ԵՍԱՅԻԱ27
- 1Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին։
- 2Այն օրը գինիի այգի կ’լինի. Նորա համար երգեցէք։
- 3Ես Տէրս եմ նորա պահապանը, ամեն վայրկեան ոռոգում եմ նորան. Որպէս զի նորան ոչ ով չ’վնասէ, գիշեր եւ ցերեկ ես նորան պահպանում եմ։
- 4Ես բարկութիւն չ’ունիմ. Երանի թէ ցախեր՝ փուշեր լինէին, պատերազմով նորանց վերայ կ’յարձակուէի. Ամենը միասին կ’այրէի։
- 5Կամ թէ իմ զօրութիւնիցը բռնեն, ինձ հետ խաղաղութիւն անեն. Խաղաղութիւն անեն ինձ հետ։
- 6Ապագայում Յակոբը պիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով։
- 7Մի՞թէ նորա զարկողի զարկածին պէս է զարկել նորան, կամ նա նորա սպանուելու սպանման նման սպանուեցա՞ւ։
- 8Չափաւորութեամբ վիճեցիր նորա հետ նորան արձակելիս, նորան դուրս արաւ սաստիկ քամիով արեւելեան քամիի օրը։
- 9Ուրեմն սորանով կ’քաւուի Յակոբի անօրէնութիւնը, եւ սա է նորա մեղքի հեռացնելու բոլոր պտուղը. Երբոր սեղանի քարերը փշրուած կրաքարերի պէս կ’անէ, վեր չեն կենալ աստարովթներ եւ արեգական կուռքերը։
- 10Որովհետեւ պարսպաւոր քաղաքը միայնացած՝ ձգուած եւ թողուած բնակարան պիտի լինի անապատի պէս. այնտեղ զուարակն է արածելու, եւ այնտեղ մակաղելու, եւ նորա ճիւղերը վերջացնելու է։
- 11Նորա ճիւղերը չորանալով պիտի կոտրատուին, կնիկները պիտի գան, վառեն նորան, որովհետեւ նա իմաստուն ժողովուրդ չէ, վասն որոյ նորան չէ ողորմելու նորա Արարիչը, եւ նորա ստեղծողը նորան չէ գթալու։
- 12Եւ այն օրը կ’լինի, որ Տէրը կ’թօթափէ Գետի յորձանքիցը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը, եւ դուք կ’հաւաքուիք մէկ մէկ, ով Իսրայէլի որդիք։
- 13Եւ այն օրը փչուելու է մեծ փողովը, եւ գալու են Ասորեստանի երկրում կորածները, եւ Եգիպտոսի երկրի մէջ աքսորուածները, եւ երկրպագելու են Տիրոջը՝ սուրբ սարի վերայ Երուսաղէմումը։
