ԵՐԵՄԻԱ26
  • 1Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբումն այս խօսքն եղաւ Տիրոջ կողմանէ ասելով.
  • 2Տէրն այսպէս է ասում. Կանգնիր Տիրոջ տան գաւիթումը եւ ասիր երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Յուդայի բոլոր քաղաքներին այն ամեն խօսքերը, որ քեզ պատուիրել եմ նորանց ասելու, մի խօսք չ’պակասեցնես։
  • 3Գուցէ կ’լսեն եւ ետ կ’դառնան ամեն մէկն իր չար ճանապարհիցը, որ ես զղջամ այն չարիքի մասին, որ ես մտածել եմ նորանց անելու իրանց գործերի չարութեան պատճառով։
  • 4Եւ ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը. Եթէ ինձ չ’լսէք, որ իմ օրէնքումը վարուիք, որ ես դրել եմ ձեր առաջին.
  • 6Այն ժամանակ այս տունը Սելովի պէս պիտի անեմ, եւ այս քաղաքը անէծք պիտի շինեմ երկրի բոլոր ազգերի համար։
  • 7Եւ լսեցին քահանաներն ու մարգարէքը եւ բոլոր ժողովուրդը՝ Երեմիան այս խօսքերը Տիրոջ տանը ասելիս։
  • 8Եւ եղաւ երբոր Երեմիան ասեց վերջացրեց ամեն ինչ որ Տէրը պատուիրել էր ասելու այն բոլոր ժողովրդին, այն ժամանակ բռնեցին նորան քահանաները եւ մարգարէքը եւ բոլոր ժողովուրդն ասելով Դու անպատճառ պէտք է մեռնես։
  • 9Ի՞նչու համար մարգարէացար Տիրոջ անունով ասելով. Այս տունը Սելովի պէս պիտի դառնայ, եւ այս քաղաքը պիտի քանդուի եւ անբնակ դառնայ. Եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ Տիրոջ տունը Երեմիայի մօտ։
  • 10Եւ Յուդայի իշխանները լսեցին այս բաները եւ վեր գնացին թագաւորի տանիցը Տիրոջ տունը եւ նստեցին Տիրոջ տան նոր դռան մուտքումը.
  • 11Եւ քահանաները եւ մարգարէքը ասեցին իշխաններին եւ բոլոր ժողովրդին թէ Այս մարդը մահի արժանի է, որովհետեւ մարգարէացել է այս քաղաքի դէմ, ինչպէս որ լսեցիք ձեր ականջներովը։
  • 12Եւ Երեմիան ասեց բոլոր իշխաններին եւ բոլոր ժողովրդին. Տէրն ինձ ուղարկեց որ մարգարէանամ այս տան դէմ եւ այս քաղաքի դէմ այն բոլոր խօսքերը որ լսել էք։
  • 13Եւ հիմա լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը, եւ լսեցէք ձեր Տէր Աստուծոյ ձայնը, եւ Տէրը կ’զղջայ այն չարիքի մասին, որ խօսել է ձեր մասին։
  • 14Բայց ես ահա ձեր ձեռքին եմ, արէք ինձ ինչ որ հաճոյ եւ ուղիղ է ձեր աչքին։
  • 15Միայն թէ լաւ իմացած լինէք, որ եթէ ինձ սպանելու լինէք, դուք անմեղ արիւն էք թափում ձեր վերայ եւ այս քաղաքի վերայ ու նորա բնակիչների վերայ. Որովհետեւ ճշմարտապէս Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ, որ ասեմ ձեր ականջներին այս ամեն խօսքերը։
  • 16Եւ իշխանները եւ բոլոր ժողովուրդը ասեցին քահանաներին եւ մարգարէներին. Այս մարդը մահի արժանի չէ, որովհետեւ մեր Տէր Աստուծոյ անունովն է խօսել մեզ դէմ։
  • 17Եւ երկրի ծերերից մարդիկ վեր կացան եւ ասեցին ժողովրդի բոլոր ժողովքին թէ
  • 18Մօրաստացի Միքիան մարգարէանում էր Յուդայի Եզեկիա թագաւորի օրերին. Եւ նա ասեց Յուդայի բոլոր ժողովրդին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Սիօնը պիտի հերկուի իբրեւ ագարակ, եւ Երուսաղէմն աւերակների դէզեր պիտի դառնայ, եւ տաճարի սարը՝ անտառի բարձր տեղերի պէս։
  • 19Մի՞թէ Յուդայի թագաւոր Եզեկիան եւ բոլոր Յուդան նորան իսկոյն մեռցրին. Չէ՞ որ նա վախեցաւ Տէրից եւ աղօթք արաւ Տիրոջ առաջին. Եւ Տէրը զղջաց այն չարիքի մասին, որ ասել էր նորանց դէմ. Ուրեմն մենք մեծ չարութիւն արած կ’լինենք մեր անձերի դէմ։
  • 20Եւ մի մարդ էլ կար, որ մարգարէանում էր Տիրոջ անունովը՝ Կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան. Եւ նա մարգարէացաւ այս քաղաքի վերայ եւ այս երկրի վերայ Երեմիայի բոլոր խօսքերին պէս։
  • 21Եւ երբոր լսեց Յովակիմ թագաւորը եւ բոլոր նորա քաջազունները եւ բոլոր իշխանները այն խօսքերը, այն ժամանակ թագաւորն ուզեց նորան սպանել. Բայց երբոր Ուրիան լսեց՝ վախեցաւ եւ փախաւ ու գնաց Եգիպտոս։
  • 22Եւ Յովակիմ թագաւորը Եգիպտոս մարդիկ ուղարկեց՝ Աքոբորի որդի Եղնաթանին եւ նորա հետ մի քանի մարդիկ ուղարկեց Եգիպտոս.
  • 23Եւ նորանք հանեցին Ուրիային Եգիպտոսից եւ նորան բերին Յովակիմ թագաւորի մօտ, եւ նա նորան սպանեց սրով եւ նորա մարմինը գցեց ժողովրդի որդկանց գերեզմանները։
  • 24Բայց Սափանի որդիի Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որ նորան չ’մատնեն ժողովրդի ձեռքը նորան սպանելու համար։
← Ցանկ