ԵՍԱՅԻԱ44
  • 1Եւ հիմա ականջ դիր, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Իսրայէլ, որին ես հաւանել եմ։
  • 2Այսպէս է ասում Եհովան՝ քեզ Ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է. Մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Յեսուրուն, որին ես հաւանել եմ։
  • 3Որովհետեւ ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վերայ, եւ իմ օրհնութիւնը՝ քո զաւակների վերայ։
  • 4Եւ նորանք պիտի ծլեն խոտերի մէջ, ինչպէս ուռիները ջրերի վտակների մօտ։
  • 5Սա պիտի ասէ. Ես Տիրոջն եմ. Նա պիտի Յակոբի անունովը կոչուի, եւ միւսը իր ձեռքովը պիտի գրէ. Տիրոջն եմ ես. Եւ Իսրայէլի անունովը պիտի մականուանուի։
  • 6Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. Եւ ինձանից ջոկ Աստուած չ’կայ։
  • 7Եւ ո՞վ կայ ինձ նման որ կանչէ, թող իմացնէ եւ կարգադրէ ինձ համար, իմ յաւիտենական ժողովուրդ շինելուց հետէ. Թող ապագայ բաները, որ կատարուելու են, իմացնեն մեզ։
  • 8Մի զարհուրիք եւ մի վեհերիք. չէ՞ որ ես քեզ վաղուց լուր տուի, եւ ասեցի թէ Դուք իմ վկաներն էք. Մի՞թէ ինձանից ջոկ Աստուած կայ. Եւ մէկ վէմ չ’կայ. Ես չ’գիտեմ։
  • 9Կուռք շինողների ամենքն էլ ունայնութիւն են, եւ նորանց ցանկալիքը անպիտան են. Եւ իրանց վկաներն իրանք են. Նորանք չեն տեսնում եւ չեն իմանում, որ ամաչեն։
  • 10Ո՞վ է որ աստուած է շինում, եւ կուռք է ձուլում, որ անպիտան է։
  • 11Ահա նորա բոլոր ընկերները պիտի ամաչեն, եւ նորա արուեստաւորներն իրանց մարդկանցից են. Թող ժողովուին ամենքը կանգնեն, նորանք պիտի սարսափեն՝ ամաչեն միասին։
  • 12Երկաթագործը ածուխով շինում է տապարը, եւ կռաններով ձեւակերպում է նորան, եւ իր զօրաւոր բազուկովը շինում է նորան. Նա սովածանում էլ է, եւ ոյժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նուաղում է։
  • 13Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով, եւ նորան մարդի կերպարանքի պէս շինում, մարդի գեղեցկութեան նման, որ տանը բնակուէ։
  • 14Մէկն իրան համար կտրում է եղեւիններ, եւ առնում է թեղօշ ու կաղնի, եւ ընտրում է իրան համար անտառի փայտերիցը, նա տնկում է սոճին, եւ անձրեւը աճեցնում է։
  • 15Եւ նա մարդիս համար վառելիք է լինում. Եւ նա առնում է նորանցից եւ տաքանում, նաեւ վառում է եւ հաց թխում, աստուած էլ է շինում նորանից եւ երկրպագում նորան. Նա կուռք է շինում նորանից եւ նորան պաշտում։
  • 16Նորա կէսը նա այրեց կրակով, նորա կէսի վերայ էլ միս եփեց կերաւ, խորոված խորովեց ու կշտացաւ, տաքանում էլ է եւ ասում. Ահա՜, տաքացայ, կրակը տեսայ։
  • 17Եւ նորա մնացածն իրան կուռք աստուած է շինում, նորան պաշտում, նորան երկրպագում, եւ նորան աղօթք անում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ աստուածը։
  • 18Նորանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփուած են նորանց աչքերը որ չ’տեսնեն, եւ նորանց սրտերը՝ որ չ’իմանան։
  • 19Եւ նա միտք չէ անում, եւ գիտութիւն չ’ունի ու հասկացողութիւն չ’ունի, որ ասէ. Նորա կէսը ես այրեցի կրակով, եւ նորա կայծերի վերայ հաց էլ թխեցի, միս խորովեցի ու կերայ, եւ մնացածը գարշելի բան շինե՞մ, եւ փայտի կոճը պաշտե՞մ։
  • 20Նա փոշիի ետեւից է ընկած, նորա խաբուած սիրտը մոլորեցրել է նորան, եւ նա չէ կարողանում իր հոգին ազատել, եւ չէ ասում թէ մոլորութիւն չէ՞ իմ աջ ձեռքինը։
  • 22Ես մէգի պէս ջնջել եմ քո յանցանքները, եւ ամպի պէս՝ քո մեղքերը. Դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ։
  • 23Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. Ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. Ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. Որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։
  • 24Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.
  • 25Որ ստախօսների նշանները փչացնում են, եւ գուշակողներին յիմարացնում, որ իմաստուններին ետ եմ դարձնում, եւ նորանց գիտութիւնը յիմարացնում,
  • 26Որ հաստատում եմ իմ ծառայի խօսքը, եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, որ ասում եմ Երուսաղէմին թէ Պիտի բնակուիս, եւ Յուդայի քաղաքներին՝ թէ Պիտի շինուիք. Եւ կանգնեցնում եմ նորա աւերակները.
  • 27Որ ասում եմ յորձանքին՝ Չորացիր. Եւ ցամաքեցնում եմ քո գետերը.
  • 28Որ ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. Եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր։
← Ցանկ