ԺՈՂՈՎՈՂ8
  • 1Ո՞վ կայ իմաստունին պէս, եւ ո՞վ է բանի մեկնութիւնը իմացողը. մարդիս իմաստութիւնը փայլեցնում է նորա երեսը. Եւ նորա երեսի պնդութիւնը կ’փոխուի։
  • 2Ես ասում եմ. Պահիր թագաւորի խօսքը, մանաւանդ Աստուծոյ երդումի պատճառովը.
  • 4Ըստ որում թագաւորի խօսքը հզօր է, եւ ո՞վ կարող է ասել նորան, թէ Ի՞նչ ես անում։
  • 5Պատուիրանքը պահողը չարիք չէ ճանաչում, այլ ժամանակն ու իրաւունքը ճանաչում է իմաստունի սիրտը։
  • 6Որովհետեւ ամեն ձեռնարկութեան համար կայ ժամանակ եւ իրաւունք. Բայց մարդիս վերայ մեծ չարիք կայ։
  • 7Որովհետեւ նա չ’գիտէ թէ ինչ է լինելու. Եւ թէ ի՞նչպէս է լինելու, ո՞վ է կարող իմացնել նորան։
  • 8Մարդ չ’կայ որ քամիին վերայ իշխէ որ քամին արգելէ. Եւ իշխող էլ չ’կայ մահուան օրուայ վերայ, եւ արձակում չ’կայ այն պատերազմի մէջ. Եւ ամբարշտութիւնը չի պրծացնիլ իր տիրոջը։
  • 9Այս բոլորը տեսայ, եւ արեգակի տակին եղած բոլոր գործերին ուշ դարձրի. Ժամանակ կայ որ մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար։
  • 10Եւ յետոյ տեսայ, որ անզգամները թաղվում էին գնում. Եւ սուրբ տեղիցը գնացին եւ մոռացուեցան այն քաղաքումը, ուր որ այսպէս արել էին. Սա էլ է ունայն։
  • 11Որովհետեւ չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու։
  • 12Թէեւ մեղաւորը հարիւր անգամ մեղք անէ, եւ նա երկարատեւ էլ լինի. Այնու ամենայնիւ գիտեմ ես, որ բարիք կ’լինի Աստուածանից վախեցողներին, որ վախենում են նորա երեսիցը։
  • 13բայց ամբարշտին բարութիւն չի լինիլ. Եւ իր օրերը չի երկարացնիլ ինչպէս որ ստուերը. Որ չեն վախենում Աստուծոյ երեսիցը։
  • 14Մի ունայնութիւն կայ, որ լինում է երկրի վերայ, որ արդարներ կան, որոնց պատահում է ամբարիշտների գործքին պէս. Եւ կան ամբարիշտներ, որոնց պատահում է արդարների գործքին պէս. ես ասեցի, որ սա էլ ունայնութիւն է։
  • 15Եւ ես գովեցի ուրախութիւնը, որ մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չ’կայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը. Եւ սա է նորա հետ գնում իր աշխատութեան մէջ իր կեանքի օրերումը, որ Աստուած նորան տուել է արեգակի տակին։
  • 16Երբոր ես ուշս դարձրի իմաստութիւնը գիտենալու եւ այն զբաղմունքը տեսնելու, որ լինում է երկրիս վերայ. (որովհետեւ թէ ցերեկը եւ թէ գիշերը նորա աչքերը քուն չեն տեսնում,)
  • 17Այն ժամանակ տեսայ Աստուծոյ բոլոր գործերը, որ մարդս կարող չէ հասնել այն գործին, որ լինում է արեգակի տակին. Որքան էլ մարդս աշխատէ որոնելու՝ չի հասնիլ. Եւ մինչեւ անգամ եթէ իմաստունն էլ ասէ թէ Գիտեմ, դարձեալ չէ կարող հասնել։
← Ցանկ