ՄԻՔԻԱ4
  • 1Եւ վերջի օրերը պիտի լինի որ Տիրոջ տան սարը հաստատուն պիտի լինի սարերի գլխին, եւ բարձր պիտի լինի բլուրներից, եւ ժողովուրդները հոսելով նորա մօտ պիտի գնան.
  • 2Եւ շատ ազգեր պիտի գնան եւ ասեն. Եկէք վեր գնանք Տիրոջ սարը, եւ Յակոբի Աստուծոյ տունը, որ նա մեզ սովորեցնէ իր ճանապարհները, եւ որ մենք գնանք նորա շաւիղներովը, որովհետեւ Սիօնից պիտի դուրս գայ օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։
  • 3Եւ նա շատ ժողովուրդների մէջ դատաստան պիտի անէ, եւ զօրաւոր ազգերին պիտի յանդիմանէ մինչեւ հեռուները. Եւ նորանք պէտք է կոտրատեն՝ իրանց սուրերը խոփեր շինեն, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ, ազգ ազգի վերայ սուր պիտի չ’բարձրացնէ, եւ այլ եւս պատերազմ պիտի չ’սովորեն։
  • 4Այլ ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի, որովհետեւ Զօրաց Տիրոջ բերանն է ասել։
  • 5Որովհետեւ բոլոր ժողովուրդները՝ իւրաքանչիւրն իր աստուծոյ անունովն է գնում, իսկ մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից։
  • 6Այն օրը, ասում է Տէրը, պիտի ժողովեմ կաղը, եւ աքսորուածը պիտի հաւաքեմ, եւ այն էլ՝ որին չարիք եմ արել։
  • 7Եւ կաղը պիտի մնացորդ շինեմ, եւ հեռու քշուածը՝ զօրաւոր ազգ. Եւ Տէրը պիտի թագաւորէ նորանց վերայ՝ Սիօն սարումն, այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
  • 8Եւ դու, ով հօտի աշտարակ, Սիօնի աղջկան բլուրը, մինչեւ քեզ է գալու եւ հասնելու առաջի իշխանութիւնը, Երուսաղէմի աղջկան թագաւորութիւնը։
  • 9Հիմա ի՞նչու ես գոռում գոչում թագաւորը մէջդ չէ՞, կամ թէ խորհրդականդ կորե՞լ է, որ քեզ ծննդականի պէս ցաւ է բռնել։
  • 10Գալարիր եւ ցաւագնիր ծննդականի պէս, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ հիմա դուրս ես գալու քաղաքիցը, եւ պիտի բնակուես դաշտումը, եւ պիտի գնաս մինչեւ Բաբիլոն, եւ այնտեղ պիտի ազատուիս, Տէրը քեզ այնտեղ պիտի ազատէ քո թշնամիների ձեռիցը։
  • 11Եւ հիմա քեզ վերայ շատ ազգեր են ժողովուել, որոնք ասում են. Թող պղծուի, եւ մեր աչքերը տեսնեն Սիօնին։
  • 13Վեր կաց ու կալը կասիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ես քո եղջիւրը երկաթի պիտի անեմ, եւ քո կճղակները պիտի պղնձի շինեմ, եւ դու շատ ժողովուրդներ պիտի մանրես. Եւ ես Տիրոջը պիտի նուիրեմ նորանց աշխատանքը, եւ նորանց ստացուածքը բոլոր երկրի Տիրոջը։
← Ցանկ