ԵՍԱՅԻԱ34
- 1Մօտեցէք, ով ազգեր, որ լսէք, եւ ով ժողովուրդներ, որ ուշ դնէք. Լսիր, ով երկիր եւ նորա լրութիւնը, ով աշխարհք եւ նորա վերայ բոլոր ծնուողները։
- 2Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ։ Նա նորանց նզովել է՝ սպանման է մատնել։
- 3Եւ նորանց սպանուածները դէն են գցվում, եւ նորանց դիակներիցը գարշահոտութիւն է բարձրանում, եւ սարերը հալվում են նորանց արիւնիցը։
- 4Եւ հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում։
- 5Որովհետեւ իմ սուրն արբել է երկնքումը. Ահա նա իջնում է Եդովմի վերայ, եւ իմ նզոված ժողովրդի վերայ դատաստանի համար։
- 6Տիրոջ սուրը լիքն է արիւնով, իւղոտուած է ճարպով, գառների ու նոխազների արիւնովը, խոյերի երիկամունքների ճարպովը. Որովհետեւ Տիրոջ համար զոհ կայ Բօսրայումը, եւ մեծ մորթուածք՝ Եդովմի երկրումը։
- 7Եւ նորանց հետ պիտի իջնեն գոմէշները, եւ զուարակները ցուլերի հետ. Եւ նորանց երկիրը պիտի արբենայ արիւնով, եւ նորանց հողը ճարպով պարարտանայ։
- 8Որովհետեւ վրէժխնդրութեան օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիօնի վէճի համար։
- 9Եւ նորա գետերը պիտի ձիւթի փոխուին, եւ նորա հողը՝ ծծումբի, եւ նորա երկիրը վառուած ձիւթ պիտի լինի։
- 10Գիշեր ու ցերեկ պիտի չ’հանգչի, յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չ’լինի։
- 11Եւ նորան պիտի հաւալուսներն ու ոզնիները ժառանգեն, եւ քաջահաւն ու ագռաւը պիտի բնակուեն նորանում, եւ նորա վերայ պիտի քաշուի դատարկութեան լարը, եւ ունայնութեան քարերը։
- 12Նորա ազնուականներին թագաւորութեան պիտի կանչեն, բայց այնտեղ մէկն էլ պիտի չ’գտնուի. Եւ նորա բոլոր իշխանները պիտի ոչնչանան։
- 13Եւ նորա պալատների վերայ պիտի բուսնեն փուշեր, եւ եղինճ ու ցախ՝ նորա պարիսպների վերայ. Եւ պիտի լինի չագալների բնակարան եւ ջայլամների գաւիթ։
- 14Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն։
- 15Այնտեղ բոյն պիտի շինէ նետ օձը, եւ ձու ածէ, եւ ճուտեր հանէ, եւ իր հովանումը պիտի խնամէ. Նաեւ այնտեղ պիտի հաւաքուեն ուրուրները ամեն մէկն իր ընկերի հետ։
- 16Որոնեցէք Տիրոջ գրքումը եւ կարդացէք, սորանցից մէկ հատը չի պակասուիլ, մէկի մօտ իր ընկերը պակաս չի լինիլ, որովհետեւ նորա բերանն է հրամայել. Եւ նորա հոգին ինքն է ժողովելու նորանց։
- 17Եւ նա ինքը նորանց վերայ վիճակ է գցել. Եւ նորա ձեռքը նորանց բաժանել է լարով. Յաւիտեան պիտի ժառանգեն նորան. Դարէ ցդար պիտի բնակուեն նորանում։
