ԵՍԱՅԻԱ22
  • 1Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա քեզ ի՞նչ եղաւ, որ ամենքդ վեր էք գնացել կտուրները.
  • 2Ով խռովութեամբ լցուած, աղմկալից քաղաք, զբօսասէր քաղաք. Քո սպանուածները սուրի սպանած չեն եւ ոչ պատերազմի մեռելներ։
  • 3Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապուեցան, բոլոր քեզ մօտ գտնուողները միասին կապուեցան, որ հեռու էին փախել։
  • 4Նորա համար ասում եմ. Ուշ դարձրէք ինձանից, դառնապէս լաց եմ լինելու. Մի բռնադատէք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ աւերակի համար։
  • 5Որովհետեւ խռովութեան, ոտնահարութեան եւ շփոթութեան օր է տեսիլքի ձորումը Զօրաց Եհովայ Տիրոջ համար. Պարիսպը քանդում են. Եւ դղրդոցը հասնում է սարը։
  • 7Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները։
  • 8Եւ նա կ’բանայ Յուդայի ծածկոցը, եւ դու կ’նայես այն օր անտառի տան զէնքերին.
  • 9Եւ կ’տեսնէք Դաւիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կ’լինեն, եւ կ’ժողովէք ցածի աւազանի ջրերը։
  • 10Եւ կ’համարէք Երուսաղէմի տները, եւ տները կ’քանդէք պարիսպը պնդացնելու համար.
  • 11Եւ մի ջրակոյտ կ’շինէք երկու պարսպի մէջտեղը հին աւազանի ջրերի համար. Բայց չէք նայում այս բանն անողին, եւ այս բանը վաղուց շինողին չէք տեսնում։
  • 12Եւ Զօրաց Եհովայ Տէրը կանչեց այն օրը՝ լաց լինելու եւ սգալու համար, գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու համար։
  • 13Եւ ահա ցնծութիւն եւ ուրախութիւն, արջառներ սպանե՜լ եւ ոչխարներ մորթե՜լ, միս ուտե՜լ եւ գինի խմե՜լ, ասելով. ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց մեռնելու ենք։
  • 14Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չ’քաւուի ձեր այս տնօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
  • 15Այսպէս է ասում Զօրաց Եհովայ Տէրը. Գնա մտիր այդ պալատական Սեբնայի մօտ, որ պալատի վերակացու է, եւ ասիր.
  • 16Ի՞նչ ունիս այստեղ, եւ ո՞վ ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար գերեզման ես փորել. Փորե՜լ է բարձրումն իր գերեզմանը, քանդե՜լ է վէմի մէջ իրան համար բնակարանը։
  • 17Ահա Տէրը քեզ թաւալեցնելու է՝ ուժով մարդի թաւալեցնելու պէս, եւ քեզ բոլորովին ծածկելու է։
  • 18Քեզ կծիկի պէս կծկելու կծիկ է շինելու՝ գնտակի պէս շպրտելու է լայնարձակ երկրի վերայ. Դու այնտեղ պիտի մեռնես, եւ այնտեղ լինելու են քո փառաց կառքերը, դու, ով քո տիրոջ տան անարգանքը։
  • 19Եւ ես քեզ մերժեցի քո պաշտօնիցը. Եւ նա պիտի քեզ խորտակէ քո կանգնած տեղիցը։
  • 20Եւ այն օրը կ’լինի, որ կ’կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։
  • 21Եւ նորան կ’հագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կ’կապեմ, եւ քո իշխանութիւնը կ’տամ նորա ձեռքը եւ նա հայր կ’դառնայ Երուսաղէմի բնակիչների եւ Յուդայի տան համար։
  • 22Եւ Դաւիթի տան բանալին կ’դնեմ նորա ուսին, որ նա բանայ, եւ ոչ ով չ’գոցէ. Եւ գոցէ, ու ոչ ով չ’բանայ։
  • 23Եւ նորան կ’պնդացնեմ բեւեռի պէս մի հաստատ տեղ, եւ նա փառաց աթոռի պէս կ’լինի իր հօր տան համար։
  • 24Եւ նորանից կ’կախուին իր հօր տան բոլոր փառաւոր բաները, ոստերը եւ շառաւիղները, բոլոր նուաստ անօթները՝ սկաւառակների տեսակ անօթներից սկսած մինչեւ ամեն տեսակ սափորները։
  • 25Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, պիտի շարժուի այն հաստատ տեղում պնդացրուած բեւեռը, եւ կոտրուի ու վայր ընկնի, եւ այն բեռը պիտի կոտրատուի որ նորա վերայ էր. Որովհետեւ Տէրն է խօսել։
← Ցանկ