ԵՍԱՅԻԱ21
- 1Ծովի անապատի պատգամը։ Հարաւից յարձակուող մրրիկների պէս անապատիցն է գալիս՝ սոսկալի երկրիցը։
- 2Մի խիստ տեսիլք է ինձ յայտնուել. յափշտակողը յափշտակում եւ կործանողը կործանում է։ Վեր եկ, Եղամ. Պաշարիր, ով Մարաց ազգ, նորա բոլոր հառաչանքը դադարեցրել եմ։
- 3Սորա համար երանքս լիքն են ցաւերով, ծննդականի ցաւերի պէս ցաւեր են բռնել ինձ. Գալարվում եմ, չեմ լսում. Վրդովուած եմ, չեմ տեսնում։
- 4Սիրտս շփոթուել է, արհաւիրքն ինձ զարհուրեցրել է, նա իմ ցանկալի գիշերն ինձ համար սրտադողի դարձրեց։
- 5Սեղանը գցում են, դէտը դիտում է. Ուտե՜լ, խմե՜լ։ Վեր կացէք, ով իշխաններ, օծեցէք վահանները։
- 6Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Գնա դէտին կանգնեցրու, որ տեսածը յայտնէ։
- 7Եւ նա ձիաւորներ տեսաւ զոյգ հեծեալներ, էշի վերայ հեծեալներ, ուղտի վերայ հեծեալներ, եւ մեծ ուշադրութեամբ ուշադրութիւն արաւ։
- 8Եւ առիւծօրէն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ։
- 9Եւ ահա գալիս են՝ ձիաւորներ, զոյգ հեծեալներ. Եւ պատասխանեց ու ասեց. Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նորա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով։
- 10Ով իմ կասուածներ, եւ իմ կալի պտուղը, ինչ որ լսել եմ Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածանից, այն իմացրել եմ ձեզ։
- 11Եդովմի պատգամը։ Դէպի ինձ ձայն է գալիս Սէիրից. Պահապան, ի՞նչ կայ գիշերիցը. Պահապան, ի՞նչ կայ գիշերիցը։
- 12Պահապանն ասում է. Առաւօտը եկած էլ լինի, էլի գիշեր է. Եթէ հարցնում էք՝ հարցրէք, ետ դարձէք, եկէք։
- 13Արաբիայի պատգամը։ Արաբիայի անտառումը պիտի օթեւանէք, ով Դեդանեանց կարաւաններ։
- 14Ծարաւին դիմաւորելու գնացէք ջրով, ով Թեմայի երկրի բնակիչներ նորա հացովը փախստականի առաջը եկէք։
- 15Որովհետեւ նորանք փախչում են սուրերի երեսից, քաշած սուրի առաջից, եւ լարած աղեղի առաջից, եւ պատերազմի սաստկութեան առաջից։
- 16Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Դեռ մէկ տարի էլ կայ՝ վարձկանի տարի, որ պիտի վերջանայ Կեդարի բոլոր փառքը։
- 17Եւ Կեդարի որդկանց զօրաւոր աղեղնաւորաց մնացորդների թիւը քիչ է լինելու. Որովհետեւ Իսրայէլի Աստուած Եհովան է խօսել։
