ԵՐԵՄԻԱ23
  • 1Վայ այն հովիւներին, որ կորցնում են ցրւում են իմ արօտի ոչխարներին, ասում է Տէրը։
  • 2Սորա համար այսպէս է ասում Տէրն՝ Իսրայէլի Աստուածը, այն հովիւների մասին, որ հովւում են իմ ժողովրդին. Դուք իմ ոչխարներին ցրիւ տուիք եւ դուրս արիք եւ նորանց վերայ տեսչութիւն չարիք. ահա ես ձեզ այցելութիւն պիտի անեմ ձեր գործերի չարութեան համար, ասում է Տէրը։
  • 3Եւ ես պիտի ժողովեմ իմ հօտի մնացորդը այն ամեն երկիրներից, ուր որ նորանց աքսորեցի, եւ նորանց ետ պիտի դարձնեմ իրանց փարախները, եւ նորանք պիտի աճեն եւ բազմանան։
  • 4Եւ նորանց վերայ հովիւներ պիտի կանգնեցնեմ, որ նորանց հովուեն, եւ նորանք այլ եւս պիտի չ’վախենան եւ չ’զարհուրեն, եւ պիտի չ’պակասեն, ասում է Տէրը։
  • 5Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Դաւիթի համար վեր կ’կացնեմ արդարութեան Շառաւիղ եւ իբր թագաւոր կ’թագաւորէ ու իմաստութեամբ կ’վարուի, եւ իրաւունք ու արդարութիւն կ’գործէ երկրի վերայ։
  • 6Նորա օրերին կ’ազատուի Յուդան, եւ Իսրայէլը ապահով կ’բնակուէ. Եւ սա է նորա անունը, որով նա կ’կոչուի՝ ՏԷՐԸ՝ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ։
  • 7Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ այլ եւս չեն ասելու, թէ կենդանի է Տէրը, որ դուրս հանեց Իսրայէլի որդկանցը Եգիպտոսի երկրիցը.
  • 8Այլ թէ՝ Կենդանի է Տէրը, որ վեր հանեց եւ բերաւ Իսրայէլի տան սերունդը հիւսիսի երկրիցը եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ ես նորանց քշել էի, եւ նորանք պիտի բնակուեն իրանց հողի վերայ։
  • 9Մարգարէների համար սիրտս կոտրվում է ներսումս, երերում են բոլոր ոսկորներս. Ես եղել եմ մի արբած մարդի պէս, եւ մի գինեհար մարդի նման, Տիրոջ երեսիցը եւ նորա սուրբ խօսքերի երեսիցը։
  • 10Որովհետեւ շնացողներով լցուել է երկիրը, որ անէծքի պատճառով երկիրը սուգ է բռնել, չորացել են անապատի արօտները, եւ նորանց ընթացքը չար է, եւ նորանց ոյժը ուղիղ չէ։
  • 11Որովհետեւ թէ մարգարէն թէ քահանան եղծուած են, իմ տանն անգամ գտել եմ նորանց չարութիւնը, ասում է Տէրը։
  • 12Սորա համար նորանց ճանապարհն իրանց համար խաւարի մէջ սահելկոտ տեղերի պէս պիտի լինի. Նորանք պէտք է հրուին, եւ նորանում վայր ընկնեն, որովհետեւ ես նորանց վերայ չարիք եմ բերելու նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։
  • 13Եւ Սամարիայի մարգարէներումը յիմարութիւն տեսայ, Բահաղով մարգարէացան եւ մոլորցրին իմ Իսրայէլ ժողովրդին։
  • 14Եւ Երուսաղէմի մարգարէներումը սոսկալի բան տեսայ՝ շնանալ եւ ստութեամբ գնալ, որ չարագործների ձեռքերը զօրացնեն, որ ետ չ’դառնան ամեն մէկն իր չարութիւնիցը. Նորանց ամենը ինձ համար Սոդոմի պէս են, եւ նորա բնակիչները՝ Գոմորի պէս։
  • 15Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը մարգարէների մասին. Ահա ես նորանց օշինդր պիտի ուտեցնեմ, եւ նորանց լեղի ջուր պիտի խմեցնեմ, որովհետեւ Երուսաղէմի մարգարէներից ապականութիւն դուրս եկաւ բոլոր երկրի մէջ։
  • 16Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի լսէք ձեզ համար մարգարէացող մարգարէների խօսքերին. Նորանք ձեզ խաբում են, նորանք իրանց սրտի տեսիլքն են խօսում, եւ ոչ թէ Տիրոջ բերանիցը։
  • 17Նորանք ասում ու ասում են ինձ անարգողներին. Տէրը խօսեց, խաղաղութիւն է լինելու ձեզ համար եւ ամեն իր սրտի կամակորութեամբ վարուողներին ասում են. Ձեզ վերայ չարիք չի գալու։
  • 18Որովհետեւ ո՞վ է կանգնել Տիրոջ խորհուրդումը, եւ տեսել ու լսել նորա խօսքը. Ո՞վ է ականջ դրել նորա խօսքին ու լսել։
  • 19Ահա Տիրոջ մրրիկը բորբոքուած դուրս եկաւ, եւ պտոյտ եկող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։
  • 20Տիրոջ բարկութիւնը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի պարզ հասկանաք այդ։
  • 21Ես այդ մարգարէներին չեմ ուղարկել, բայց իրանք վազ են տալիս, եւ ես նորանց հետ չեմ խօսել, բայց իրանք մարգարէանում են։
  • 22Եւ եթէ կանգնած լինէին իմ խորհուրդումը, այն ժամանակ լսել կ’տային իմ խօսքերը իմ ժողովրդին, եւ նորանց ետ կ’դարձնէին իրանց չար ճանապարհներիցը, եւ իրանց չար գործերիցը։
  • 23Մի՞թէ ես մօտիկից եմ Աստուած, ասում է Տէրը. Եւ հեռուից Աստուած չե՞մ։
  • 24Կամ մի մարդ կարո՞ղ է ծածկուիլ ծածուկ տեղեր, որ ես նորան չ’տեսնեմ, ասում է Տէրը. չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ, ասում է Տէրը։
  • 25Ես լսել եմ ինչ որ ասում են իմ անունով սուտ մարգարէացող մարգարէքը, ասելով. Երազ եմ տեսել, երազ եմ տեսել։
  • 26Մինչեւ ե՞րբ է լինելու այս սուտ մարգարէացող մարգարէների սրտումը, որ մարգարէանում են իրանց սրտի խաբէութիւնը.
  • 27Որոնք մտածում են որ իմ ժողովրդին մոռացնել տան իմ անունը, այն երազներովն որ իրար պատմում են, ինչպէս որ իրանց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։
  • 28Այն մարգարէն, որի մօտ երազ կայ, թող երազ պատմէ, եւ որի մօտ իմ խօսքը կայ, թող իմ խօսքը խօսէ ճշմարտութեամբ. Յարդը ի՞նչ բան ունի ցորենի հետը, ասում է Տէրը։
  • 29Ահա իմ խօսքը կրակի նման է, ասում է Տէրը, եւ մուրճի պէս որ կոտրատում է ապառաժը։
  • 30Սորա համար ահա ես այն մարգարէների դէմ եմ, ասում է Տէրը, որոնք իմ խօսքերն իրարից գողանում են։
  • 31Ահա ես այն մարգարէների դէմ եմ՝ ասում է Տէրը, որ վեր են առնում իրանց լեզուն եւ պատգամ հրատարակում։
  • 32Ահա ես այն սուտ երազներ մարգարէացողների դէմ եմ, ասում է Տէրը, որ պատմում են նորանց եւ մոլորեցնում իմ ժողովրդին իրանց ստութիւններովն ու իրանց սնապարծութիւնովը, եւ ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ մի շահ եւ օգուտ չ’ունեն այս ժողովրդի համար, ասում է Տէրը։
  • 33Եւ երբոր քեզ հարցնէ այս ժողովուրդը կամ մարգարէն կամ քահանան՝ ասելով թէ Ի՞նչ է Տիրոջ բեռը, այն ժամանակ դու ասիր նորանց. Ո՞ր բեռը, եւ ես ձեզ պիտի դէն գցեմ, ասում է Տէրը։
  • 34Եւ Տիրոջ բեռն ասող մարգարէին եւ քահանային ու ժողովրդին՝ ես այնպիսի մարդին ու նորա տանը պիտի այցելեմ։
  • 35Այսպէս ասեցէք՝ ամեն մարդ իր ընկերին եւ ամեն մարդ իր եղբօրը. Տէրն ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։
  • 36Եւ այլ եւս մի յիշէք Տիրոջ բեռը. Որովհետեւ բեռն է դառնալու ամեն մարդի համար իր խօսքը, եւ դուք փոխել էք կենդանի Աստուծոյ խօսքը, որ Զօրաց Տէրն է մեր Աստուածը։
  • 37Այսպէս ասիր մարգարէին՝ Տէրը քեզ ի՞նչ է պատասխանել, եւ Տէրն ի՞նչ է ասել։
  • 38Բայց եթէ Տիրոջ բեռը ասէք, ուրեմն այսպէս է ասում Տէրը, որովհետեւ դուք ասում էք այդ «Տիրոջ բեռը» խօսքը, թէեւ լուր ուղարկեցի ձեզ մօտ ասելով՝ Մի ասիք Տիրոջ բեռը,
  • 39Դորա համար ահա ես ձեզ բոլորովին պիտի մոռանամ, եւ ձեզ պիտի ձգեմ իմ երեսի առաջից, եւ այն քաղաքը, որ տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին։
← Ցանկ