ԵՐԳ ԵՐԳՈՑ8
  • 1Երանի թէ ինձ եղբայր լինէիր՝ մօրս ստինքը ծծած, քեզ դուրսը գտնէի համբուրէի. Ինձ չէին էլ անարգիլ։
  • 2Քեզ կ’տանէի կ’մտցնէի իմ մօր տունը, դու ինձ կ’սովորեցնէիր. Քեզ կ’խմեցնէի իմ հոտաւէտ գինիիցը իմ նռան օշարակից։
  • 3Նորա ձախ ձեռքը գլխիս տակին, եւ աջը կ’գրկէր ինձ։
  • 4Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, մի զարթեցնէք եւ մի վեր կացնէք իմ սիրուհիին, մինչեւ որ ինքը բարեհաճէ։
  • 5Սա ո՞վ է որ վեր է գալիս անապատիցը. Կռնած իր սիրողի վերայ։ Քեզ խնձորենիի տակին զարթեցրի. Այնտեղ էր ծնե; քեզ քո մայրը. Այնտեղ էր ծնել քեզ քո ծնողը։
  • 6Ինձ կնիքի պէս դիր սրտիդ վերայ, կնիքի պէս՝ քո բազուկի վերայ. Որովհետեւ մահուան պէս զօրաւոր է սէրը դժոխքի պէս ամուր է նախանձը. Նորա կայծերը բոցավառ կրակի կայծերի պէս են։
  • 7Շատ ջուրերը չեն կարող հանգցնել սէրը, եւ գետերը նորան չեն ընկղմիլ. եթէ մի մարդ իր տան բոլոր կայքը տայ սիրոյ տեղ, անարգելով կ’անարգեն նորան։
  • 8Մենք մի փոքր քոյր ունինք, որ ստինք չ’ունի. Ի՞նչ անենք մեր քրոջը, նորա համար խօսուած օրը։
  • 9Եթէ նա պարիսպ է, նորա վերայ մի արծաթի աշտարակ շինենք. Եւ եթէ նա մի դուռ է, նորան պատենք եղեւնափայտի տախտակով։
  • 10Ես պարիսպ եմ. Եւ իմ ստինքները աշտարակների նման են. Ուրեմն նորա աչքի առաջին կ’լինիմ խաղաղութիւն գտածի պէս։
  • 11Սողոմոնը մի այգի ունէր Բաաղամոնի մէջ. այն այգին տուաւ պահապաններին. Ամեն մէկն իր պտուղովը հազար արծաթ էր բերում։
  • 12Իմ այգին իմ առաջին է. Հազարը քեզ, ով Սողոմոն, եւ երկու հարիւրը նորա պտուղը պահողների համար։
  • 13Ով պարտէզների մէջ նստող, ընկերներդ լսում են ձայնդ, թոյլ տուր ինձ լսել։
  • 14Վազիր, ով իմ սիրական, նման եղիր այծեամին կամ եղնիկների ձագին բուրալի սարերի վերայ։
← Ցանկ