ԵՐԵՄԻԱ22
  • 1Այսպէս է ասում Տէրը. Իջիր Յուդայի թագաւորի տունը, եւ ասիր այնտեղ այս խօսքը.
  • 2Եւ ասիր. Լսիր Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւոր, որ նստել ես Դաւիթի աթոռի վերայ, դու եւ քո ծառաները եւ քո ժողովուրդը, որ եկել էք այս դռները,
  • 3Այսպէս է ասում Տէրը. Իրաւունք եւ արդարութիւն արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքիցը, մի ճնշէք, մի բռնանաք օտարականին, որբին եւ որբեւայրիին, եւ անմեղ արիւն մի թափէք այս տեղումը։
  • 4Որովհետեւ եթէ իրաւ անէք այս բանը. այն ժամանակ կ’մտնեն այս տան դռներովը Դաւիթի աթոռի վերայ նստող թագաւորներ՝ կառքի եւ ձիերի վերայ հեծած՝ իրանք եւ իրանց ծառաներն ու իրանց ժողովուրդը։
  • 5Իսկ եթէ չ’լսէք այս խօսքերը, Ինձանով երդում եմ անում ես, ասում է Տէրը, որ այս տունը աւերակ պիտի դառնայ։
  • 6Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւորի տան մասին. Դու ինձ համար Գաղաադն ես՝ Լիբանանի գագաթն ես, բայց անշուշտ քեզ անապատ պիտի շինեմ, այնպիսի քաղաքներ, որ բնակուած չեն։
  • 7Եւ քեզ դէմ կործանողներ եմ որոշելու, ամեն մէկն իր զէնքերովը. եւ նորանք պիտի կտրեն քո ընտիր եղեւինները եւ պիտի գցեն կրակի մէջը։
  • 8Եւ շատ ազգեր պիտի անցնեն այս քաղաքովը եւ ասեն ամեն մէկն իր ընկերին. Ի՞նչու համար Տէրն այսպէս արաւ այս մեծ քաղաքին։
  • 9Եւ նորանք պիտի ասեն. Որովհետեւ թողեցին իրանց Տէր Աստուծոյ ուխտը եւ երկրպագութիւն արին ուրիշ աստուածների եւ նորանց պաշտեցին։
  • 10Լաց մի լինիք մեռնողի համար եւ նորա մասին մի ողբաք, այլ լաց եղէք գնացողի համար, որովհետեւ այլ եւս պիտի ետ չ’դառնայ, որ տեսնէ իր ծննդեան երկիրը։
  • 11Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագաւորեց իր հօր Յովսիայի տեղը, որ դուրս եկաւ այս տեղիցը. այլ եւս ետ պիտի չ’դառնայ այստեղ։
  • 12Որովհետեւ այնտեղ, ուր որ նորան գերի էին տարել, պիտի մեռնի, եւ այլ եւս պիտի չ’տեսնէ այս երկիրը։
  • 13Վա՜յ նորան, որ իր տունը անարդարութիւնով է շինում, եւ իր վերնատները՝ անիրաւութիւնով, որ ձրի բանեցնում է իր դրացիին, եւ նորա վարձքը չէ տալիս նորան,
  • 14Որ ասում է. Ես ինձ համար ընդարձակ տուն եւ հովասուն վերնատներ շինեմ, եւ իր համար պատուհաններ է բաց անում եւ ծածկում եղեւնափայտով, եւ ներկում կարմրագոյնով։
  • 15Մի՞թէ կ’թագաւորես, որ տաքացել ես եղեւնափայտի համար. չէ՞ որ քո հայրը կերաւ եւ խմեց, եւ իրաւունք ու արդարութիւն արաւ. այն ժամանակ լաւ եղաւ նորա համար։
  • 16Նա տեսաւ աղքատի եւ տնանկի դատը, եւ լաւ էր. մի՞թէ սա չէ ինձ ճանաչելը, ասում է Տէրը։
  • 17Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վերայ չէ բայց միայն քո շահասիրութեան վերայ, եւ անմեղ արիւն թափելու եւ անիրաւութեան ու զրկողութեան վերայ, որ անես։
  • 18Սորա համար այսպէս է ասում Տէրը Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի մասին. Նորա վերայ պիտի չ’ողբան ասելով՝ Վա՜յ եղբայր, վա՜յ քոյր. նորա վերայ պիտի չ’ողբան ասելով՝ Վա՜յ տէր, վա՜յ նորա փառքը։
  • 19Էշի թաղումով պիտի թաղուի նա, քաշ տալով ու Երուսաղէմի դռներիցը դուրս դէն գցելով։
  • 20Վեր ելիր Լիբանանը ու կանչիր, եւ Բասանի վերայ ձայնդ բարձրացրու, եւ աղաղակիր Աբարիմիցը. որովհետեւ քո բոլոր հոմանիները փշրուեցան։
  • 21Ես ասեցի քեզ քո յաջողութիւնումը. բայց դու ասեցիր՝ Չեմ լսում. սա է քո ճանապարհը քո մանկութիւնից, որ իմ խօսքը չ’լսես։
  • 22Քո բոլոր հովիւներին քամին է քշելու, եւ քո հոմանիները գերի պիտի գնան. իրաւ այն ժամանակ պիտի ամաչես, եւ պիտի պատկառես քո բոլոր չարութիւններից։
  • 23Ով Լիբանանումը բնակող եւ եղեւիններում բոյն դնող, ի՜նչ ողորմելի պիտի լինես դու, երբոր քեզ վերայ կ’գան ծննդեան ցաւերը՝ մի ծննդականի նման։
  • 24Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ եթէ Յուդայի թագաւորի Յովակիմի որդի Յեքոնիան մատանիի կնիք լինի իմ աջ ձեռքումը, որ այնտեղից էլ քեզ պիտի պոկեմ.
  • 25Եւ քեզ պիտի տամ քո հոգին պահանջողների ձեռքը եւ նորանց ձեռքը, որոնց երեսիցը դու վախենում ես. եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը եւ Քաղդէացիների ձեռքը։
  • 27Եւ այն երկիրը, ուր որ նորանց անձը բաղձում է դառնալ, այնտեղ պիտի ետ չ’դառնան։
  • 28Մի՞թէ մի անարգուած փշրուած աման է այս Յեքոնիա մարդը, կամ մի այնպիսի անօթ է, որ նորան չ’հաւանեն. ի՞նչու համար գլորուեցան ինքը եւ իր սերունդը, եւ քշուեցան իրանց չ’գիտեցած երկիրը։
  • 29Ով երկիր, երկիր, երկիր, լսիր Տիրոջ խօսքը։
  • 30Տէրն այսպէս է ասում. Անզաւակ գրեցէք այս մարդին, մի մարդ, որ յաջողութիւն պիտի չ’տեսնէ իր օրերումը, որովհետեւ չ’պիտի յաջողէ նորա սերունդից մէկ մարդ, որ նստի Դաւիթի աթոռի վերայ, եւ էլի տիրէ Յուդայի վերայ։
← Ցանկ