ՂԵՒՏԱՑՈՑ11
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով նորանց.
  • 2Խօսեցէք Իսրայէլի որդիների հետ եւ ասացէք. Այս են այն անասունները որ կարող էք ուտել՝ երկրի վերայ եղած բոլոր անասուններից.
  • 3Ամեն կճղակաւոր եւ կճղակը ճեղքուած որոճացող անասունը ուտէք։
  • 4Բայց որոճացողներիցը, եւ կճղակաւորներիցը սորանց պիտի չ’ուտէք. Ուղտը, թէեւ նա որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։
  • 5Եւ ճագարը, թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, անմաքուր լինի ձեզ համար։
  • 6Եւ նապաստակը, թէեւ որոճում է, բայց կճղակաբաշխ չէ, նա անմաքուր լինի ձեզ համար։
  • 7Եւ խոզը, թէեւ կճղակաւոր է եւ ճեղքուած կճղակ ունի, բայց չէ որոճում, նա անմաքուր լինի ձեզ համար։
  • 8Նորանց մսիցը չ’ուտէք, եւ դիակներին չ’դպչէք. նորանք անմաքուր են ձեզ համար։
  • 9Ջրերի մէջ բոլոր եղածներիցը սորանք ուտեք. ջրերի մէջ՝ այսինքն ծովերի մէջ եւ գետերի մեջ. ամեն թեւ եւ թեփ ունեցողը ուտեք:
  • 10Բայց չուտեք այն ամենը, որ թեւ եւ թեփ չունին՝ ծովերի մէջ եւ գետերի մէջ ջրերի բոլոր զեռուններից՝ եւ ջրերի մէջ եղած բոլոր շնչաւոր կենդանիներից՝ պիղծ լինին ձեզ համար:
  • 11Եւ պիղծ լինին նորանք ձեզ համար. նորանց մսիցը պիտի չուտէ՛ք, եւ նորանց դիերիցը պիտի զզուիք:
  • 12Ջրերի մէջ եղած բոլոր անթեւ եւ անթեփ եղածները պիղծ լինին ձեզ համար:
  • 13Եւ թռչունների մեջ սորանցից զզուեցէք. նորանք չ’ուտուին, պիղծ են. արծիւը, եւ պասկուճը, եւ գետարծիւը,
  • 14Եւ անգղը, եւ ցինը իր տեսակի պես,
  • 15Ամեն ագռաւը իր տեսակի պէս,
  • 16Եւ ջայլամը. եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակի պէս,
  • 17Եւ հաւպատիրը, եւ հողամաղը, եւ քաջահաւը,
  • 18Եւ կարապը, եւ հաւալուսը, եւ սեւ անգղը,
  • 19Եւ արագիլը, եւ քարադրը իր տեսակի պես, եւ յոպոպը, եւ չիղջը:
  • 20Ամեն չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուն պիղծ լինի ձեզ համար:
  • 21Իսկ սորանց ուտէք. բոլոր չորս ոտքի վերայ գնացող թռչող զեռուններից՝ երկրի վերայ ոստոստալու համար իրանց ոտքերի վերայ ազդր ունեցողները:
  • 22Նորանցից սորանց ուտէք՝ մարախն իր տեսակի պես, եւ խարագուլը իր տեսակի պես, եւ օձամարտն իր տեսակի պես:
  • 23Բայց մնացած բոլոր չորս ոտքով թռչող զեռունները պիղծ լինեն ձեզ համար.
  • 24Եւ նորանցով դուք անմաքուր կ’լինիք. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:
  • 25Եւ ամեն նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները լուանա, եւ մինչև իրիկուն անմաքուր լինի:
  • 26Բոլոր անասունները որոնք կճղակաւոր են, բայց կճղակը ճեղքուած չէ, եւ չեն որոճում, անմաքուր են ձեզ համար. ամեն նորանց դպչողը անմաքուր լինի:
  • 27Եւ բոլոր չորս ոտքի վերայ գնացող անասուններից իրանց թաթերի վերայ գնացողների ամենը անմաքուր լինի ձեզ համար. ամեն նորանց դիակներին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի:
  • 28Եւ նորանց դիակները վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. նորանք անմաքուր են ձեզ համար:
  • 29Եւ երկրի վերայ սողացող սողունների մէջ սորանք անմաքուր լինեն ձեզ համար. աքիսը՝ եւ մուկը՝, եւ տիտեռը իր տեսակի պես,
  • 30Եւ անական՝ եւ քոյը՝ եւ լեթատն՝ եւ խոմէթը՝ եւ գետնառիւծը:
  • 31Բոլոր սողացողների մէջ ձեզ համար անմաքուրները սորանք են. ամեն ով որ նորանց մեռածին դպչի, մինչեւ իրիկուն անմաքուր լինի:
  • 33Եւ ամեն ինչ հողի ամանի մէջ որ նորանցից ընկնելու լինի, ամեն ինչ որ նորա մէջ է՝ անմաքուր պիտի լինի, եւ այն ամանը պիտի կոտրէք:
  • 34Ամեն ուտուելու կերակուրը որի վերայ այն ջրիցը գայ, անմաքուր պիտի լինի, նոյնպէս ամեն այնպիսի ամանի մէջ եղած բոլոր խմուելու խմելիքը անմաքուր պիտի լինի:
  • 35Եւ ամեն բան՝ որի վերայ սորանց դիակն ընկնի, անմաքուր պիտի լինի. թե թոնիր եւ թե վառարան լինի՝ պիտի քանդուի. սորանք անմաքուր են, եւ անմաքուր պիտի լինեն ձեզ համար:
  • 36Բայց աղբիւրը եւ հորը եւ ջրակոյտը, մաքուր պիտի լինի. սակայն նորանց դիակներին դպչողը անմաքուր լինի:
  • 37Եւ եթէ նորանց դիակը ցանուելու սերմի վերայ ընկնի՝ նա մաքուր է:
  • 38Բայց եթէ սերմի վերայ ջուր դրուած լինի եւ նորայ վերայ ընկնի նորանց դիակը նա ձեզ համար անմաքուր պիտի լինի:
  • 39Եւ եթէ ձեր ուտելու կենդանիներից մէկը մեռնի, նորա դիակին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի:
  • 40Եւ նորա դիակիցն ուտողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի. եւ նորա դիակը վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի:
  • 41Եւ երկրի վերայ սողացող ամեն սողունը պիղծ է, պիտի չ’ուտուի:
  • 42Երկրի վերայ բոլոր սողացող սողուններից ամեն իր փորի վերայ գնացողը՝ կամ ամեն չորս ոտքի վերայ գնացողը՝ մինչեւ ամեն բազմոտանին պիտի չ’ուտէք, որովհետեւ նորանք պիղծ են:
  • 43Ձեր անձերը չ’պղծէք ոչ մի սողացող սողունով. նորանցով չ’պղծուիք եւ անմաքուր չ’դառնաք նորանցով:
  • 44Որովհետեւ ես եմ ձեր Եհովայ Աստուածը. ուրեմն սրբեցէք ձեր անձերը եւ սուրբ եղէք, ըստ որում ես սուրբ եմ. եւ չ’պղծէք ձեր անձերը երկրի վերայ ոչ մի սողունով:
  • 45Որովհետեւ ես եմ Եհովան՝ որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի որ ձեզ համար Աստուած լինեմ եւ դուք սուրբ լինէք, որովհետեւ ես սուրբ եմ:
  • 46Այս է չորքոտանիների եւ թռչունների եւ ջրերի մէջ շարժող բոլոր շնչաւոր կենդանիների՝ եւ երկրի վերայ սողացող ամեն կենդանիների օրէնքը.
  • 47Անմաքուրի եւ մաքուրի մէջ եւ ուտուելու անասունի եւ չ’ուտուելու անասունի մէջ տարբերություն անելու համար:
← Ցանկ