ԱՄՈՎՍ2
  • 1Այսպէս է ասում Տէրը. Մովաբի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նա այրեց Եդովմի թագաւորի ոսկորները կիր շինեց.
  • 2Բայց կրակ պիտի գցեմ Մովաբի վերայ, եւ պիտի լափէ Կարիօթի պալատները, եւ պիտի աղաղակով մեռնէ Մովաբը, աղմուկով եւ փողի ձայնով։
  • 3Եւ պիտի փչացնեմ դատաւորը նորա միջիցը, եւ նորա բոլոր իշխաններին պիտի մեռցնեմ իրան հետ, ասում է Տէրը։
  • 4Այսպէս է ասում Տէրը. Յուդայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք անարգեցին Տիրոջ օրէնքը, եւ նորա պատուիրանքները չ’պահեցին. Այլ նորանց մոլորեցրին իրանց սուտերը, որոնց ետեւից գնացել էին իրանց հայրերը.
  • 5Բայց ես կրակ պիտի գցեմ Յուդայի մէջ, եւ պիտի լափէ Երուսաղէմի պալատները։
  • 6Այսպէս է ասում Տէրը. Իսրայէլի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք արդարը ծախեցին փողով, եւ տնանկը՝ մի զոյգ կօշիկի.
  • 7Որոնք փափաքում են երկրի հողին աղքատների գլխին, որոնք չքաւորների ճանապարհը ծռում են, եւ մարդն ու իր հայրը միեւնոյն աղջկան մօտ են գնում, որպէս զի պղծեն իմ սուրբ անունը։
  • 8Եւ գրաւ դրուած հանդերձների վերայ են պառկում, ամեն մի սեղանի կշտին. Եւ զրկուածների գինին են խմում իրանց աստուածների տանը.
  • 9Բայց ես բնաջինջ արի Ամօրհացիին նորանց առաջին, որի բարձրութիւնը եղեւինների բարձրութեան պէս էր, եւ որ պինդ էր կաղնիների նման. Եւ ես փչացրի նորա պտուղը իր վերայից, եւ նորա արմատները՝ տակիցը։
  • 10Եւ ես ձեզ վեր հանեցի Եգիպտոսի երկրիցը, եւ ձեզ ման ածեցի անապատումը քառասուն տարի, որ ժառանգէիք Ամօրհացիների երկիրը։
  • 11Եւ ձեր որդկանցից մարգարէներ վեր կացրի եւ ձեր երիտասարդներից ուխտաւորներ, ապա այսպէս չէ՞, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէրը։
  • 12Սակայն դուք ուխտաւորներին գինի խմեցրիք, եւ մարգարէներին պատուիրեցիք՝ ասելով. Մի մարգարէանաք։
  • 13Ահա ես ձեզ վայր պիտի ճնշեմ, ինչպէս որ ճնշում է որաներով լիքը սայլը։
  • 14Եւ փախչելը կ’կորչի արագընթացիցը. Եւ զօրաւորին չի քաջացնիլ նորա ոյժը եւ տղամարդը չի ազատիլ իր անձը։
  • 15Եւ աղեղ բռնողը չի դիմանալ, եւ իր ոտներով թեթեւը չի պրծնիլ, եւ ձի հեծածը չի ազատիլ իր անձը։
← Ցանկ