ԱՆԳԵ2
  • 1Եօթներորդ ամսի քսանեւմէկին եղաւ Տիրոջ խօսքը Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.
  • 2Մէկ ասիր Յուդայի իշխան Սաղաթիէլեան Զօրաբաբէլին եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուին եւ մնացորդ ժողովրդին թէ՝
  • 3Ո՞վ է ձեզանում մնացորդ, որ տեսել է այս տունը իր առաջի փառաւորութիւնովը, եւ դուք ի՞նչպէս էք տեսնում նորան հիմա, չէ՞ որ սա ոչինչի պէս է նորա մօտ ձեր աչքերի առաջին։
  • 4Սակայն հիմա զօրացիր, ով Զօրաբաբէլ, ասում է Տէրը, եւ զօրացիր դու, ով Յովսեդեկեան Յեսու՝ մեծ քահանայ։ Եւ զօրացիր, ով երկրի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը։
  • 5Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս, իմ հոգին կենում է ձեր միջումը. Մի վախենաք։
  • 6Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կ’շարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը.
  • 7Եւ կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով, ասում է Զօրաց Տէրը։
  • 8Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին. Ասում է Զօրաց Տէրը։
  • 9Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը, ասում է Զօրաց Տէրը, եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ, ասում է Զօրաց Տէրը։
  • 10Իններորդ ամսի քսանեւչորսին Դարեհի երկրորդ տարին, Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.
  • 11Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ հարցրու օրէնքը քահանաներից, ասելով.
  • 12Թէ ահա մի մարդ սուրբ միս տանէ իր հանդերձի քղանցքումը, եւ իր քղանցքովը դպչէ հացի եւ ապուրի եւ գինու եւ իւղի եւ ինչ եւ իցէ կերակուրի, մի՞թէ նա սուրբ կ’դառնայ։ Եւ քահանայքը պատասխանեցին եւ ասեցին. Ոչ։
  • 13Եւ Անգէն ասեց. Եթէ այս ամեն բաներին դպչէր, մի մեռելով պղծուածը, կ’պղծուի՞։ Եւ քահանայքը պատասխանեցին ու ասեցին. Կ’պղծուի։
  • 14Եւ Անգէն պատասխանեց եւ ասեց. Այսպէս է այս ժողովուրդը եւ այսպէս է այս ազգը իմ առաջին, ասում է Տէրը, եւ այսպէս է նորանց ձեռքի բոլոր գործքը. Եւ ինչ որ մատուցանեն այնտեղ՝ պիղծ է։
  • 15Ուրեմն մի լաւ ուշ դարձրէք այս օրից դէպի առաջ քանի որ քար քարի վերայ դրուած չէր Տիրոջ տաճարումը.
  • 16Երբոր մէկը գալիս էր սորանից առաջ քսանանոց դէզի մօտ, այն ժամանակ տասն էր դառնում. Գնում էր կարասի մօտ յիսուն հանելու, եւ քսան էր դառնում։
  • 17Ես զարկեցի ձեզ խորշակով ու դալուկով եւ կարկուտով, ձեր ձեռաց բոլոր գործերը, եւ դուք դէպի ինձ չէք գալիս, ասում է Տէրը։
  • 18Մէկ ձեր ուշադրութիւնը դարձրէք այս օրից եւ էլ առաջուց իններորդ ամսի քսանեւչորսերորդ օրիցը, այսինքն այն օրիցն որ հիմնուեցաւ Տիրոջ տաճարը, դարձրէք ձեր ուշադրութիւնը։
  • 19Մի՞թէ սերմը դեռ ամբարումն է, եւ թզենին ու նռնենին եւ ձիթենին պտուղ չե՞ն բերել. Այս օրից ի վեր պիտի օրհնեմ։
  • 20Եւ Տիրոջ խօսքը կրկին անգամ եղաւ Անգէին, ամսի քսանեւչորսին, ասելով.
  • 21Ասիր Յուդայի իշխան Զօրաբաբէլին թէ Ես պիտի շարժեմ երկինքն ու երկիրը,
  • 22Եւ տակնիվեր պիտի անեմ թագաւորութիւնների աթոռը, եւ պիտի կորցնեմ ազգաց թագաւորութիւնների զօրութիւնը, եւ տակնիվեր պիտի անեմ կառքն ու նորա հեծեալը, եւ պիտի ցածանան ձիանքն ու իրանց հեծեալները. Ամեն մէկն իր եղբօր սրովը։
  • 23Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես քեզ կ’առնեմ, ով իմ ծառայ Սաղաթիէլեան Զօրաբաբէլ, ասում է Տէրը. Եւ քեզ կ’շինեմ ինչպէս մի կնիք. որովհետեւ ես քեզ հաւանել եմ, ասում է Զօրաց Տէրը։
← Ցանկ