ԵՐԵՄԻԱ6
  • 1Փախէք, ով Բենիամինի որդիք, Երուսաղէմի միջիցը, եւ Թեկուէումը փող հնչեցրէք, եւ Բեթաքարմայի վերայ նշան բարձրացրէք. որ չարիք է յարձակուել հիւսիսից եւ մեծ կոտորած։
  • 2Ես լռեցնում եմ վայելչագեղ եւ փափկացեալ Սիօնի աղջկանը։
  • 4Սուրբ պատերազմ որոշեցէք նորա դէմ, վեր կացէք, որ վեր գնանք կէս օրին. Վա՜յ մեզ, որ օրը դարձել է, եւ երկարացել են երեկոյեան ստուերները։
  • 5Վեր կացէք, որ վեր գնանք գիշերով, եւ կործանենք նորա պալատները։
  • 6Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փայտ կտրեցէք եւ պատնէշ կառուցէք Երուսաղէմի դէմ. Այս քաղաքին այցելութիւն պիտի լինի, բոլոր նորա միջինը զրկանք է։
  • 7Ինչպէս որ ջրհորը բղխում է իր ջուրերը, նոյնպէս էլ նա բղխում է իր չարութիւնը. նորանում զրկանք եւ յափշտակութիւն է լսվում, իմ առաջին կան միշտ ցաւ եւ հարուած։
  • 8Խրատուիր, ով Երուսաղէմ, որ հոգիս քեզանից չ’բաժանուի, որ քեզ աւերակ երկիր չ’շինեմ անբնակ։
  • 9Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Բոլորովին ճռաքաղ պիտի անեն որթի պէս Իսրայէլի մնացորդին. Ձեռքդ դարձրու քաղողի պէս դէպի կողովը։
  • 10Ո՞ւմ ասեմ եւ վկայեմ, որ լսեն. Ահա նորանց ականջը անթլփատ է, եւ չեն կարող լսել, ահա Տիրոջ խօսքը նորանց համար անարգանք եղաւ, նորանից չեն ախորժում։
  • 11Սակայն Տիրոջ բարկութիւնովը լիքն եմ, յոգնած եմ տանելուցը։ Թափիր տղերանց վերայ դրսումը եւ երիտասարդների բոլոր խմբի վերայ. Որովհետեւ մարդն էլ կնկայ հետ պիտի բռնուին, ծերը՝ տարիները առածի հետ։
  • 12Եւ նորանց տները պիտի ուրիշների անցնեն, ագարակներն ու կանայքն միասին. Որ իմ ձեռքը պիտի երկարացնեմ երկրի բնակիչների վերայ, ասում է Տէրը։
  • 13Որովհետեւ նորանց պզտիկիցը մինչեւ նորանց մեծը, բոլորն էլ շահի ագահ են. Եւ մարգարէիցը մինչեւ քահանան բոլորն էլ ստաբաններ են։
  • 14Եւ իմ ժողովրդի աղջկայ վէրքը բժշկում են թեթեւ կերպով, ասելով՝ Խաղաղութիւն, խաղաղութիւն. Քանի որ խաղաղութիւն չ’կայ։
  • 15Մի՞թէ ամաչում են պղծութիւն անելիս, ոչ ամաչել են ամաչում, ոչ պատկառել գիտեն. Դորա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, եւ ես նորանց այցելելիս պիտի գլորուին, ասում է Տէրը։
  • 16Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէք ճանապարհներին եւ տեսէք եւ հարցրէք վաղեմի ճանապարհներից, թէ արդեօք որն է լաւ ուղին, այն ժամանակ գնացէք նորանով. Եւ դուք հանգստութիւն կ’գտնէք ձեր հոգիների համար։ Բայց նորանք ասում են՝ Չենք գնում։
  • 17Եւ ձեզ վերայ դէտեր նշանակեցի, թէ Ուշադիր եղէք փողի ձայնին, բայց նորանք ասում են՝ Ուշադիր չենք լինում։
  • 18Ուրեմն լսեցէք, ով ազգեր, եւ իմացիր, ով ժողով, նորանց միջինը։
  • 19Լսիր, ով երկիր, ահա ես այս ժողովրդի վերայ չարիք եմ բերելու, նորանց խորհուրդների պտուղը. Որ ուշ չ’դարձրին իմ խօսքերին, եւ իմ օրէնքն էլ մերժեցին։
  • 20Ի՞նչու Սաբայից կնդրուկ գայ ինձ համար, եւ անուշահոտ խնկեղէգը՝ հեռու երկրից. ձեր ողջակէզները ընդունելի չեն, եւ ձեր զոհերը ինձ հաճելի չեն։
  • 21Վասն որոյ այսպէս է ասում Տէրը. Ահա ես խոչեր եմ դնում այս ժողովրդի համար. Եւ նորանցով պիտի գլորուին հայրերը եւ որդիքը մէկտեղ, դրացին եւ նորա հարեւանը պիտի կորչեն։
  • 22Այսպէս է ասում Տէրը. Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսի երկրիցը, եւ մի մեծ ազգ է դուրս գալիս երկրի ծայրերիցը։
  • 23Աղեղ եւ նիզակ են բռնած, անգութ են եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը գոռում է ծովի նման, եւ ձիերի վերայ են հեծնում, շարուած են պատերազմի մարդկանց պէս քեզ դէմ, ով Սիօնի աղջիկ։
  • 24Նորա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան, ցաւը մեզ բռնեց ծննդականի երկունքի պէս։
  • 25Դուրս մի գնաք արտերը եւ ճանապարհին մի կանգնէք, որովհետեւ թշնամիի սուրը կայ. Վախ է շուրջանակի։
  • 26Ով իմ ժողովրդի աղջիկ, քուրձ հագիր, եւ մոխրում թաւալուիր. Միամօրի սուգ արա՝ դառնակսկիծ կոծ, որ յանկարծակի պիտի գայ կործանողը մեզ վերայ։
  • 27Ես քեզ իմ ժողովրդի մէջ փորձող եմ շինել իբրեւ մի բերդ, որ իմանաս նորանց ճանապարհը եւ փորձես։
  • 28Նորանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկութեամբ վարուողներ են՝ պղինձ եւ երկաթ. Նորանք ամենքն էլ ապականիչ են։
  • 29Փուքսը այրուեցաւ. Կրակիցը վերջացաւ կապարը, զուր է հալեցնում հալեցնողը. Որովհետեւ չարերը չ’ջոկուեցան։
  • 30Խոտան արծաթ են կոչելու նորանց, որովհետեւ Տէրը մերժեց նորանց։
← Ցանկ