ԵՍԱՅԻԱ40
  • 1Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը.
  • 2Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. Եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։
  • 3Անապատի մէջ կանչողի ձայնը, պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար։
  • 4Ամեն ձոր բարձրանայ, եւ ամեն սար ու բլուր ցածանայ, եւ ծուռը ուղիղ դառնայ, եւ խորտուբորտ տեղերը՝ հարթայատակ։
  • 6Մէկ ձայն ասում է. Կանչիր. Եւ նա ասեց. Ի՞նչ կանչեմ. Այս՝ թէ ամեն մարմին խոտ է, եւ նորա բոլոր վայելչութիւնը դաշտի ծաղկին պէս։
  • 7Խոտը չորանում է՝ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերայ. Իրաւ ժողովուրդը խոտ է։
  • 8Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան։
  • 9Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար, ասիր Յուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստուածը։
  • 10Ահա Եհովայ Տէրը զօրութեամբ կ’գայ, եւ նորա բազուկը կ’իշխէ նորա համար. Ահա իր վարձքն իր հետ է եւ իր հատուցումը՝ իր առաջին։
  • 11Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին։
  • 12Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. Եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։
  • 13Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, եւ իբրեւ նորա խորհրդական նորան հասկացրե՞ց։
  • 14Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նորան իմացնէր, եւ նորան սովորեցնէր իրաւունքի ճանապարհը, եւ նորան սովորեցնէր գիտութիւն, եւ իմաստութեան ճանապարհը նորան գիտեցնէր։
  • 15Ահա ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում, ահա կղզիները վեր խաղացող շամանդաղի պէս են։
  • 16Եւ Լիբանանը չէ բաւական կրակի համար, եւ նորա անասունները ողջակէզի համար բաւական չեն։
  • 17Բոլոր ազգերը նորա առաջին ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունայնութիւն են համարվում նորա համար։
  • 18Ուրեմն ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան։
  • 19Կուռքը արուեստաւորն է ձուլում, եւ ոսկերիչը ոսկիով պատում է նորան, եւ արծաթի շղթաներ է ձուլում։
  • 20Ընծաներ տալու անկարողը անփուտ փայտ է ընտրում, իր համար մի ճարտար արուեստաւոր է որոնում, որ նա մի անշարժ կուռք շինէ։
  • 21Մի՞թէ չ’գիտէք, մի՞թէ չ’լսեցիք, մի՞թէ չ’պատմուեցաւ ձեզ առաջուց. Մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից։
  • 22Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։
  • 23Նա է իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում։
  • 24նորանք հազիւ թէ տնկվում են, հազիւ թէ ցանվում են, հազիւ թէ նորանց բունը արմատանում է երկրում, եւ նա փչում է նորանց վերայ եւ նորանք չորանում են, եւ փոթորիկը նորանց կրում է մղեղի պէս։
  • 25Ուրեմն ո՞ւմ էք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։
  • 26Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. Մէկը չի կորչիլ։
  • 27Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը։
  • 28Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է։
  • 29նա է յոգնածին ոյժ տուողը. Եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում։
  • 30Եւ երիտասարդներն կ’յոգնեն եւ կ’վաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կ’թուլանան,
  • 31Բայց Տիրոջ ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ։
← Ցանկ