ԵՐԵՄԻԱ25
  • 1Այն խօսքը որ եղաւ Երեմիային բոլոր Յուդայի մասին Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի առաջին տարին էր,
  • 2Որ ասեց Երեմիա մարգարէն բոլոր Յուդայի ժողովրդին եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին ասելով.
  • 3Յուդայի թագաւոր Ամմոնի որդի Յովսիայի տասնեւերեքերորդ տարիից սկսած մինչեւ այս օրը ահա քսանեւերեք տարի է, որ Տիրոջ խօսքը լինում է ինձ, եւ ես խօսում եմ ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք չ’լսեցիք.
  • 4Եւ Տէրն ուղարկեց ձեզ մօտ իր բոլոր ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չ’լսեցիք, եւ ձեր ականջը լսելու չ’տուիք,
  • 5Որոնք ասում էին. Մէկ ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը եւ ձեր չար գործերիցը, եւ դուք կ’բնակուէք այն երկրումը, որ Տէրը տուաւ ձեզ եւ ձեր հայրերին՝ յաւիտենից մինչեւ յաւիտեանս։
  • 6Մի գնաք ուրիշ աստուածների ետեւից նորանց ծառայելու եւ նորանց երկրպագելու համար, եւ ինձ մի բարկացնէք ձեր ձեռքի գործերովը. եւ ես ձեզ չարիք չեմ անիլ։
  • 7Բայց դուք ինձ չ’լսեցիք, ասում է Տէրը, որ ինձ բարկացնէիք ձեր ձեռքի գործովը, ձեզ համար ’ի վնաս։
  • 8վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը, Որովհետեւ դուք չ’լսեցիք իմ խօսքերը,
  • 10Եւ կ’կորցնեմ նորանց միջից ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, երկանքի ձայնը եւ ճրագի լոյսը։
  • 11Եւ այս բոլոր երկիրը անապատ եւ աւերակ կ’դառնայ, եւ այս ազգերը պէտք է Բաբիլոնի թագաւորին ծառայեն եօթանասուն տարի։
  • 12Եւ երբոր եօթանասուն տարին վերջացած կ’լինի, ես կ’այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ այն ազգին, ասում է Տէրը, նորանց անօրէնութեան համար, եւ Քաղդէացիների երկրին, եւ նորան յաւիտենական աւերակներ կ’շինեմ։
  • 13Եւ կ’բերեմ այն երկրի վերայ այն իմ բոլոր խօսքերը, որ ասել եմ նորա մասին, այս գրքի մէջ բոլոր գրուածը, որ մարգարէացել է Երեմիա մարգարէն բոլոր ազգերի մասին։
  • 14Որովհետեւ նորանց էլ պիտի ծառայեցնեն շատ ազգեր եւ մեծ թագաւորներ, եւ ես պիտի հատուցանեմ նորանց իրանց արարքի համեմատ եւ իրանց ձեռքի գործերին համեմատ։
  • 15Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս բարկութեան գինիի բաժակը իմ ձեռքից եւ խմեցրու նորան բոլոր ազգերին, որոնց մօտ ես քեզ ուղարկում եմ։
  • 16Որ խմեն եւ շշկլուեն եւ յիմարանան այն սուրի պատճառով, որ ես ուղարկում եմ նորանց մէջը։
  • 17Եւ ես առայ բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի բոլոր ազգերին, որոնց մօտ Տէրն ուղարկեց ինձ.
  • 18Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, եւ նորա թագաւորին ու նորա իշխաններին, որ նորանց անապատ, ամայութիւն, որ նորանց անապատ, ամայութիւն, նախատինք ու անէծք անէ, ինչպէս որ այսօր է.
  • 19Եգիպտոսի Փարաւօն թագաւորին, եւ նորա ծառաներին, եւ նորա իշխաններին ու նորա բոլոր ժողովրդին.
  • 20Եւ բոլոր խառնիճաղանճ ժողովրդին, եւ Հուս երկրի բոլոր թագաւորներին, եւ Փղշտացիների երկրի բոլոր թագաւորներին, այսինքն Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին եւ Ազովտոսի մնացածներին.
  • 21Եդովմին, Մովաբին եւ Ամմոնի որդկանցը,
  • 22Եւ Տիւրոսի բոլոր թագաւորներին, եւ Սիդոնի բոլոր թագաւորներին, եւ ծովեզրեայ թագաւորներին, որ ծովի այն կողմին են,
  • 23Դեդանին եւ Թեմային, եւ Բուզին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին,
  • 24Եւ Արաբացիների բոլոր թագաւորներին, եւ խառնիճաղանճ ժողովուրդների բոլոր թագաւորներին, որ բնակվում են անապատումը։
  • 25Եւ Զամբրիի բոլոր թագաւորներին, եւ Եղամի բոլոր թագաւորներին, եւ Մարաց բոլոր թագաւորներին.
  • 26Եւ հիւսիսի բոլոր թագաւորներին՝ իրար մօտիկներին եւ հեռուներին, եւ աշխարհի բոլոր թագաւորութիւններին, որ երկրի երեսին են, եւ նորանցից յետոյ թող խմէ Սիսակի թագաւորը։
  • 27Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Խմեցէք, ու արբեցէք եւ փսխեցէք, եւ կործանուեցէք ու մի կանգնէք այն սուրի առաջին, որ ես ուղարկում եմ ձեր մէջը։
  • 28Եւ եթէ լինի, որ չ’ուզեն բաժակն առնել քո ձեռքից խմելու համար, այն ժամանակ դու նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Անպատճառ պիտի խմէք։
  • 29Որովհետեւ այն քաղաքի վերայ, որի վերայ կոչուած է իմ անունը, ես սկսել եմ չարիք բերելու, մի՞թէ դուք անպատիժ կ’մնաք. անպատիժ չէք մնալ. որովհետեւ ես սուրը պիտի կանչեմ երկրիս բոլոր բնակիչների վերայ, ասում է Զօրաց Տէրը։
  • 30Եւ դու մարգարէացիր նորանց մասին այս բոլոր խօսքերը եւ նորանց ասիր. Տէրը բարձրիցը որոտալու է, եւ իր սուրբ բնակութիւնիցը տալու է իր ձայնը. նա իր բնակարանի վերայ որոտալու է մեծաձայն, հնձան կոխողների աղաղակին պէս պիտի կանչէ երկրի բոլոր բնակիչների վերայ։
  • 31Աղաղակը հասնելու է մինչեւ երկրի ծայրը, որովհետեւ Տէրը վէճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա ամբարիշտներին սուրի է մատնելու, ասում է Տէրը։
  • 32Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա չարիք պիտի դուրս գայ մէկ ազգից դէպի միւս ազգ, եւ մեծ մրրիկ պիտի վեր կենայ երկրի ծայրերիցը։
  • 33Եւ Տիրոջ սպանուածներն այն օրը երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կ’լինեն. նորանց համար սուգ պիտի չ’լինի, եւ նորանք պիտի չ’ժողովուին եւ չ’թաղուին. աղբ պիտի դառնան նորանք երկրի երեսին։
  • 34Ողբացէք, ով հովիւներ, եւ աղաղակեցէք. եւ թաւալուեցէք, ով հօտի ընտիրները. որովհետեւ լրացել են ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. եւ վայր պիտի ընկնէք ինչպէս մի պատուական աման։
  • 35Եւ պիտի անհետանայ ապաստանը հովիւներից, եւ փրկութիւնը՝ հօտի ընտիրներիցը։
  • 36Հովիւների աղաղակի ձայնը, եւ հօտի ընտիրների ոռնալը լսվում է. որ Տէրը աւերակ է արել նորանց արօտները։
  • 37Եւ ամայացել են խաղաղութեան բնակարանները, Տիրոջ սաստիկ բարկութեան երեսիցը։
  • 38Նա թողեց իբրեւ մի առոյգ առիւծ իր բնակարանը, որովհետեւ նորանց երկիրը ամայի է դարձել աւերիչի բարկութեան երեսիցը, եւ նորա սաստիկ բարկութեան երեսիցը։
← Ցանկ