ԵՍԱՅԻԱ24
  • 1Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին։
  • 2Եւ կ’լինի, ինչպէս որ ժողովրդին նոյնպէս էլ քահանային, ինչպէս ծառային այնպէս էլ նորա տիրոջը, ինչպէս աղախնին այնպէս էլ նորա տիկնոջը, ինչպէս ծախու առնողին այնպէս էլ ծախողին, ինչպէս փոխ տուողին այնպէս էլ փոխ առնողին. Ինչպէս պարտատիրոջն այնպէս էլ պարտականին։
  • 3Երկիրը դարտակուելու դատարկ է լինելու, եւ կողոպտուելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ Տէրն է խօսել այս խօսքը։
  • 4Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները։
  • 5Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։
  • 6Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։
  • 7Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները։
  • 8Դադարել է թմբուկների զուարճութիւնը. Կտրել է ուրախացողների աղաղակը. Դադարել է քնարի զուարճութիւնը։
  • 9Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար։
  • 10Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չ’կայ։
  • 11Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։
  • 12Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել է աւերակ է դառել։
  • 14Եւ նորանք կ’բարձրացնեն իրանց ձայնը, կ’ցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կ’աղաղակեն ծովի կողմիցը։
  • 15Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը։
  • 16Երկրի ծայրիցը երգեր լսեցինք, Փա՜ռք Արդարին։ բայց ես ասեցի. Մաշուած եմ, վա՜յ ինձ. Յափշտակողները յափշտակում են, յափշտակողները յափշտակելով յափշտակում են.
  • 17Վախ ու վիհ ու վարմ կայ քեզ համար, ով երկրի բնակիչ։
  • 18Եւ ով որ փախչելու լինի ձայնիցը՝ վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը՝ վարմի մէջ է բռնուելու. Որովհետեւ վերեւից բաց են պատուհանները, եւ երկրի հիմունքը պիտի սարսեն։
  • 19Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը.
  • 20Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։
  • 21Եւ այն օրը լինելու է, որ Տէրը կ’այցելէ բարձանց մէջ բարձանց զօրքերին, եւ երկրի վերայ երկրի թագաւորներին։
  • 22Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. Եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան։
  • 23Եւ պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր թագաւորէ Զօրաց Տէրը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմում, եւ պատիւ կ’լինի իր ծերերի առաջը։
← Ցանկ