ԵՍԱՅԻԱ19
  • 1Եգիպտոսի պատգամը։ Ահա Տէրը հեծել է թեթեւ ամպի վերայ, եւ գալիս է Եգիպտոս. Եւ Եգիպտոսի կուռքերը սարսում են նորա երեսից, եւ Եգիպտոսի սիրտը հալում է իր միջումը։
  • 2Եւ ես պիտի Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դէմ, եւ պիտի պատերազմեն ամեն մարդ իր եղբօր հետ, եւ ամեն մարդ իր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ, եւ թագաւորութիւն թագաւորութեան հետ։
  • 3Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ նորանք խնդրելու են կուռքերին եւ կախարդներին, եւ վհուկներին եւ նշանագէտներին։
  • 4Եւ ես պիտի մատնեմ Եգիպտոսը մի խիստ տիրող ձեռքի, եւ մի բռնաւոր թագաւոր պիտի իշխէ նորանց վերայ. Ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
  • 5Եւ ջրերը պիտի քաշուին ծովիցը, եւ գետը պիտի չորանայ եւ ցամաքէ։
  • 6Եւ պիտի հոտեն գետերը, եւ պիտի բարակեն եւ չորանան Մասորի վտակները, եղէգն ու պրտուն պիտի թառամեն։
  • 7Նեղոսի մօտ եւ Նեղոսի եզերքի մօտ եղող մարգագետինները, եւ Նեղոսի բոլոր վարուցանը պիտի չորանայ, փուլ գայ եւ չքանայ։
  • 8Եւ ձկնորսները պիտի հեծեծան, եւ ողբան Նեղոսի մէջ կարթ ձգողների բոլորը. Եւ ջրի երեսի վերայ ուռկան փռողները պիտի տխրին։
  • 9Եւ պիտի ամաչեն բարակ քթան գործողները, եւ բամպակի կտաւեղէն հինողները։
  • 10Եւ նորա սիւները պիտի կոտրատուած լինեն, եւ բոլոր վարձքով գործողների սիրտը կոտրած պիտի լինի։
  • 11Անշուշտ յիմարներ են Տայանիսի իշխանները. Փարաւօնի խորհրդատու իմաստունների խորհուրդը յիմարական է. Դուք ի՞նչպէս էք ասում Փարաւօնին. Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագաւորների որդի։
  • 12Հիմա ո՞ւր են քո իմաստունները որ քեզ պատմեն, եւ իմացնեն, թէ ինչ է վճռել Զօրաց Տէրը Եգիպտոսի վերայ։
  • 13Տայանիսի իշխանները յիմարացել են, Մեմփիսի իշխանները խաբուած են, եւ Եգիպտոսին մոլորեցրել են նորա ցեղերի գլխաւորները։
  • 14Տէրը նորա մէջ խառնեց մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս։
  • 15Եգիպտոսումը գործք պիտի չ’լինի, որ գործէ գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը։
  • 16Այն օրը Եգիպտոսը կնիկների պէս է լինելու, եւ պիտի դողայ եւ զարհուրէ Զօրաց Տիրոջ ձեռքի շարժելուց, որ նա շարժելու է նորա վերայ։
  • 17Եւ Յուդայի երկիրը Եգիպտոսի համար արհաւիրք է դառնալու, ամեն ով որ նորան յիշէ, պիտի վախենայ, Զօրաց Տիրոջ խորհրդի պատճառովը, որ նա նորա վերայ որոշել է։
  • 18Այն օրը հինգ քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը Քանանի լեզուն խօսող եւ Զօրաց Տիրոջ անունով երդուող. Մէկին Արեգակի քաղաք են ասելու։
  • 19Այն օրը Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մէջ. Եւ նորա սահմանի կշտին մի կոթող՝ Տիրոջ համար։
  • 21Եւ Տէրը ճանաչուած պիտի լինի Եգիպտոսումը, եւ Եգիպտացիք այն օրը պիտի ճանաչեն Տիրոջը եւ զոհեր ու պատարագներ պիտի մատուցանեն, եւ ուխտ պիտի ուխտեն Տիրոջը եւ կատարեն։
  • 22Եւ Տէրը պիտի հարուածէ Եգիպտացիներին, պիտի հարուածէ եւ պիտի բժշկէ, եւ նորանք պիտի դառնան Տիրոջը մօտ, եւ նորանք պիտի ընդունուին, եւ նա պիտի բժշկէ նորանց։
  • 23Այն օրը մի պողոտայ է լինելու Եգիպտոսից դէպի Ասորեստան, եւ Ասորեստանցիք գալու են Եգիպտոս, եւ Եգիպտացիք՝ Ասորեստան, եւ Եգիպտացիք Ասորեստանցիների հետ ծառայելու են Տիրոջը։
  • 24Այն օրը Իսրայէլը երրորդը պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մէջ. Եւ օրհնութիւն կ’լինի երկրի մէջ,
  • 25Որին օրհնելու է Զօրաց Տէրը ասելով. Օրհնեալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոս. Եւ իմ ձեռքի գործը՝ Ասորեստան, եւ իմ բաժինը՝ Իսրայէլ։
← Ցանկ