ԵՍԱՅԻԱ33
- 1Վա՜յ քեզ, ով կործանող, որ չ’կործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չ’յափշտակեցին. երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, երբոր դադարես յափշտակելուց, քեզ պիտի յափշտակեն։
- 2Ով Տէր, մեզ ողորմիր, քեզ ենք յուսացել. Նորանց բազուկը եղիր ամեն առաւօտ, նաեւ մեր փրկութիւնը՝ նեղութեան ժամանակին։
- 3Աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները, քո բարձրանալուցը ցրվում են ազգերը։
- 4Եւ ձեր աւարը պիտի ժողովուի ինչպէս թրթուրն է ժողովում, եւ մարախի ոստնելու պէս ոստոստելու են նորա վերայ։
- 5Տէրը բարձրացած է, որովհետեւ բարձրումն է բնակվում նա. Լցրել է Սիօնը իրաւունքով ու արդարութիւնով։
- 6Եւ քո ժամանակների հաստատութիւնը կ’լինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կ’լինի նորա գանձը։
- 7Ահա նորանց քաջազունները աղաղակում են դրսումը, խաղաղութեան դեսպանները լաց են լինում դառնապէս։
- 8Ամայացել են ճանապարհները. Դադարել է ճանապարհորդը. ուխտը քանդել է. Քաղաքները անարգել. Մարդիս բանի տեղ չէ համարում։
- 9Տրտմած տխրած է երկիրը, ամաչած է Լիբանանը՝ թոռոմած, Սարօնը անապատի պէս է եղել, եւ Բասանն ու Կարմեղոսը տերեւաթափ են լինում։
- 10Հիմա վեր եմ կենալու, ասում է Տէրը, հիմա բարձրանալու եմ. Հիմա վեր եմ բարձրանալու։
- 11Յարդով էք յղացել, մղեղ էք ծնելու. Ձեր շունչը կրակ է դառնալու որ ձեզ ուտէ։
- 12Եւ ժողովուրդները կիր այրուելու պէս պիտի դառնան, նորանք կտրուած փուշերի պէս կրակով պիտի այրուին։
- 13Ով հեռաւորներ, լսեցէք ինչ որ արել եմ. Իմացէք, ով մօտաւորներ, իմ զօրութիւնը։
- 14Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում։
- 15Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնահեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը։
- 16Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. Նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են։
- 17Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը։
- 18Քո սիրտը վախերի վերայ է մտածելու թէ Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է կշռողը, ո՞ւր է աշտարակներ համարողը։
- 19Այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին որ անծանօթ եւ անհասկանալի շրթունք ունէր, որ թոթովախօս ու անիմանալի լեզու ունէր։
- 20Նայիր Սիօնին, մեր տօնախմբութեան քաղաքին. Քո աչքերը կ’տեսնեն Երուսաղէմը, իբրեւ ապահով բնակարան՝ անսասան վրան, որի ցիցերը յաւիտեան չեն շարժուիլ, եւ որի ամեն չուանները չեն կտրուիլ։
- 21Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար լայնատարած գետերի՝ վտակների տեղը, ուր որ չի գնալ թիաքարշ նաւը, եւ այնտեղով մեծ նաւ չի անց կենալ։
- 22Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։
- 23Քո չուանները թուլացել են, իրանց կայմի խարիսխը պինդ չ’բռնեցին, առագաստ չ’բացին, այն ժամանակ մեծ աւար բաժանուեցաւ, մինչեւ անգամ կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին։
- 24Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է։
