ԵՍԱՅԻԱ29
  • 1Վայ Արիէլին, Արիէլին, Դաւիթի բանակ տուած քաղաքին, աւելացրէք տարին տարուայ վերայ, տօները թող պտոյտ տան.
  • 2Եւ ես պիտի նեղացնեմ Արիէլին, եւ պիտի լինի հառաչել եւ հառաչանք, եւ նա կ’լինի ինձ համար Արիէլի պէս։
  • 3Եւ բանակ պիտի տամ շրջանի պէս քեզ վերայ, եւ քեզ պիտի նեղեմ պատնէշներով, եւ քեզ դէմ պիտի հողաբլուրներ կանգնեցնեմ։
  • 4Եւ պիտի ցածանաս՝ հողիցը խօսես, եւ պիտի փոշիիցը մնչես քո խօսքերը, եւ վհուկի պէս՝ տափիցն է դուրս գալու քո ձայնը, եւ փոշիիցը պիտի ճվճվաս քո խօսքերը։
  • 5Եւ մանր փոշիի պէս պիտի լինի քո օտարականների բազմութիւնը, եւ անցնող մղեղի պէս՝ բռնաւորների բազմութիւնը. Եւ յանկարծակի մէկ վայրկեանի մէջ կ’լինի։
  • 7Եւ գիշերուայ տեսիլքի երազին պէս են լինելու Արիէլի վերայ պատերազմի եկող բոլոր ազգերի բազմութիւնը, եւ բոլոր նորա եւ նորա բերդի վերայ յարձակողները եւ նորա նեղիչները։
  • 8Եւ կ’լինի, ինչպէս որ սովածը երազ է տեսնում, թէ ուտում է, եւ վեր է կենում տեսնում, որ փորը դարտակ է, եւ ինչպէս որ ծարաւն է երազ տեսնում, թէ խմում է, եւ զարթնում է տեսնում, թէ նուաղած է եւ սիրտը պապակվում է, այսպէս է լինելու բոլոր ազգերի բազմութիւնը, որ պատերազմի են դուրս գալիս Սիօն սարի դէմ։
  • 9Ապշեցէք եւ զարմացէք, շլացրէք ձեզ եւ շլացէք. նորանք արբած են, բայց չէ թէ գինիով, նորանք դանդաչում են, բայց չէ թէ ցքիից։
  • 10Որովհետեւ Տէրը ձեզ վերայ թմրութեան հոգի է թափել, եւ կապել է ձեր աչքերը, մարգարէներին, եւ ձեր գլխաւորներին, որ տեսիլք էին տեսնում, քօղարկել է։
  • 11Եւ ամեն մի բանի տեսիլքը պիտի լինի ձեզ համար կնքուած գրքի խօսքերին պէս, որ կ’տան գրագէտին եւ կ’ասեն. Մէկ կարդա այս. Եւ նա կ’ասէ. Չեմ կարող որովհետեւ կնքուած է։
  • 12Եւ կամ կ’տան այն գիրքը մէկ անգրագէտի ասելով. Մէկ կարդա այս. Եւ նա կ’ասէ. Ես կարդալ չ’գիտեմ։
  • 13Եւ Տէրն ասում է. Որովհետեւ այս ժողովուրդը իր բերանովն է մօտենում եւ իր շրթունքներովն են ինձ պատւում, իսկ նորանց սիրտը հեռու է ինձանից, եւ նորանց ինձ պատուելը մարդկանց սովորեցրած պատուէր է.
  • 14Դորա համար ահա ես այսուհետեւ զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք եւ զարմանք. Եւ պիտի փչանայ նորանց իմաստունների իմաստութիւնը, եւ հանճարեղների հանճարը պիտի խափանուի։
  • 15Վա՜յ նորանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տէրիցը, եւ խաւարում է լինում նորանց գործքը, եւ ասում են. Ո՞վ է մեզ տեսնում, եւ ո՞վ է մեզ իմանում։
  • 16Ո՜հ ձեր խոտորնակութեանը. Մի՞թէ կաւի պէս կ’համարուի բրուտը, որ շէնքը ասէ իր շինողին՝ Նա ինձ չէ շինել. Եւ արարածն ասէ իր արարչին թէ Նա չէ հասկանում։
  • 17Ահա մի փոքր քիչ ժամանակից յետոյ Լիբանանը կ’դառնայ պտղաբեր արտ, եւ պտղաբեր արտը անտառ պիտի համարուի։
  • 18Եւ այն օրը կ’լսեն գրքի խօսքերը, եւ մէգիցն ու խաւարիցը կ’տեսնեն կոյրերի աչքերը։
  • 19Եւ խեղճերը ուրախութիւն պիտի աւելացնեն Տէրով, եւ չքաւոր մարդիկը պիտի զուարճանան Իսրայէլի Սուրբովը։
  • 20Որովհետեւ բռնաւորը պիտի չքանայ, եւ ծաղրողը՝ վերջանայ, եւ պիտի փչանան բոլոր չարութիւն խորհողները.
  • 21Նորանք որ մարդիս դատի մէջ յանցաւոր են շինում, եւ դատարանում յանդիմանողին որոգայթ են դնում, եւ դարտակ բանով վայր են գցում արդարին։
  • 22Սորա համար Տէրը, նա որ փրկեց Աբրահամին, այսպէս է ասում Յակոբի տան մասին. Այլ եւս պիտի չ’ամաչէ Յակոբը, եւ նորա երեսը պիտի չ’սպրտնի։
  • 23Որովհետեւ նա՝ նորա որդիքը իմ ձեռքի գործը իրանց մէջ տեսնելիս փառաւորելու են իմ անունը, եւ փառաւորելու են Յակոբի Սուրբին, եւ Իսրայէլի Աստուածանից սարսելու են։
  • 24Եւ հոգով մոլորուածներն իմաստութիւն են հասկանալու, եւ տրտնջողները խրատ են սովորելու։
← Ցանկ