ԵՍԱՅԻԱ30
  • 1Վա՜յ ապստամբ որդկանցը, ասում է Տէրը, որ խորհուրդ են անում, բայց չէ թէ ինձանից, որ դաշինք են կապում, բայց չէ թէ իմ հոգովը, որպէս զի շատացնեն մեղք մեղքի վերայ։
  • 2Որ գնում են իջնում Եգիպտոս, եւ իմ բերանը չեն հարցնում. Որ պատսպարուին Փարաւօնի պատսպարանումը եւ որ ապաւինեն Եգիպտոսի հովանիին։
  • 3Բայց Փարաւօնի պատսպարանը ձեզ համար ամօթ պիտի լինի, եւ Եգիպտոսի հովանիին ապաւինելը՝ նախատինք։
  • 4Որովհետեւ նորա իշխանները Տայանիս են եղել, եւ նորա թագաւորները հասել են Հանէս։
  • 5Ամենքը պիտի ամաչեն այն ազգի մասին, որ իրանց օգուտ չ’ունի, ոչ օգնութիւն եւ ոչ օգուտ ունի, այլ ամօթի եւ խայտառակութեան համար է։
  • 7Եւ ունայն ու դարտակ է Եգիպտոսի օգնութիւնը, նորա համար կանչեցի նորան՝ Կոկոզաբան դատարկապորտներ են նորանք։
  • 8Արդ գնա գրիր այս նորանց հետ տախտակի վերայ եւ գրքին վերայ նշանակիր, եւ դա մնայ յետի օրուայ համար վկայութիւն մինչեւ յաւիտեան։
  • 9Որովհետեւ դա մի ապստամբ ժողովուրդ է՝ ստախօս որդիք, որդիք որ չեն ուզում լսել Տիրոջ օրէնքը։
  • 10Որ ասում են տեսանողներին. Մի տեսնէք. Եւ մարգարէներին թէ Մեզ համար ուղիղ բաներ մի մարգարէանաք. մեզ կակուղ բաներ ասեցէք, խաբէութիւններ մարգարէացէք։
  • 11Հեռացէք ճանապարհիցը, ծռեցէք ուղիիցը, վերցրէք մեր առաջից Իսրայէլի Սուրբին։
  • 12Սորա համար այսպէս է ասում Իսրայէլի Սուրբը. Որովհետեւ ձեր զզուանքը գալիս է այս խօսքից, եւ ապաւինել էք բռնութեան եւ ծռութեան, եւ նորանց վերայ կռնել էք.
  • 13Նորա համար այս անօրէնութիւնը ձեզ համար կ’լինի բարձր պարսպի վերայ ուռած վայր ընկնող փլուածքի պէս, որի կործանումը յանկարծակի անկարծ կ’գայ։
  • 14Եւ նորան փշրելու է բրուտի աման փշրելու պէս՝ փշրելու է եւ չէ խնայելու, եւ նորա կտորտանքներիցը մի խեցիի կտոր չէ գտնուելու կրակարանիցը կրակ վեր առնելու եւ փոսիցը ջուր հանելու համար։
  • 15Որովհետեւ այսպէս է ասում Եհովայ Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. դառնալով եւ հանդարտ կենալով կ’փրկուիք, հանդարտութեամբ եւ ապաւինութեամբ կ’լինի ձեր զօրութիւնը. բայց դուք չէք ուզում։
  • 16Եւ ասում էք. Ոչ, այլ ձիով փախչենք. Դորա համար փախչելու էք. Եւ արագընթացների վերայ հեծնենք, դորա համար արագընթաց են լինելու ձեզ հալածողները։
  • 17Ձեր մէկ հազարը մէկի սպառնալիքի առաջին՝ հինգի սպառնալիքի առաջին դուք պիտի փախչէք, մինչեւ որ մնաք մի ձողի պէս սարի գլխին, եւ մի դրօշակի պէս՝ բլուրի ծայրին։
  • 18Եւ դորա համար Տէրը սպասելու է, որ ձեզ ողորմէ, եւ դորա համար բարձրանալու է որ ձեզ գթայ. Որովհետեւ Տէրը իրաւունքի Աստուած է. երանի՜ այն ամենին որ սպասում են նորան։
  • 19Որովհետեւ մի ժողովուրդ պիտի բնակուէ Սիօնի վերայ Երուսաղէմումը, դու էլ լաց չես լինելու. Նա քեզ պիտի ողորմէ աղաղակիդ ձայնովը. Հէնց որ նա լսեց՝ քեզ պատասխան է տալու։
  • 20Եւ Տէրը ձեզ տալու է նեղութեան հաց եւ տառապանքի ջուր, բայց քո ուսուցիչները այլ եւս ետ չեն քաշուելու, եւ քո աչքերը շարունակ տեսնելու են քո ուսուցիչներին։
  • 21Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք։
  • 22Այն ժամանակ դուք պիղծ կ’համարէք՝ դու քո արծաթի կուռքերի ծածկոցները, եւ դու քո ոսկիի կռածոյների ձուլուածքը. Դու ցիրուցան կ’անես դաշտանի շորի պէս, դու նորանց ասելու ես՝ Դո՜ւրս։
  • 23Եւ նա անձրեւ կ’տայ արտումը սերմած սերմիդ, եւ երկրի արդիւնքիցը՝ հաց. Եւ առատ ու պարարտ կ’լինի. Այն օրը քո խաշինքը ընդարձակ արօտում կ’արածեն։
  • 24Եւ այն եզերն ու էշերը, որ երկիրը կ’գործեն, պիտի աղուած կերակուր ուտեն, թիով եւ հոսելիով մաքրուած։
  • 25Եւ ամեն բարձր սարի վերայ եւ ամեն բարձրացած բլուրի վերայ վտակներ՝ ջրերի առուներ են լինելու մեծ կոտորածի օրը՝ աշտարակները ընկնելիս։
  • 26Եւ լուսնի լոյսը արեգակի լոյսին պէս կ’լինի եւ արեգակի լոյսը եօթնապատիկ կ’լինի՝ եօթը օրուայ լոյսին չափ, այն օրը որը Եհովան կ’կապէ իր ժողովրդի կոտրածը եւ նորա հարուածի խոցը կ’բժշկէ։
  • 27Ահա Տիրոջ անունը հեռուից է գալիս, նորա բարկութիւնը բորբոքուած է եւ բոցը՝ սաստիկ. Ու շրթունքները լիքն են բարկութիւնով, եւ լեզուն մաշող կրակի պէս է։
  • 28Եւ նորա հոգին յորդահոս գետի պէս մինչեւ պարանոցն է հասնում, որ շարժէ ազգերին փուչ շարժումով, եւ մոլորութեան սանձ դնէ ազգերի կզակին։
  • 29Դուք երգ կ’ունենաք սուրբ տօնի գիշերուայ նման, եւ սրտի ուրախութիւն՝ սրինգով գնացողի պէս, որ գնում է Տիրոջ սարը Իսրայէլի վէմի մօտ։
  • 30Եւ Տէրը լսել է տալու իր ձայնի փառքը, եւ իր բազուկի իջնելը ցոյց է տալու սաստիկ բարկութիւնով եւ լափող կրակի բոցով, հեղեղով, փոթորկով եւ կարկտի քարերով։
  • 31Որովհետեւ Տիրոջ ձայնիցը զարհուրելու է Ասորեստանցին, որ զարկում էր գաւազանով։
  • 32Եւ որոշուած գաւազանի ամեն հարուածը, որ Տէրը իջեցնելու է նորա վերայ, լինելու է թմբուկներով եւ քնարներով. Եւ պատերազմելու է նորա հետ պատերազմներով շարժելով իր ձեռքը։
  • 33Որովհետեւ վաղուց պատրաստ է Տօփեթը, նաեւ պատրաստ է թագաւորին համար. Նա խորացրել լայնացրել է. Նորա խարոյկը շատ կրակ եւ փայտ ունի. Տիրոջ շունչը ծծումբի հեղեղի պէս վառելու է նորան։
← Ցանկ