ԴԱՆԻԵԼ1
  • 1Յուդայի թագաւոր Յովակիմի թագաւորութեան երրորդ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց նորան։
  • 2Եւ Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորին եւ Աստուծոյ տան անօթների մի մասը նորա ձեռքը մատնեց, եւ նա նորանց տարաւ Սենաար երկիրը իր աստուծոյ տունը. Եւ անօթները դրաւ իր աստուծոյ գանձատանը։
  • 3Եւ թագաւորն ասեց իր ներքնապետ Ասփանէզին, որ բերէ Իսրայէլի որդկանցից եւ թագաւորական սերունդից ու իշխանազուններից՝
  • 4Բնաւ արատ չունեցող եւ գեղեցկադէմ եւ ամեն իմաստութեան ընդունակ եւ գիտութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք, եւ նորանց սովորեցնէ Քաղդէացիների գիրն ու լեզուն։
  • 5Եւ թագաւորը նորանց համար օրական ռոճիկ որոշեց թագաւորի կերակուրիցը եւ իր խմած գինիիցը. Եւ որ նորանց սնուցանէ երեք տարի. Եւ յետոյ կանգնեն թագաւորի առաջին։
  • 6Եւ նորանցում կային Յուդայի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։
  • 7Եւ ներքնապետը նորանց անուններ դրաւ. Եւ Դանիէլին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայէլին՝ Միսաք եւ Ազարիային՝ Աբեդնագով։
  • 8Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չ’պղծէ թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չ’պղծէ։
  • 9Եւ Աստուած Դանիէլին շնորհք եւ ողորմութիւն տուաւ ներքնապետի առաջին։
  • 10Եւ ներքնապետը ասեց Դանիէլին. Ես վախենում եմ իմ տէր թագաւորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը. Որովհետեւ ի՞նչու համար նա ձեր երեսները վատ տեսնէ այն տղերանց երեսներից որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անէք թագաւորի մօտ։
  • 11Եւ Դանիէլն ասեց Մելսարին, որին ներքնապետը դրել էր Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վերայ,
  • 12Աղաչում եմ՝ փորձիր ծառաներիդ մի տասն օր, եւ մեզ ուտելու համար ընդեղէն եւ խմելու համար ջուր տան.
  • 13Եւ երեւան քո առաջին մեր դէմքը եւ այն տղերանց դէմքը որ թագաւորի կերակրիցն ուտում են, եւ ինչպէս որ տեսնես, նորա համեմատ արա ծառաներիդ հետ։
  • 14Եւ նա լսեց նորանց այս բանի համար, եւ նորանց փորձեց տասն օր։
  • 15Եւ տասն օրից յետոյ նորանց դէմքը աւելի լաւ եւ մարմնով գէր էին քան թէ այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագաւորի կերակրիցը։
  • 16Եւ Մելսարը վեր էր առնում նորանց թագաւորական կերակուրը եւ նորանց խմելու գինին եւ նորանց ընդեղէն էր տալիս։
  • 17Եւ Աստուած այս չորս տղերանց գիտութիւն եւ հանճար տուաւ ամեն դպրութիւնում եւ իմաստութիւնում, եւ Դանիէլը հասկանում էր ամեն տեսիլք եւ երազ։
  • 18Եւ այն օրերը վերջանալուց յետոյ, որ թագաւորը հրամայել էր նորանց բերել, այն ժամանակ ներքնապետը բերաւ նորանց Նաբուգոդոնոսորի առաջը։
  • 19Եւ թագաւորը խօսեց նորանց հետ, եւ նորանցից մէկը չ’գտնուեցաւ Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի պէս. Եւ նորանք կանգնեցին թագաւորի առաջին։
  • 20Եւ իմաստութեան գիտութեան վերաբերեալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերիցն ու հմայողներիցը։
  • 21Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս թագաւորի առաջի տարին։
← Ցանկ