ԵՐԵՄԻԱ29
  • 1Եւ սորանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մնացած ծերերին եւ քահանաներին եւ մարգարէներին եւ բոլոր ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղէմից գերի էր տարել Բաբիլոն։
  • 2Յեքոնիա թագաւորը եւ թագուհին եւ պալատականները եւ Յուդայի ու Երուսաղէմի իշխանները եւ հիւսներն ու դարբինները Երուսաղէմից դուրս գալուց յետոյ,
  • 3Սափանի որդի Եղեասայի եւ Քեղկիայի որդի Գամարիայի ձեռովը, որոնց Յուդայի թագաւոր Սեդեկիան Բաբիլոն ուղարկեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ, ասելով.
  • 4Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը բոլոր գերիներիդ, որոնց ես գերի տանել տուի Երուսաղէմից Բաբիլոն.
  • 5Տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը.
  • 6Կանայք առէք եւ տղերք ու աղջկերք ծնեցէք, եւ ձեր տղերանց համար կանայք առէք, եւ ձեր աղջկերքը մարդի տուէք, որ նորանք տղերք եւ աղջկերք ծնեն, եւ շատացէք այդտեղ, եւ մի քիչանաք։
  • 7Եւ այն քաղաքի խաղաղութիւնն ուզեցէք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տուել եւ աղօթք արէք նորա համար Տիրոջը, որ նորա խաղաղութիւնովը ձեզ խաղաղութիւն կ’լինի։
  • 8Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Թող ձեզ չ’խաբեն ձեր մարգարէները, որ ձեր միջումն են եւ ձեր հմայողները, եւ մի լսէք ձեր երազատեսներին, որոնց երազել էք տալիս ձեզ համար։
  • 9Որովհետեւ նորանք սուտ են մարգարէանում ձեզ համար իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը։
  • 10Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ հէնց որ լրացաւ եօթանասուն տարին Բաբիլոնի համար, ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ այս տեղը։
  • 11Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։
  • 12Եւ դուք կ’կանչէք ինձ, եւ կ’գնաք ու աղօթք կ’անէք դէպի ինձ, եւ ես կ’լսեմ ձեզ.
  • 13Եւ դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք ձեր բոլոր սրտովը.
  • 15Որովհետեւ դուք ասել էք թէ Տէրը մեզ համար մարգարէներ է յարուցրել Բաբիլոնում։
  • 16Որովհետեւ այսպէս է ասում Տէրը այն թագաւորին, որ նստում է Դաւիթի աթոռի վերայ եւ այն ամեն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքումը, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն գնացել գերութիւնը։
  • 17Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ահա ես ուղարկում եմ նորանց մէջ սուրը, սովը եւ ժանտախտը, եւ նորանց ժանտ թուզերի պէս անեմ, որ գէշութիւնից չի ուտուիլ։
  • 18Եւ նորանց պիտի հալածեմ սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանց չարչարանքի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին՝ անէծքի ու զարմանքի եւ սուլելու ու նախատինքի համար ամեն ազգերի մէջ, ուր որ ես նորանց աքսորել եմ։
  • 19Որովհետեւ նորանք չ’լսեցին իմ խօսքերին, ասում է Տէրը, որ ես նորանց մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չ’լսեցիք, ասում է Տէրը։
  • 20Իսկ դուք լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր գերիներ, որոնց ես ուղարկել եմ Երուսաղէմիցը Բաբիլոն։
  • 21Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը Կովղիայի որդի Աքաաբի եւ Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ ձեզ սուտ մարգարէութիւն են անում իմ անունովը. Ահա ես պիտի մատնեմ նորանց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, եւ նա նորանց պիտի սպանէ ձեր աչքի առաջին։
  • 22Եւ նորանցից անէծք պիտի առնուի Յուդայի բոլոր գերիների համար, որ Բաբիլոնումն են, ասելով թէ Տէրը քեզ Սեդեկիայի եւ Աքաաբի պէս անէ, որոնց Բաբիլոնի թագաւորը խորովեց կրակով։
  • 23Որովհետեւ անզգամութիւն արին Իսրայէլի մէջ եւ շնութիւն արին իրանց ընկերների կանանցը հետ, եւ իմ անունովը սուտ խօսք խօսեցին, որ ես իրանց չէի պատուիրել, բայց ես գիտեմ եւ վկայ եմ, ասում է Տէրը։
  • 24Եւ Նեհելամացի Սեմայիայի հետ խօսիր ասելով.
  • 25Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Որովհետեւ դու քո անունովը թուղթեր ես ուղարկել բոլոր ժողովրդին, որ Երուսաղէմումն է եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային եւ քահանաներին ասելով.
  • 26Տէրը քեզ քահանայ է դրել Յովիադա քահանայի տեղ, որ վերակացուներ լինէք Տիրոջ տանը ամեն խելացնորող ու մարգարէացող մարդի դէմ, որ նորան դնես կոճղում եւ վզի շղթայում.
  • 27Եւ հիմա ի՞նչու չ’յանդիմանեցիր Անաթովթացի Երեմիային, որ մարգարէանում է ձեզ համար,
  • 28Որովհետեւ նա սորա համար թուղթ է ուղարկել մեզ մօտ Բաբիլոն, ասելով թէ Երկարատեւ է լինելու. տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը։
  • 29Եւ Սոփոնիա քահանան կարդաց այս թուղթը Երեմիա մարգարէի ականջների առաջին։
  • 30Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային ասելով.
  • 31Լուր ուղարկիր բոլոր երկիրներին ասելով. Այսպէս է ասում Տէրը Նեհելամացի Սեմայիայի մասին, որովհետեւ Սեմայիան ձեզ համար մարգարէացաւ, քանի որ ես նորան չէի ուղարկել եւ ձեզ սուտի յուսացրեց,
  • 32Դորա համար Տէրը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Նեհելամացի Սեմայիային եւ նորա սերունդին. Նորա համար մարդ պիտի չ’լինի այս ժողովրդի մէջ բնակող, եւ նա պիտի չ’տեսնէ այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին, ասում է Տէրը, որովհետեւ Տիրոջ դէմ ապստամբութիւն է խօսել։
← Ցանկ