ԵՍԱՅԻԱ43
  • 1Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես։
  • 2Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չ’վառէ։
  • 3Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ. ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տուել, Եթովպիան եւ Սաբան՝ քեզ տեղ փոխարէն։
  • 4Որովհետեւ իմ աչքին պատուական երեւեցար, պատիւ գտար. Եւ ես քեզ սիրեցի. Եւ քո փոխարէն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ՝ քո հոգիի փոխարէն։
  • 5Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ. Քո սերունդը արեւելքից եմ բերելու, եւ ես արեւմուտքիցը ժողովելու եմ քեզ։
  • 6Ասելու եմ հիւսիսին. Տուր. Եւ հարաւին՝ թէ Մի արգելիր. Բեր իմ որդիներին հեռուից, եւ իմ աղջիկներին՝ երկրի ծայրից.
  • 7Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ։
  • 8Հանեցէք կոյր ժողովրդին, որ աչքեր ունի. Եւ խուլերին, որոնք ականջներ ունին։
  • 10Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. Որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու։
  • 11Ես՝ ես եմ Եհովայ. Եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ։
  • 12Ես իմացրի ու փրկեցի եւ լուր տուի, եւ մի օտարը չ’կար ձեր մէջը. Եւ դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստուած։
  • 13Նաեւ վաղուց ’ի վեր ես նոյնն եմ, եւ չ’կայ իմ ձեռքից փրկող. Ես որ գործեմ, ո՞վ է որ արգիլէ։
  • 14Այսպէս է ասում Տէրը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայէլի Սուրբը. Ձեր պատճառովն ուղարկեցի Բաբիլոն, եւ նորանց ամենը ցած իջեցրի իբրեւ փախստականներ, եւ Քաղդէացիներին իրանց ցնծութեան նաւերովը։
  • 15Ես եմ Եհովայ՝ ձեր Սուրբը, Իսրայէլի Ստեղծողը՝ ձեր Թագաւորը.
  • 16Այսպէս է ասում Եհովան, որ ծովումը ճանապարհ է շինում եւ զօրաւոր ջրերի մէջ՝ ուղի.
  • 17Որ դուրս է բերում կառքն ու ձին, եւ զօրքն ու ոյժը. Միասին կ’պառկեն, բայց վեր չեն կենալ. Նորանք պատրոյգի պէս կ’հանգչեն ու կ’անցնեն։
  • 18Առաջինները մի յիշէք. Եւ հին բաները մի մտաբերէք։
  • 19Ահա ես նորա բան եմ անում. Հիմա կ’յայտնուի. Մի՞թէ չէք իմանալ։ Նաեւ մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր։
  • 20Ինձ պիտի փառաւորեն դաշտի գազանները, չագալները եւ ջայլամները. Որովհետեւ ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրեալ ժողովրդին խմեցնելու համար։
  • 21Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը։
  • 22Բայց ոչ թէ ինձ կանչեցիր, ով Յակոբ, այլ դու ինձանից ձանձրացար, ով Իսրայէլ։
  • 23Դու ինձ համար չես բերել քո ողջակէզների ոչխարները, եւ քո զոհերովը չ’փառաւորեցիր ինձ. Ես քեզ չ’ծառայեցրի ընծայով, եւ քեզ չ’վաստակեցրի կնդրուկով։
  • 24Դու ինձ համար արծաթով խնկեղէգ չես առել, եւ քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել, այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը, եւ ինձ վաստակեցրել ես քո անօրէնութիւններովը։
  • 25Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում։
  • 26Յիշեցրու ինձ, միասին դատուինք. Դու պատմիր, որպէս զի արդարանաս։
  • 27Քո նախահայրը մեղք գործեց, եւ քո բարեխօսները ապստամբուեցին ինձ դէմ։
  • 28Եւ ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին եւ Յակոբը նզովք շինեցի, եւ Իսրայէլը՝ նախատինք։
← Ցանկ