ԵՍԱՅԻԱ52
  • 1Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ՝ սուրբ քաղաք. Որովհետեւ այլեւս պիտի միւսանգամ չ’մտնէ քո մէջը անթլփատը եւ պիղծը։
  • 2Քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղէմ, բաց արա պարանոցիդ կապերը, ով Սիօնի գերի աղջիկը։
  • 3Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Դուք ձրի ծախուեցաք, եւ առանց փողի պիտի փրկուիք։
  • 4Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Իմ ժողովուրդն առաջ իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտանալու, եւ Ասորեստանցիք զուր տեղը նորան ճնշեցին։
  • 5Եւ հիմա, ես ի՞նչ ունիմ այստեղ, ասում է Տէրը, որովհետեւ զուր վեր առնուեցաւ իմ ժողովուրդը, նորա վերայ իշխողները բղաւում են, ասում է Տէրը, եւ միշտ ամեն օր հայհոյվում է իմ անունը։
  • 6Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես։
  • 7Ի՜նչ գեղեցիկ ես սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է։
  • 8Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին։
  • 9Աղաղակեցէք, բարձրաձայն ցնծացէք միասին, ով Երուսաղէմի փլատակներ. որ Տէրը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղէմին։
  • 10Տէրը մերկացրել է իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին, եւ երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստուծոյ փրկութիւնը։
  • 11Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք նորա միջիցը, մաքուր եղէք, ով Տիրոջ սպասները կրողները։
  • 12Որովհետեւ հապճեպով չ’պիտի դուրս գաք, եւ փախչելով էլ չէք գնալ, այլ Տէրը պիտի գնայ ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայէլի Աստուածն է։
  • 13Ահա իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի։
  • 14Ինչպէս որ շատերը ապշեցին քեզ վերայ, (այնպէ՜ս խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից.)
  • 15Նոյնպէս պիտի զարմացնէ շատ ազգեր, թագաւորները պիտի խփեն նորա առաջին իրանց բերանը. Որովհետեւ պիտի տեսնեն այն՝ որ իրանց չէ պատմուած, եւ այն որ չեն լսած՝ պիտի իմանան։
← Ցանկ