ԵՍԱՅԻԱ38
- 1Այն օրերը հիւանդացաւ Եզեկիան մերձ ի մահ, եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակդ արա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չ’ապրես։
- 2Եւ Եզեկիան իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջը,
- 3Եւ ասեց. Աղաչեմ, Տէր, յիշիր որ քո առաջին հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լացաւ։
- 4Եւ Տիրոջ խօսքն եղաւ Եսայիային ասելով.
- 5Գնա եւ ասիր Եզեկիային թէ Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Քո աղօթքը լսեցի, քո արտասուքը տեսայ. Ահա ես պիտի աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի։
- 6Եւ քեզ պիտի ազատեմ Ասորեստանի թագաւորի ձեռքիցը, եւ այս քաղաքը պիտի պաշտպանեմ։
- 7Եւ սա քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է այս բանը, որ ասել է.
- 8Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստուերը, որ իջել է Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններովը, տասը աստիճան։ Եւ արեւը ետ դառաւ տասը աստիճան այն իջած աստիճաններովը։
- 9Յուդայի թագաւոր Եզեկիայի գրուածքը՝ երբոր հիւանդացաւ եւ հիւանդութիւնիցն առողջացաւ։
- 10Ես ասեցի. Իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, պիտի զրկուիմ իմ տարիների մնացորդիցը։
- 11Ասեցի. Տիրոջը չեմ տեսնելու՝ Տիրոջը՝ կենդանեաց երկրումը. Մարդի չեմ նայելու այլ եւս հանդերձեալի բնակիչների հետ միասին։
- 12Իմ շրջանը չուում է, եւ փոխադրվում է ինձանից հովիւի վրանի նման. Ես կտրեցի իմ կեանքը ոստայնանկի պէս. Նա ինձ կտրեց առէչիցը. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես։
- 13Սպասեցի մինչեւ առաւօտը, ինչպէս առիւծը՝ նա այնպէս կոտրատում է իմ բոլոր ոսկորները. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես։
- 14Կռունկի պէս՝ ծիծեռնակի պէս ճվճվում էի, մնչում էի աղաւնիի պէս, աչքերս նուաղում էին դէպի վեր. Ով Տէր, տագնապ ունիմ, օգնիր ինձ։
- 15Ի՞նչ ասեմ, որ նա ինձ ասեց եւ նա էլ արաւ. Կամաց պիտի գնամ իմ բոլոր տարիներումը իմ հոգիի ցաւի համար։
- 16Ով Տէր, նորանցով ապրում են նորանք. Եւ նորանց բոլորի մէջ է իմ հոգիի կեանքը. Եւ դու ինձ բժշկեցիր եւ ապրեցրիր։
- 17Ահա խաղաղութեան համար դառնութիւն եղաւ ինձ՝ դառնութիւն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր։
- 18Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ. Գուբն իջնողները չեն յուսալ քո ճշմարտութեանը։
- 19Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր. Հայրը որդկանցը պիտի իմացնէ քո ճշմարտութիւնը։
- 20Տէրը պատրաստ է ինձ օգնելու. Ուրեմն իմ երգերը լարաւոր նուագարաններով նուագենք, մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մէջ։
- 21Եւ Եսայիան ասել էր որ չոր թուզեր առնեն եւ սպեղանի շինեն վէրքի վերայ եւ կ’առողջանայ։
- 22Եւ Եզեկիան ասել էր. Ի՞նչ է այն նշանը թէ Տիրոջ տունն եմ վեր գնալու։
