ԵՍԱՅԻԱ1
  • 1Ամովսի որդի Եսայիայի տեսիլքը որ տեսաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը։
  • 2Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր, ով երկիր. Որովհետեւ Եհովան է խօսում. Ես զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ։
  • 3Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը չէ ճանաչում, իմ ժողովուրդը չէ իմանում։
  • 4Վա՜յ մեղաւոր ազգին. Անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. Թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին։
  • 5Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. Որ ապստամբութիւնը աւելացնում էք. Բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։
  • 6Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չ’կայ նորա վերայ. Հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում։
  • 7Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. Ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. Եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս։
  • 8Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի պաշարուած քաղաքի նման։
  • 9Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չ’թողէր, Սոդոմի պէս կ’լինէինք, Գոմորին կ’նմանէինք։
  • 10Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ։
  • 11Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. Եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։
  • 12Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. Դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իր սրահները։
  • 13Այլ եւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. Անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։
  • 14Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։
  • 15Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։
  • 16Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։
  • 17Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք։
  • 18Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. Եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։
  • 19Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կ’ուտէք։
  • 20Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. Որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։
  • 21Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. Նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. Բայց հի՞մա, մարդասպաններ։
  • 22Արծաթդ կղկղանք է դարձել. Գինիդ ջրով խառնուած է։
  • 23Իշխաններդ ապստամբներ եւ գողերի ընկերներ են, ամենքն էլ կաշառ են սիրում եւ վարձի ետեւից են ընկել. որբի դատը չեն նայում, եւ որբեւայրիի դատը չի գալիս նորանց առաջը։
  • 24Նորա համար Զօրաց Եհովայ Տէր՝ Իսրայէլի հզօրի խօսքը սա է. Ահա՜ ես ինձ կ’հանգստացնեմ իմ նեղիչներիցը, եւ վրէժս կ’առնեմ իմ թշնամիներիցը։
  • 25Եւ ես կ’դարձնեմ իմ ձեռքը դէպի քեզ, եւ կ’մաքրեմ քո կղկղանքը ինչպէս թէ բորակով, եւ կ’հեռացնեմ քո բոլոր անագը։
  • 26Եւ ետ կ’բերեմ քո դատաւորներին՝ ինչպէս որ առաջ էր, եւ քո խորհրդականներին՝ ինչպէս որ սկզբումը։ Այնուհետեւ քեզ կ’ասեն՝ Արդարութեան քաղաք, հաւատարիմ աւան։
  • 27Սիօնը իրաւունքով պիտի փրկուի եւ նորա ետ դարձողները՝ արդարութիւնով։
  • 28Բայց անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կ’լինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան։
  • 30Որովհետեւ դուք պիտի լինէք տերեւները թառամած բեւեկնիի պէս, եւ միջումը ջուր չ’եղող պարտէզի պէս։
  • 31Եւ զօրաւորը կ’լինի որպէս խծուծ, եւ նորա գործքը՝ կայծ. Եւ երկուսը կ’այրուին մէկտեղ եւ հանգցնող չի լինիլ։
← Ցանկ