ԵՐԵՄԻԱ27
  • 1Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.
  • 2Այսպէս է ասում ինձ Տէրը. Քեզ համար կապեր եւ լուծեր շինիր, եւ նորանց դիր քո պարանոցին։
  • 3Եւ նորանց ուղարկիր Եդովմի թագաւորին, Մովաբի թագաւորին եւ Ամմոնի որդկանց թագաւորին եւ Տիւրոսի թագաւորին եւ Սիդոնի թագաւորին այն դեսպանների ձեռով, որ եկել են Երուսաղէմ Յուդայի Սեդեկիա թագաւորի մօտ։
  • 4Եւ պատուիրիր նորանց, իրանց տէրերի մասին ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք ձեր տէրերին.
  • 5Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին։
  • 7Եւ պիտի ծառայեն նորան բոլոր ազգերը, եւ նորա որդիին, եւ նորա որդու որդիին, մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը. Եւ շատ ազգեր եւ մեծ թագաւորներ նորան ծառայեցնեն։
  • 8Եւ պիտի լինի որ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ նորան չ’ծառայէ, այսինքն Բաբիլոնի Նաբուգոդոնոսորին, եւ իր պարանոցը չ’դնէ Բաբիլոնի թագաւորի լուծի տակը, ես սովով, սրով եւ ժանտախտով պիտի այցելեմ այն ազգին, ասում է Տէրը, մինչեւ որ նորան սպառեցնեմ նորա ձեռովը։
  • 9Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու։
  • 10Որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես դուրս անեմ, եւ դուք կորչէք։
  • 11Իսկ այն ազգը որ իր պարանոցը կ’դնէ Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ նորան կ’ծառայէ, ես նորան հանգիստ պիտի թողեմ երկրի վերայ, ասում է Տէրը, եւ նա պիտի մշակէ նորան եւ նորանում բնակուէ։
  • 12Եւ ես խօսեցի Յուդայի թագաւոր Սեդեկիայի հետ այս բոլոր խօսքերի համեմատ ասելով. Դուք ձեր պարանոցները դրէք Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ ծառայեցէք նորան եւ նորա ժողովրդին, եւ ողջ կ’մնաք։
  • 13Ի՞նչու համար մեռնէք՝ դու եւ քո ժողովուրդը սրով, սովով եւ ժանտախտով, ինչպէս որ Տէրն ասել է այն ազգի մասին, որ չ’ծառայէ Բաբիլոնի թագաւորին։
  • 14Եւ մի լսէք այն մարգարէների խօսքերին, որ ձեզ ասում են թէ Դուք չէք ծառայելու Բաբիլոնի թագաւորին, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։
  • 15Որովհետեւ ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը, եւ նորանք սուտ են մարգարէանում իմ անունովը, որպէս զի ես ձեզ դուրս անեմ եւ կորչէք դուք եւ ձեզ համար մարգարէացող մարգարէները։
  • 16Եւ ես խօսեցի քահանաների եւ այս բոլոր ժողովրդի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Մի լսէք ձեր մարգարէների խօսքերին, որ մարգարէանում են ձեզ համար ասելով. Ահա Տիրոջ տան անօթները հիմա շուտով ետ են բերուելու Բաբիլոնից, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։
  • 17Նորանց մի լսէք. Ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ պիտի ողջ մնաք. Ի՞նչու համար այս քաղաքը աւերակ դառնայ։
  • 18Իսկ եթէ նորանք մարգարէներ են, եւ եթէ Տիրոջ խօսքը կայ նորանց մօտ, թող մէկ աղօթք անեն Զօրաց Տիրոջ, որ այն անօթները, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը, Բաբիլոն չ’գնան։
  • 19Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը, սիւների, ծովի եւ մեքենովթների մասին եւ այն մնացած անօթների մասին, որ մնացել են այս քաղաքումը,
  • 20Որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը չէ առել տարել, երբոր նա գերի տարաւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային Երուսաղէմիցը Բաբիլոն, եւ Յուդայի եւ Յերուսաղէմի բոլոր ազնուականներին.
  • 21Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այն անօթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը.
  • 22Նորանք Բաբիլոն պիտի տարուին եւ այնտեղ պիտի մնան մինչեւ նորանց այցելելուս օրը՝ ասում է Տէրը, եւ յետոյ նորանց պիտի հանեմ ու ետ բերեմ այս տեղը։
← Ցանկ