ԵՍԱՅԻԱ24
  • 1Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին։
  • 3Երկիրը դարտակուելու դատարկ է լինելու, եւ կողոպտուելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ Տէրն է խօսել այս խօսքը։
  • 4Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները։
  • 5Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։
  • 6Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։
  • 7Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները։
  • 8Դադարել է թմբուկների զուարճութիւնը. Կտրել է ուրախացողների աղաղակը. Դադարել է քնարի զուարճութիւնը։
  • 9Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար։
  • 10Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չ’կայ։
  • 11Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։
  • 12Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել է աւերակ է դառել։
  • 13Որովհետեւ այսպէս պիտի լինի երկրի մէջ՝ ժողովուրդների միջումը, այսինքն ինչպէս թափած ձիթենի, ինչպէս ճռաքաղ այգեկութը վերջանալուց յետոյ։
  • 14Եւ նորանք կ’բարձրացնեն իրանց ձայնը, կ’ցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կ’աղաղակեն ծովի կողմիցը։
  • 15Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը։
  • 16Երկրի ծայրիցը երգեր լսեցինք, Փա՜ռք Արդարին։ բայց ես ասեցի. Մաշուած եմ, վա՜յ ինձ. Յափշտակողները յափշտակում են, յափշտակողները յափշտակելով յափշտակում են.
  • 17Վախ ու վիհ ու վարմ կայ քեզ համար, ով երկրի բնակիչ։
  • 18Եւ ով որ փախչելու լինի ձայնիցը՝ վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը՝ վարմի մէջ է բռնուելու. Որովհետեւ վերեւից բաց են պատուհանները, եւ երկրի հիմունքը պիտի սարսեն։
  • 19Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը.
  • 20Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։
  • 21Եւ այն օրը լինելու է, որ Տէրը կ’այցելէ բարձանց մէջ բարձանց զօրքերին, եւ երկրի վերայ երկրի թագաւորներին։
  • 22Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. Եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան։
  • 23Եւ պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր թագաւորէ Զօրաց Տէրը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմում, եւ պատիւ կ’լինի իր ծերերի առաջը։
← Ցանկ