ԵՍԱՅԻԱ38
  • 1Այն օրերը հիւանդացաւ Եզեկիան մերձ ի մահ, եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակդ արա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չ’ապրես։
  • 2Եւ Եզեկիան իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջը,
  • 3Եւ ասեց. Աղաչեմ, Տէր, յիշիր որ քո առաջին հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան մեծ լացով լացաւ։
  • 4Եւ Տիրոջ խօսքն եղաւ Եսայիային ասելով.
  • 6Եւ քեզ պիտի ազատեմ Ասորեստանի թագաւորի ձեռքիցը, եւ այս քաղաքը պիտի պաշտպանեմ։
  • 7Եւ սա քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է այս բանը, որ ասել է.
  • 8Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստուերը, որ իջել է Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններովը, տասը աստիճան։ Եւ արեւը ետ դառաւ տասը աստիճան այն իջած աստիճաններովը։
  • 9Յուդայի թագաւոր Եզեկիայի գրուածքը՝ երբոր հիւանդացաւ եւ հիւանդութիւնիցն առողջացաւ։
  • 10Ես ասեցի. Իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, պիտի զրկուիմ իմ տարիների մնացորդիցը։
  • 11Ասեցի. Տիրոջը չեմ տեսնելու՝ Տիրոջը՝ կենդանեաց երկրումը. Մարդի չեմ նայելու այլ եւս հանդերձեալի բնակիչների հետ միասին։
  • 12Իմ շրջանը չուում է, եւ փոխադրվում է ինձանից հովիւի վրանի նման. Ես կտրեցի իմ կեանքը ոստայնանկի պէս. Նա ինձ կտրեց առէչիցը. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես։
  • 13Սպասեցի մինչեւ առաւօտը, ինչպէս առիւծը՝ նա այնպէս կոտրատում է իմ բոլոր ոսկորները. Ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես։
  • 14Կռունկի պէս՝ ծիծեռնակի պէս ճվճվում էի, մնչում էի աղաւնիի պէս, աչքերս նուաղում էին դէպի վեր. Ով Տէր, տագնապ ունիմ, օգնիր ինձ։
  • 15Ի՞նչ ասեմ, որ նա ինձ ասեց եւ նա էլ արաւ. Կամաց պիտի գնամ իմ բոլոր տարիներումը իմ հոգիի ցաւի համար։
  • 16Ով Տէր, նորանցով ապրում են նորանք. Եւ նորանց բոլորի մէջ է իմ հոգիի կեանքը. Եւ դու ինձ բժշկեցիր եւ ապրեցրիր։
  • 17Ահա խաղաղութեան համար դառնութիւն եղաւ ինձ՝ դառնութիւն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր։
  • 18Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ. Գուբն իջնողները չեն յուսալ քո ճշմարտութեանը։
  • 19Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր. Հայրը որդկանցը պիտի իմացնէ քո ճշմարտութիւնը։
  • 20Տէրը պատրաստ է ինձ օգնելու. Ուրեմն իմ երգերը լարաւոր նուագարաններով նուագենք, մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մէջ։
  • 21Եւ Եսայիան ասել էր որ չոր թուզեր առնեն եւ սպեղանի շինեն վէրքի վերայ եւ կ’առողջանայ։
  • 22Եւ Եզեկիան ասել էր. Ի՞նչ է այն նշանը թէ Տիրոջ տունն եմ վեր գնալու։
← Ցանկ