ԵՐԵՄԻԱ7
  • 1Այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմիցն ասելով.
  • 2Կանգնիր Տիրոջ տան դռանը եւ այնտեղ կանչիր այս խօսքը, եւ ասիր՝ Լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր Յուդա, որ մտնում էք այս դռներովը Տիրոջը երկրպագելու։
  • 3Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Լաւացրէք ձեր ճանապարհներն ու ձեր գործերը, եւ ես ձեզ կ’թողեմ, որ բնակուէք այս տեղը։
  • 4Մի յուսաք սուտ խօսքերի ասելով՝ Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն են սորանք։
  • 5Այլ եթէ դուք լաւացնէք ձեր ճանապարհներն ու գործերը, եթէ դուք իրաւունք անէք մարդի եւ իր ընկերի մէջ,
  • 6Օտարին, որբին եւ որբեւայրիին չ’զրկէք, եւ անմեղ արիւն չ’թափէք այս տեղը, եւ ուրիշ աստուածների ետեւից չ’գնաք ձեր չարիքովը.
  • 7Այն ժամանակ ես ձեզ կ’թողեմ, որ բնակուէք այստեղ՝ այս երկրումը, որ ես տուել եմ ձեր հայրերին յաւիտենից յաւիտեանս։
  • 8Ահա դուք ձեզ համար սուտ խօսքերի էք յոյս դնում, որոնք օգուտ չ’ունին։
  • 9Մի՞թէ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, եւ սուտ երդում անէք ու Բահաղին խունկ ծխէք, եւ այնպիսի աստուածների ետեւից գնաք, որոնց չէիք ճանաչում.
  • 10Եւ յետոյ գաք ու կանգնէք այս տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ ասէք. Ազատուեցանք բոլոր այս գարշութիւններն անելու համար։
  • 11Մի՞թէ աւազակների այր է այս տունը, որի վերայ կոչուած է իմ անունը, ձեր աչքերի առաջին. Ահա ես էլ եմ տեսել, ասում է Տէրը։
  • 12Սակայն մէկ գնացէք իմ այն տեղը, որ Սելովումն է, ուր որ իմ անունը բնակել էի տալիս առաջ, եւ տեսէք, թէ ինչ եմ արել նորան իմ Իսրայէլ ժողովրդի չարութեան համար։
  • 13Եւ հիմա, որովհետեւ դուք արիք այս բոլոր գործերը, ասում է Տէրը, թէեւ խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով ու խօսելով, բայց դուք չ’լսեցիք, եւ կանչեցի ձեզ, բայց դուք չ’պատասխանեցիք.
  • 14Ես էլ պէտք է անեմ այն տանը, որի վերայ կանչուած է իմ անունը, եւ որին դուք ապաւինել էք, եւ այն տեղին, որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, ինչպէս որ արել եմ Սելովին.
  • 15Եւ ձեզ պէտք է դէն գցեմ իմ երեսի առաջիցը, ինչպէս որ դէն եմ գցել ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի բոլոր սերունդին։
  • 16Ուրեմն դու մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, եւ նորանց համար ինձ մի բարեխօսիր, որովհետեւ ես քեզ չեմ լսելու։
  • 17Մի՞թէ դու չես տեսնում, թէ դու չես տեսնում, թէ նորանք ինչ են անում Յուդայի քաղաքներումը, եւ Երուսաղէմի փողոցներումը։
  • 18Որդիքը փայտեր են ժողովում եւ հայրերը կրակ են վառում, եւ կնիկները խմոր են հունցում, որ երկնքի թագուհիի համար բլիթներ շինեն, եւ թափելու նուէրներ նուիրեն ուրիշ աստուածների, որպէս զի ինձ բարկացնեն։
  • 19Մի՞թէ ինձ են բարկացնում նորանք, ասում է Տէրը. Չէ՞ որ իրանց՝ որ ամօթահար անեն իրանց երեսը։
  • 20Սորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ բարկութիւնն ու իմ ցասումը պիտի թափուի այս տեղի վերայ. Մարդի վերայ եւ անասունի վերայ, դաշտի ծառի վերայ եւ երկրի պտղի վերայ, որ այրէ եւ չ’հանգչէ։
  • 21Այսպէս է ասում Զօրաց Տէրն՝ Իսրայէլի Աստուածը. Ձեր ողջակէզները աւելացրէք ձեր զոհերի վերայ, եւ միս կերէք։
  • 22Որովհետեւ ես չեմ խօսել ձեր հայրերի հետ եւ նորանց պատուէր չեմ տուել, այն ժամանակ երբոր նորանց դուրս հանեցի Եգիպտոսի երկրիցը ողջակէզի եւ զոհի վերաբերութեամբ։
  • 24Բայց նորանք չ’լսեցին եւ ականջ չ’դրին, եւ վարուեցան իրանց խորհուրդներովը իրանց չար սրտի կամակորութիւնովը, եւ ետ գնացին, եւ ոչ թէ առաջ։
  • 25Այն օրից որ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից մինչեւ այսօր, ես ուղարկում եմ ձեզ մօտ իմ ամեն ծառաներին՝ մարգարէներին ամեն օր կանուխ վեր կենալով ուղարկում եմ։
  • 26Բայց նորանք չ’լսեցին ինձ եւ ականջ չ’դրին, այլ իրանց վիզը խստացրին՝ իրանց հայրերիցը չար եղան։
  • 27Եւ դու ասում ես նորանց այս բոլոր բաները, բայց նորանք քեզ չեն լսում, եւ դու կանչում ես նորանց, բայց նորանք չեն պատասխանում։
  • 28Ուրեմն ասիր նորանց. Սա այն ազգն է, որ չէ լսում իր Տէր Աստուծոյ ձայնը, եւ խրատ չեն ընդունում, ճշմարտութիւնը կորել եւ կոտրուել է նորանց բերանիցը։
  • 29Մազերդ խուզիր եւ դէն գցիր, ով Երուսաղէմ, եւ ողբ բարձրացրու բլուրների վերայ, որ Տէրը մերժեց եւ դէն գցեց իր սրտմտութեան սերունդը։
  • 30Որովհետեւ Յուդայի որդիքը չարութիւն արին իմ աչքի առաջին, ասում է Տէրը, իրանց գարշելիքը դրին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը, որ պղծեն նորան։
  • 31Եւ շինեցին Տօփեթի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն են, որ կրակով այրեն իրանց տղերանցը եւ իրանց աղջկերանցը, որն որ ես չ’պատուիրեցի, եւ միտքս էլ չէր եկել։
  • 32Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ չի ասուիլ այլ եւս Տօփեթ կամ Ենովմի որդիի ձոր, այլ Սպանութեան ձոր, եւ Տոփեթումն այնքան կ’թաղեն, որ էլ տեղ չի մնալ։
  • 33Եւ այս ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին, եւ նորանց վախեցնող չէ լինելու։
  • 34Եւ պիտի դադարեցնեմ Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, որովհետեւ երկիրը աւերակ պիտի լինի։
← Ցանկ