարդիս ուղիղ է ստեղծել, բայց նորանք շատ հնարքներ են որոնել։
← Ցանկ