ԱՄԲԱԿՈՒՄ3
  • 2Ով Տէր, լսել եմ քո լուրը եւ վախեցել, ով Տէր, վերանորոգիր քո գործը տարիների մէջ, տարիների մէջ իմացրու, եւ բարկութեան մէջ ողորմութիւն յիշիր։
  • 3Աստուած Թեմանիցն եկաւ, եւ Սուրբը՝ Փարան սարիցը. (Սէլայ.) նորա փառքը ծածկեց երկինքը, եւ նորա գովաբանութեամբը լցուաւ երկիրը։
  • 4Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր, ճառագայթներ ունէր իր կողմին, եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը։
  • 5Նորա առաջին գնում էր ժանտախտը, եւ հրատագնապ տենդը դուրս էր գալիս նորա ոտների ետեւից։
  • 6Նա կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ դողացրեց ազգերը, եւ պատառոտուեցան վաղեմի սարերը, խոնարհուեցան մշտական բլուրները, յաւիտենական ընթացք ունի նա։
  • 7Տագնապի տակ տեսայ Քուշանի վրանները, սարսեցին Մադիամի երկրի առագաստները։
  • 8Մի՞թէ գետերին է բարկացել Տէրը, կամ գետերին էր քո ցասումը, կամ ծովին՝ քո սրտմտութիւնը, որ հեծար ձիերիդ՝ փրկութեան կառքերիդ։
  • 9Բոլորովին մերկացաւ քո աղեղը, ցեղերին արած քո երդումների եւ խօսքի համեմատ. (Սէլայ.) գետերով պատառեցիր երկիրը։
  • 10Քեզ տեսան սարերը եւ դողացին, ջրի հեղեղը անցաւ. Անդունդը տուաւ իր ձայնը. դէպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։
  • 11Արեգակը, լուսինը, կանգնում են իրանց կայանումը, նորանք ընթանում են քո նետերի լոյսովը, քո նիզակի փայլուն պայծառութիւնովը։
  • 12Բարկութեամբ քայլում ես երկրի վերայ, սրտմտութեամբ ոտնակոխում ես ազգերին։
  • 13Դու դուրս եկար քո ժողովրդի փրկութեան համար, քո օծեալի փրկութեան համար, ջարդեցիր գլուխը անօրէնի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչեւ պարանոցը։ (Սէլայ։)
  • 14Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրաւարների գլուխը, որոնք փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան. Որոնք ուրախութիւն ունին իբր թէ տնանկին ուտելու են ծածուկ տեղը։
  • 15Դու ճանապարհորդեցիր ծովումը քո ձիերովը, շատ ջրերի յորձանուտումը։
  • 16Լսեցի եւ ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտութիւն մտաւ իմ ոսկորների մէջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղութեան օրը, երբոր ժողովրդի վերայ է գալիս նա, որ նորան նեղում է։
  • 17Թէեւ թզենին չ’ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ’լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ’տան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չ’լինի գոմերումը,
  • 18Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ։
  • 19Տէր Եհովան իմ զօրութիւնն է, եւ իմ ոտները եղնիկներինի նման է անում. Եւ ինձ իմ բարձր տեղերի վերայ է ման ածում։ Գլխաւոր երաժշտին իմ նուագարաններով։
← Ցանկ