ԵՍԱՅԻԱ51
- 1Ինձ լսեցէք, ով արդարութեան հետեւողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցէք այն վէմին, որից դուք կտրուած էք, եւ այն հորի գուբին, որից դուք փորուած էք.
- 2Նայեցէք ձեր հայր Աբրահամին, եւ ձեզ ծնող Սարրային. որովհետեւ մէկ հատ էր նա, որ ես կանչեցի, բայց ես նորան օրհնեցի եւ նորան բազմացրի։
- 3Որովհետեւ Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ Տիրոջ պարտէզի պէս. Ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն։
- 4Ուշադիր եղիր դէպի ինձ, ով իմ ժողովուրդ, եւ ով իմ ազգ, ինձ ականջ դիր. որովհետեւ ինձանից օրէնք է դուրս գալու, եւ իմ իրաւունքը իբրեւ լոյս պիտի հաստատեմ ազգերի համար։
- 5Մօտ է իմ արդարութիւնը, դուրս է եկել իմ փրկութիւնը, եւ իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Կղզիները ինձ են յոյս դնում, եւ իմ բազուկին ապաւինում։
- 6Բարձրացրէք ձեր աչքերը դէպի երկինք, եւ նայեցէք երկրին դէպի ցած. որովհետեւ երկինքը պիտի ծուխի պէս ցրիւ գայ, եւ երկիրը հանդերձի պէս պիտի մաշէ. Եւ նորա բնակիչները այսպէս պիտի մեռնեն. Բայց իմ փրկութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ արդարութիւնը չի պակասիլ։
- 7Լսեցէք ինձ, ով արդարութիւն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրէնքն ունիս սրտումդ. մի վախենաք մարդկանց նախատինքից, եւ նորանց բամբասանքից մի զարհուրիք։
- 8Որովհետեւ ցեցն է ուտելու նորանց հանդերձի պէս, եւ մեցը ուտելու է նորանց բուրդի պէս. Բայց իմ արդարութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ փրկութիւնը յաւիտեանս յաւիտենից։
- 9Զարթնիր, զարթնիր, զօրութիւն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնիր առաջի օրերին պէս, հին դարերին պէս, մի՞թէ դու այն չես, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր։
- 10Մի՞թէ դու այն չես, որ ծովը ցամաքեցրիր, մեծ անդունդի ջուրերը. Որ ծովի խորերումը ճանապարհ շինեցիր, փրկուածների անցնելու համար։
- 11Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. Պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։
- 12Ես՝ ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինուած։
- 13Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում. Եւ վախենում ես միշտ ամեն օր բռնաւորի բարկութիւնիցը, որ կածես թէ պատրաստ է քեզ կորցնելու, բայց ո՞ւր է բռնաւորի բարկութիւնը։
- 14Կալանաւորը շուտով պիտի արձակուի, եւ չի մեռնիլ գուբի մէջ, եւ նորա հացը չի պակասուիլ։
- 15Եւ ես եմ քո Տէր Աստուածը, որ սաստում եմ ծովին, երբոր նորա ալիքները աղմուկ են հանում. Զօրաց Եհովայ է իմ անունը։
- 16Եւ իմ խօսքերը դրի քո բերանումը, եւ իմ ձեռքի հովանովը ծածկեցի քեզ որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիօնին՝ Իմ ժողովուրդն ես դու։
- 17Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ով Երուսաղէմ, որ խմեցիր Տիրոջ ձեռքից նորա բարկութեան բաժակը, որ թմրութեան լայնադիր բաժակը խմեցիր քամեցիր։
- 18Մի առաջնորդող չ’ունի իր ծնած բոլոր որդկանցից, եւ ձեռքիցը բռնող չ’կայ իր մեծացրած բոլոր որդկանցից։
- 19Երկու բաներ են, որ քեզ պատահել են. Ո՞վ է կարող քեզ մխիթարել. Կործանում ու կոտորած, եւ սով ու սուր. Ես քեզ որո՞վը մխիթարեմ։
- 20Քո որդիքը նուաղած պառկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մէջ փաթաթուած վայրի այծի պէս, որոնք լիքն են Տիրոջ բարկութիւնովը, քո Աստուծոյ յանդիմանութիւնովը։
- 21Ուրեմն լսիր այս, ով խեղճ, եւ ով արբած, բայց ոչ թէ գինով.
- 22Այսպէս է ասում քո Տէրը՝ Եհովան, եւ քո Աստուածը, որ պաշտպանում է իր ժողովուրդը. Ահա առնում եմ ձեռքիցդ թմրութեան բաժակը, եւ դու այլ եւս պիտի չ’խմես այն։
- 23Եւ նորան դնում եմ քեզ հարստահարողների ձեռքին, որոնք ասում էին քո անձին. Ծռիր որ մենք անցնենք. Եւ դու քո մէջքը երկրին հաւասար արիր եւ փողոցի պէս՝ անցուդարձողների համար։
