ԵՍԱՅԻԱ37
  • 1Եւ եղաւ երբոր Եզեկիա թագաւորը լսեց, պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ ու գնաց Տիրոջ տունը։
  • 2Եւ պալատի վերակացու Եղիակիմին եւ ատենադպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարէի մօտ։
  • 3Եւ նորանք ասեցին նորան. Այսպէս է ասում Եզեկիան. Նեղութեան եւ կշտամբանքի ու նախատինքի օր է, որովհետեւ երեխաները հասել են ծննդեան կէտին, բայց ոյժ չ’կայ ծնելու։
  • 4Թերեւս լսէ քո Աստուածը Ռաբսակի խօսքերը, որին իր տէրը՝ Ասորեստանի թագաւորն ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու եւ այնպիսի խօսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տէր Աստուածը. Ուրեմն աղօթք արա գտնուող մնացորդի համար։
  • 5Եւ Եզեկիա թագաւորի ծառաները եկան Եսայիայի մօտ։
  • 6Եւ Եսայիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք ձեր Տիրոջը, Տէրը այսպէս է ասում. Մի վախենար այն խօսքերից, որ լսեցիր, որով հայհոյեցին ինձ Ասորեստանի թագաւորի ծառաները։
  • 7Ահա ես նորա վերայ մի ոգի կ’ուղարկեմ, եւ նա մի լուր կ’լսէ եւ ետ կ’դառնայ իր երկիրը, եւ ես սրով կ’կործանեմ նորան իր երկրումը։
  • 8Եւ Ռաբսակը ետ դառաւ եւ գտաւ Ասորեստանի թագաւորին Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետեւ լսել էր թէ չուել էր Լաքիսից։
  • 9Եւ նա լսել էր Եթովպացիների թագաւոր Թարակայի մասին ասելով. Ահա գալիս է քեզ հետ պատերազմելու. Եւ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով.
  • 10Այսպէս ասեցէք Եզեկիային՝ Յուդայի թագաւորին՝ ասելով թէ Թող քո Աստուածը քեզ չ’խաբէ, որին դու ապաւինել ես ասելով. Երուսաղէմը պիտի չ’տրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
  • 11Ահա դու լսեցիր թէ ինչ են արել Ասորեստանի թագաւորները բոլոր երկիրներին՝ նորանց բնաջինջ անելով. Եւ դո՞ւ կ’ազատուիս։
  • 12Մի՞թէ ազգերի աստուածները ազատեցին նորանց, որոնց փչացրին իմ հայրերը՝ Գովզանը, Խառանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։
  • 13Ո՞ւր է Եմաթի թագաւորը, Արփադի թագաւորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի եւ Աւայի թագաւորը։
  • 14Եւ Եզեկիան առաւ նամականիքը դեսպանների ձեռքից եւ կարդաց նորան, եւ վեր գնաց Տիրոջ տունը եւ Եզեկիան տարածեց նորան Տիրոջ առաջին։
  • 15Եւ Եզեկիան աղաչեց Տիրոջն ասելով.
  • 16Ով Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածը, որ նստած ես քերովբէների վերայ, դու ես միայն Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնների համար, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։
  • 17Խոնարհեցրու, Տէր, քո ականջը եւ լսիր. Բաց, ով Տէր, քո աչքերը եւ տես. Եւ լսիր Սենեքերիմի բոլոր խօսքերը, որ ուղարկեց կենդանի Աստուծուն նախատելու։
  • 18Արդարեւ, ով Տէր, Ասորեստանի թագաւորները աւերել են բոլոր ազգերը եւ նորանց երկիրը.
  • 19Եւ նորանք այրել են նորանց աստուածները կրակով, որովհետեւ նորանք աստուածներ չէին, այլ մարդի ձեռքի գործ՝ փայտ ու քար. Ուրեմն նորանց փչացրին էլ։
  • 20Բայց արդ, ով Տէր մեր Աստուած, մեզ ազատիր նորա ձեռքիցը, որ երկրի ամեն թագաւորութիւններն իմանան, որ միայն դու կաս Եհովայ։
  • 21Եւ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մօտ ասելով. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Որ աղաչեցիր ինձ Ասորեստանի թագաւորի մասին,
  • 22Սա է այն խօսքը որ Տէրն ասում է նորա մասին. Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիօնի կոյս աղջիկը. Քո ետեւից գլուխը շարժեց Երուսաղէմի աղջիկը։
  • 23Ո՞ւմ նախատեցիր եւ հայհոյեցիր, Եւ ո՞ւմ վերայ ձայն բարձրացրիր. Եւ աչքերդ վեր հանեցիր Իսրայէլի Սուրբի՜ վերայ։
  • 25Ես փորեցի եւ ջուր խմեցի, Եւ իմ ոտների թաթերովը կ’չորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը։
  • 26Մի՞թէ չես լսել որ ես եմ վաղուց արել այդ, Եւ հին օրերից դորան ձեւակերպել. Հիմա բերի այդ, Որ աւերակների հողակոյտների դարձնես պարսպաւոր քաղաքները։
  • 27Եւ նորանց բնակիչները՝ ձեռքը կարճացած, Զարհուրեցին եւ ամաչեցին Եւ եղան դաշտի խոտ Եւ կանաչ բանջար Եւ կտուրի խոտ, Եւ մի արտ՝ հասկը քշելուց առաջ։
  • 28Բայց ես գիտեմ քո բնակութիւնը, քո ելքն ու քո մուտքը, Եւ քո բարկութիւնը ինձ դէմ։
  • 29Քո ինձ դէմ ունեցած բարկութեան համար, Եւ որովհետեւ քո ամբարտաւանութիւնը հասել է իմ ականջներին, Ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին, եւ իմ սանձը քո բերնին, Եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը։
  • 30Եւ ահա սա քեզ նշան. կերէք այս տարի թափուածից բուսածը, Եւ երկրորդ տարին ինքնիրանից բուսածը, իսկ երրորդ տարին սերմեցէք ու հնձեցէք, Եւ այգիներ տնկեցէք ու նորանց պտուղը կերէք։
  • 31Եւ Յուդայի տան ազատուած մնացորդը Կրկին արմատ կ’արձակէ դէպի ցած Եւ պտուղ կ’տայ վերեւումը։
  • 32Որովհետեւ Երուսաղէմից դուրս կ’գայ մնացորդ, Եւ փրկուածներ՝ Սիօն սարիցը. Սա Զօրաց Տիրոջ նախանձն է անելու։
  • 33Սորա համար այսպէս է ասում Տէրը Ասորեստանի թագաւորի մասին. նա այս քաղաքը չի մտնիլ, Եւ մի նետ չի գցիլ այստեղ, Եւ նորա առաջը չի գալ վահանով, Եւ նորա դէմ պատնէշ պիտի չ’կանգնեցնէ։
  • 34Իր եկած ճանապարհովը ետ պիտի դառնայ, Եւ այս քաղաքը չի մտնիլ, Ասում է Տէրը։
  • 35Եւ ես պիտի պաշտպանեմ այդ քաղաքը, Որ ազատեմ դորան, Ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։
  • 36Եւ Տիրոջ հրեշտակը դուրս եկաւ եւ զարկեց Ասորեստանցիների բանակում հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։
  • 37Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ եւ նստեց Նինուէում։
  • 38Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն Նեսրոքի տանը, նորա որդիքը՝ Ադրամելէքը եւ Սարասարը սպանեցին նորան սրով եւ իրանք փախան Արարատի երկիրը։ Եւ նորա որդի Ասարդանը թագաւոր եղաւ նորա տեղ։
← Ցանկ