ԵՐԵՄԻԱ31
  • 1Այն ժամանակ, ասում է Տէրը, ես Աստուած կ’լինեմ Իսրայէլի բոլոր ազգատոհմների համար. եւ նորանք ինձ համար ժողովուրդ կ’լինեն։
  • 3Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով։
  • 4Եւ քեզ միւսանգամ պիտի շինեմ, եւ դու պիտի շինուիս, ով Իսրայէլի կոյսը. միւսանգամ պիտի զարդարուիս քո թմբուկներովը, եւ պիտի դուրս գաս ուրախացողների պարախումբի մէջ։
  • 5Միւսանգամ պիտի այգիներ տնկես Սամարիայի սարերի վերայ, տնկողները պիտի տնկեն եւ քաղեն։
  • 6Որովհետեւ կայ այն օրը, որ պահապանները պիտի կանչեն Եփրեմի սարի վերայ. Վեր կացէք եւ վեր գնանք Սիօն դէպի մեր Տէր Աստուծուն։
  • 7Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ուրախութեամբ երգեցէք Յակոբի համար, եւ ցնծացէք ազգերի գլխի վերայ, բարձրաձայն գովաբանեցէք ու ասեցէք. Փրկիր, ով Տէր, քո ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդին։
  • 8Ահա ես նորանց պիտի բերեմ հիւսիսի երկրիցը, եւ պիտի ժողովեմ նորանց երկրի ծայրերիցը, նորանց հետ կոյրին ու կաղին, յղիին ու ծնածին միասին. մի մեծ ժողովք պիտի դառնայ այստեղ։
  • 9Լացով են գալու, եւ աղաչանքներով եմ բերելու նորանց. նորանց պիտի առաջնորդեմ դէպի ջրերի վտակները, ուղիղ ճանապարհով, որի մէջ պիտի չ’գայթակղեն. որովհետեւ ես Իսրայէլին հայր եղայ, եւ Եփրեմը իմ անդրանիկն է։
  • 10Լսեցէք Տիրոջ խօսքը, ով ազգեր, եւ իմացրէք հեռաւոր կղզիներին, եւ ասեցէք. Իսրայէլին ցրիւ տուողը պիտի ժողովէ նորան, եւ նորան պիտի պահպանէ ինչպէս հովիւն իր հօտը։
  • 11Որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին եւ նորան ազատել է նորանից մի աւելի զօրաւորի ձեռքից։
  • 12Եւ պիտի գան ու ցնծան Սիօնի բարձրութիւնովը, եւ պիտի հոսելով գան դէպի Տիրոջ բարիքները, դէպի ցորենը եւ դէպի գինին եւ դէպի իւղը, եւ դէպի հօտերն ու արջառները. եւ նորանց անձերը պիտի լինեն ջրուած պարտէզի պէս, եւ այլ եւս պիտի չ’նուաղեն։
  • 13Այն ժամանակ կոյսը պիտի ուրախանայ պարախումբովը, եւ երիտասարդներն ու ծերերը միասին. եւ ես կ’դարձնեմ նորանց սուգը ուրախութեան, ու կ’մխիթարեմ նորանց, եւ նորանց կ’ուրախացնեմ նորանց տրտմութիւնիցը։
  • 14Եւ պիտի պարարտացնեմ քահանաների հոգիները իւղով, եւ իմ ժողովուրդը պիտի կշտանայ իմ բարիքովը, ասում է Տէրը։
  • 15Այսպէս է ասում Տէրը. Ռամայում մի ձայն լսուեցաւ դառնագին ողբ՝ լաց. Ռաքէլը լաց է լինում իր որդկանցը համար, չէ ուզում մխիթարուիլ իր որդկանցը համար, որ չ’կան։
  • 16Այսպէս է ասում Տէրը. Դադարեցրու ձայնդ լալուց եւ աչքերդ արտասուքից, որովհետեւ վարձք կայ քո գործքի համար, ասում է Տէրը. եւ ետ պիտի դառնան թշնամիի երկրիցը։
  • 17Եւ յոյս կայ քո ապագայի համար, ասում է Տէրը, եւ որդիքը ետ պիտի դառնան իրանց սահմանը։
  • 18Իրաւ ես լսել եմ Եփրեմին ողբալիս. Ինձ խրատեցիր, եւ ես խրատուեցայ չ’սովորած զուարակի նման. ինձ դարձրու, եւ ես կ’դառնամ, որովհետեւ դու ես, ով Տէր, իմ Աստուածը։
  • 19Իրաւ՝ իմ դառնալուց յետոյ զղջացի, եւ խելօքանալուցս յետոյ զարկեցի իմ ազդրին, ամաչեցի եւ պատկառեցի էլ, որովհետեւ կրեցի իմ մանկութեան անարգանքը։
  • 20Մի՞թէ պատուական որդի է ինձ համար Եփրեմը, կամ մի սիրական զաւակ է նա, որ քանի անգամ որ խօսում եմ նորա վերայ, էլի յիշում եմ նորան անպատճառ, սորա համար գալարում են իմ աղիքները. ես անշուշտ պիտի ողորմեմ նորան, ասում է Տէրը։
  • 21Կոթողներ տնկիր քեզ համար, քեզ համար սիւներ դիր. սիրտդ տուր քո գնալու ճանապարհին՝ պողոտային, ետ դարձիր, ով Իսրայէլի կոյսը, ետ դարձիր դէպի քո այս քաղաքները։
  • 22Մինչեւ ե՞րբ պիտի տարուբերուիս, ով ապստամբ աղջիկ. որովհետեւ Տէրը նոր բան է ստեղծել երկրիս վերայ, կինը պիտի շրջապատէ մարդին։
  • 23Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դեռ պիտի ասեն այս խօսքը Յուդայի երկրումը եւ նորա քաղաքներումը, երբոր ես ետ կ’դարձնեմ նորանց գերութիւնը։ Քեզ օրհնէ Տէրը, ով արդարութեան բնակարան, սուրբ սար։
  • 24Եւ նորանում պիտի բնակուեն Յուդան եւ նորա բոլոր քաղաքները միասին, երկրագործներ եւ հօտերով չուողներ։
  • 25Որովհետեւ ես պիտի զովացնեմ վաստակած հոգին, եւ ամեն նուաղած հոգին պիտի կշտացնեմ։
  • 26Սորա համար զարթնեցի եւ նայեցի, եւ իմ քունը քաղցր էր ինձ համար։
  • 27Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, եւ Իսրայէլի տանը եւ Յուդայի տանը պիտի սերմեմ մարդի սերունդ եւ անասունի սերունդ։
  • 28Եւ ինչպէս որ հսկեցի նորանց վերայ՝ նորանց խլելու, փչացնելու, քանդելու, կորցնելու եւ չարչարելու համար, նոյնպէս պէտք է հսկեմ նորանց վերայ շինելու եւ տնկելու համար, ասում է Տէրը։
  • 29Այն օրերը այլ եւս չեն ասիլ՝ Հայրերը ազոխ են կերել եւ որդկանց ատամները առել է։
  • 30Այլ ամեն մարդ իր անօրէնութեան համար պիտի մեռնէ, ամեն մարդ որ ազոխն ուտէ նորա ատամները պիտի առնէ։
  • 31Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Իսրայէլի տան հետ եւ Յուդայի տան հետ պիտի նոր ուխտ կապեմ։
  • 32Ոչ թէ այն ուխտի պէս, որ ես արի նորանց հայրերի հետ, այն օրը որ ես բռնեցի նորանց ձեռքերը Եգիպտոսի երկրիցը նորանց հանելու համար, որ իմ այն ուխտը նորանք զանց արին, թէպէտ ես նորանց հետ ամուսնականապէս կապուել էի, ասում է Տէրը։
  • 33Այլ այս է այն ուխտը, որ պիտի կապեմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը. Իմ օրէնքը պիտի դնեմ նորանց ներսումը, եւ նորանց սրտի վերան պիտի գրեմ այն, եւ ես պիտի լինեմ նորանց Աստուած, եւ նորանք պիտի ինձ համար ժողովուրդ լինեն։
  • 34Եւ այլ եւս մէկ մարդ իր ընկերին եւ մէկ մարդ իր եղբօրը պիտի չ’սովորեցնէ, ասելով թէ Ճանաչեցէք Տիրոջը, որովհետեւ նորանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նորանց փոքրերիցը մինչեւ նորանց մեծերը, ասում է Տէրը. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքերը այլ եւս պիտի չ’յիշեմ։
  • 35Այսպէս է ասում Տէրը, որ արեգակը դրել է օրուան լոյսի համար, լուսնի եւ աստղերի կանոնները գիշերուայ լոյսի համար, որ սաստում է ծովին, երբոր նորա ալիքները գոռում են. նորա անունը Զօրաց Եհովայ է.
  • 36Եթէ վերանան այս կանոնները իմ առաջից, ասում է Տէրը, Իսրայէլի սերունդն էլ կ’դադարեն իմ առաջին ամեն ժամանակ ազգ լինելուց։
  • 37Այսպէս է ասում Տէրը, Եթէ երկինքը կ’չափուի վերեւումը, եւ կ’քննուին երկրի հիմունքը ցածումը, ես էլ կ’մերժեմ Իսրայէլի բոլոր սերունդը իրանց բոլոր արածների համար, ասում է Տէրը։
  • 38Ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ քաղաքը պիտի շինուի Տիրոջ համար, Անանայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը։
  • 39Եւ պիտի էլի դուրս գնայ չափի լարը դէպի առաջ մինչեւ Գարեբի բլուրը եւ ետ դառնայ դէպի Գոաթ։
  • 40Եւ դիակների ու մոխրի բոլոր ձորը եւ բոլոր արտերը մինչեւ Կեդրոն հեղեղատը մինչեւ Ձիերի դռան անկիւնը դէպի արեւելք, սուրբ պիտի լինի Տիրոջ համար, այլ եւս պիտի յաւիտեան չ’քանդուի եւ փուլ ածուի։
← Ցանկ