ԺՈՂՈՎՈՂ9
  • 1Որովհետեւ ես այս բոլորը դրի իմ սրտումը, որ այս բոլորն էլ քննեմ, որ արդարները եւ իմաստուններն ու նորանց գործերը Աստուծոյ ձեռքին են. Սէրն էլ ատելութիւնն էլ չ’գիտէ մարդս. Բոլորն էլ իրանց առաջին են։
  • 2Ամենը իբրեւ թէ ամենքի համար է. Միեւնոյնը պատահում է արդարին եւ ամբարշտին, բարի եւ մաքուր մարդին եւ անմաքուրին, զոհողին եւ զոհ չ’անողին, ինչպէս է բարին՝ այնպէս է մեղաւորը. Երդում անողը՝ այնպէս եւ երդումից վախեցողը։
  • 3Սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը, որ ամենքին էլ միեւնոյնն է պատահում։ Ու նաեւ մարդկանց որդիների սիրտը լիքն է չարութիւնով, եւ խենդութիւն կայ նորանց սրտումը իրանց կեանքի մէջ. Իսկ վերջը իջնում են մեռելների մօտը։
  • 4Որովհետեւ ով որ ընկեր է միւս ապրողներին՝ յոյս կայ նորանից. Որովհետեւ ողջ շունը լաւ է մեռած առիւծից։
  • 5Նորա համար որ կենդանիները գիտեն որ մեռնելու են, բայց մեռելները մի բան չ’գիտեն եւ վարձք էլ չ’ունին, որովհետեւ նորանց յիշատակը մոռացուել է։
  • 6Նորանց սէրն էլ, նորանց ատելութիւնն էլ, նորանց նախանձն էլ վաղուց է փչացել. Եւ նորանց համար այլ եւս յաւիտեան բաժին չ’կայ, արեգակի տակին եղած բոլոր բաների մէջ։
  • 7Գնա ուրախութեամբ կեր հացդ, եւ զուարթ սրտով խմիր գինիդ, որովհետեւ վաղուց հաւանել է Աստուած քո գործքին։
  • 8Հանդերձներդ միշտ սպիտակ լինին, եւ գլխիդ իւղը չ’պակասէ։
  • 9Կեանք վայելիր քո սիրած կնոջ հետ քո ունայն կեանքի բոլոր օրերումը, որ քեզ տուել է արեգակի տակ քո բոլոր ունայն օրերումը, որովհետեւ նա է քո բաժինը ապրողների մէջ, եւ արեգակի տակին քո քաշած աշխատանքի մէջ։
  • 10Ամեն ինչ որ ձեռքդ գտնէ անելու՝ ուժովդ արա, որ գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը, ուր որ դու պիտի գնաս։
  • 11Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. Եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. Որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին։
  • 13Արեգակի տակին այս իմաստութիւնն էլ տեսայ, եւ նա ինձ համար մեծ էր։
  • 14Մի փոքր քաղաք, եւ միջին քիչ ժողովուրդ. Եւ նորա վերայ եկաւ մի մեծ թագաւոր, եւ նորան պաշարեց, եւ նորա դէմ մեծամեծ պատնէշներ շինեց.
  • 15Բայց նորանում մի աղքատ իմաստուն գտնուեցաւ, եւ նա իր իմաստութիւնովը ազատեց քաղաքը. Բայց ոչ մի մարդ չ’յիշեց այն աղքատ մարդին։
  • 16Եւ ես ասեցի. Իմաստութիւնը լաւ է ուժից. Թէեւ աղքատի իմաստութիւնը անարգուած լինի, եւ նորա խօսքին չ’լսեն։
  • 17Իմաստունների խօսքերը՝ մեղմութեամբ լսուած, լաւ է յիմարների վերայ իշխողի աղաղակիցը։
  • 18Իմաստութիւնը լաւ է պատերազմական գործիքներից, բայց մէկ մեղաւորը շատ բարիքներ կ’փչացնէ։
← Ցանկ