ԵՐԵՄԻԱ30
  • 1Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ ասելով.
  • 2Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, թէ Գրիր քեզ համար մէկ գրքի մէջ այն բոլոր խօսքերը, որ քեզ հետ խօսել եմ.
  • 3Որովհետեւ ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ետ պիտի դարձնեմ իմ Իսրայէլ եւ Յուդա ժողովրդի գերութիւնը, ասում է Տէրը, եւ նորանց ետ պիտի դարձնեմ այն երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին, եւ պիտի ժառանգեն նորան։
  • 4Եւ սորանք են այն խօսքերը, որ Տէրը խօսել է Իսրայէլի եւ Յուդայի մասին.
  • 5Թէ այսպէս է ասում Տէրը՝ Սոսկալի ձայն լսեցինք, վախ կայ եւ խաղաղութիւն չ’կայ։
  • 6Մէկ հարցրէք եւ տեսէք, թէ արուն կ’ծնի՞, ապա ի՞նչու եմ տեսնում ամեն մարդ ձեռքերը երանքին դրած ծննդականի պէս, եւ ամեն երեսները փոխուած դեղնացած։
  • 7Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չ’կայ. Եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. Բայց նա ազատուելու է նորանից։
  • 8Եւ կ’լինի այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես կ’կոտրեմ նորա լուծը քո պարանոցիցը, եւ քո կապերը կ’կոտրեմ. Որ նորան այլ եւս չեն ծառայեցնել օտարները։
  • 9Եւ նորանք կ’ծառայեն իրանց Տէր Աստուծուն, եւ իրանց Դաւիթ թագաւորին, որին ես կ’յարուցանեմ նորանց համար։
  • 10Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ կ’ազատեմ հեռուից եւ քո սերունդին իրանց գերութեան երկրիցը. Եւ Յակոբը ետ կ’դառնայ եւ հանդարտ ու հանգիստ կ’լինի. Եւ վախեցնող չի լինիլ։
  • 11Որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, քեզ ազատելու համար, նորա համար որ պիտի վերջացնեմ այն բոլոր ազգերը, ուր որ ես քեզ ցրիւ եմ տուել. բայց քեզ պիտի չ’վերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ իրաւունքով եւ քեզ բնաւ անմեղ պիտի չ’համարեմ։
  • 12Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Յուսահատական է քո կոտրուածը, ցաւալի՝ քո հարուածը.
  • 14Քո բոլոր հոմանիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում. Որովհետեւ թշնամիի հարուածով հարուածեցի քեզ՝ անգութի պատիժով, քո անօրէնութիւնների շատութեան համար. Շատացել էին քո մեղքերը։
  • 15Ի՞նչ ես աղաղակում քո կոտրուածի համար, յուսահատական է քո ցաւը. Քո անօրէնութիւնների շատութեան համար, որ շատացել էին քո մեղքերը, ես արի այս բաները քեզ։
  • 16Սորա համար բոլոր քեզ ուտողները պիտի ուտուին, եւ բոլոր քեզ նեղողները՝ ամենքն էլ գերի պիտի գնան. Եւ քեզ յափշտակողները պիտի յափշտակուին. Եւ բոլոր քեզ կողոպտողներին պիտի տամ կողոպուտի։
  • 17Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տէրը. Որովհետեւ քեզ՝ Աքսորուած կոչեցին, թէ սա այն Սիօնն է, որին խնդրող չ’կայ։
  • 18Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ետ պիտի դարձնեմ Յակոբի վրանների գերութիւնը. Եւ նորա բնակարաններին պիտի ողորմեմ, եւ քաղաքը պիտի շինուի իր փլատակների թումբի վերայ, եւ պալատը իր կարգի համեմատ բնակարան լինի։
  • 19Եւ նորանցից պիտի դուրս գայ գովասանութիւն եւ ուրախացողների ձայն. Եւ նորանց պիտի շատացնեմ, ու պիտի չ’քիչանան նորանք. Եւ նորանց պիտի փառաւորեմ, եւ պիտի չ’նուաստանան։
  • 20Եւ նորա որդիքը առաջուայ պէս պիտի լինեն, եւ նորանց ժողովքը պիտի հաստատուի իմ առաջին, եւ ես պիտի այցելեմ նորա բոլոր հարստահարիչներին։
  • 21Եւ նորա մեծաւորը պիտի իրանից լինի, եւ նորա իշխանն իր միջիցը պիտի դուրս գայ, եւ ես պիտի մօտեցնեմ նորան, եւ նա պիտի մօտ լինի ինձ. Որովհետեւ ո՞վ է նա որ վստահանայ իր սրտովն ինձ մօտենալու, ասում է Տէրը։
  • 22Եւ դուք կ’լինէք ինձ համար ժողովուրդ, եւ ես կ’լինեմ ձեզ համար՝ Աստուած։
  • 23Ահա Տիրոջ մրրիկը բարկութեամբ պիտի դուրս գայ. Շառաչող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։
  • 24Տիրոջ բարկութեան բորբոքումը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի հասկանաք այս։
← Ցանկ