ԵՍԱՅԻԱ9
  • 1Առաջի ժամանակը անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, բայց վերջումը յարգելու է. Ծովի ճանապարհը, Յորդանանի միւս կողմի, Հեթանոսների Գալիլեան,
  • 2Խաւարումը գնացող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. Մահուան ստուերի երկրումը բնակողների վերայ լոյս ծագեց։
  • 3Դու շատացրիր ազգը, մեծացրիր նորա ուրախութիւնը. Նորանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակի ուրախութեան պէս. Ինչպէս որ ցնծում են աւար բաժանելիս։
  • 4Որովհետեւ նորա ծանրաբեռ լուծը եւ նորա մէջքի գաւազանը, նորա վերայ բռնացողի ցուպը կոտրեցիր՝ Մադիամի օրուայ պէս։
  • 5Որովհետեւ ճակատամարտի մէջ զինուորեալների բոլոր զէնքերը եւ արիւնաթաթախ հանդերձները պիտի այրուին եւ հրոյ ճարակ լինին։
  • 6Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։
  • 8Տէրը պատգամ ուղարկեց Յակոբին, եւ նա իջաւ Իսրայէլի վերայ։
  • 9Եւ թող իմանայ բոլոր ժողովուրդը՝ Եփրեմը եւ Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտաւանութեամբ եւ սրտի հպարտութեամբ ասում են.
  • 10Աղիւսները ընկան, բայց մենք սրբատաշ քարերով կ’շինենք, մոլաթզենիքը կտրուեցան, բայց մենք նորանց տեղ եղեւիններ կ’դնենք։
  • 11Սակայն Տէրը պիտի յարուցանէ Ռասինի հակառակորդներին նորա վերայ, եւ նորա թշնամիներին՝ գրգռէ։
  • 12Ասորիքն առաջիցը, եւ Փղշտացիքն ետեւիցը, եւ պիտի ուտեն Իսրայէլին լիքը բերանով։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
  • 13Բայց ժողովուրդը ետ չէ դառնում դէպի իրան զարկողին, եւ Զօրաց Տիրոջը չեն խնդրում։
  • 14Եւ Տէրը կտրելու է Իսրայէլից գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը մէկ օրում։
  • 15Ծերը եւ պատուաւորը գլուխն է, իսկ մարգարէն որ ստութիւն է սովորեցնում՝ ագին է։
  • 16Եւ այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են, եւ նորանցից առաջնորդուողները պիտի կուլ գնան։
  • 17Այս պատճառով Տէրը չի ուրախանալ նորա երիտասարդների վերայ, եւ նորա որբերին ու որբեւայրիներին չի ողորմիլ։ Որովհետեւ ամենքը կեղծաւոր ու չարագործ եղան, եւ ամեն բերան յիմարութիւն է խօսում։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
  • 18Որովհետեւ կրակի պէս այրում է անօրէնութիւնը, ցախերն ու փուշերը լափում է եւ վառում է անտառի ծմակները եւ վեր են քլքլում բարձր ծխասիւներով։
  • 19Զօրաց Տիրոջ բարկութիւնիցն երկիրը այրուելու է, եւ ժողովուրդը կրակի ճարակի պէս է լինելու, մարդ իր եղբօրը չէ խնայելու։
  • 20Եւ կտրելու են աջ կողմից, բայց սոված են մնալու, եւ ձախ կողմիցն ուտելու են, բայց չեն կշտանալու. ամեն մարդ իր բազուկների միսն է ուտելու.
  • 21Մանասէն՝ Եփրեմին, եւ Եփրեմը՝ Մանասէին, եւ նորանք մէկտեղ Յուդայի վերայ։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
← Ցանկ