ՄԱՐԿՈՍ1
  • 1Աստուծոյ Որդի՝ Յիսուսի Քրիստոսի աւետարանի սկիզբը։
  • 2Ինչպէս գրուած է մարգարէներումը. Ահա ես իմ հրեշտակն ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստէ քո ճանապարհը քո առաջին.
  • 3Կանչողի ձայնը անապատումը՝ պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ շիտակ արէք նորա շաւիղները։
  • 4Յովհաննէսը անապատումը մկրտում էր, եւ ապաշխարութեան մկրտութիւն քարոզում՝ մեղաց թողութեան համար։
  • 5Եւ գնում էր նորա մօտ Հրէաստանի բոլոր երկիրն եւ ամեն Երուսաղէմացիք, եւ ամենքը նորանից մկրտվում էին Յորդանան գետումը, իրանց մեղքերը խոստովանելով։
  • 6Եւ Յովհաննէսը ուղտի բուրդ էր հագած, եւ կաշուց գօտիկ իր մէջքին, եւ նորա կերակուրը մարախ եւ վայրի մեղր էր.
  • 7Եւ քարոզելով ասում էր, Ինձանից զօրաւորը գալիս է իմ ետեւից, որին ես արժանի չեմ խոնարհուիլ եւ նորա կօշիկների կապն արձակել։
  • 8Ես ջրով մկրտեցի ձեզ, բայց նա Սուրբ Հոգով կ’մկրտէ ձեզ։
  • 9Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։
  • 10Եւ շուտով որ ջրիցը դուրս է գալիս՝ տեսաւ երկինքը ճղուած, եւ Աստուծոյ Հոգին աղաւնիի պէս՝ որ իջնում էր նորա վերայ։
  • 11Եւ ձայն եղաւ երկնքիցը՝ Դու ես իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի։
  • 12Եւ շուտով Հոգին նորան անապատը հանեց։
  • 13Եւ նա այնտեղ անապատումն էր քառասուն օր սատանայիցը փորձուելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։
  • 14Եւ Յովհաննէսը մատնուելուց յետոյ, Յիսուսը եկաւ Գալիլեա, քարոզում էր Աստուծոյ թագաւորութեան աւետարանը եւ ասում,
  • 15Թէ ժամանակը կատարուել է, եւ Աստուծոյ թագաւորութիւնը մօտեցել է. Ապաշխարեցէք, եւ հաւատացէք աւետարանին։
  • 16Գալիլեացիների ծովի մօտովն անցկենալիս, տեսաւ Սիմօնին եւ նորա եղբայր Անդրէասին, որ ուռկան էին գցում ծովը. Որովհետեւ ձկնորս էին։
  • 17Եւ Յիսուսը նորանց ասեց. Իմ ետեւից եկէք, եւ ես կ’անեմ ձեզ, որ մարդկանց որսորդ լինիք։
  • 18Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողեցին եւ նորա ետեւից գնացին։
  • 19Եւ այնտեղից մի քիչ առաջ գնալով, Յակոբոս Զեբեդեանին եւ նորա եղբայր Յովհաննէսին տեսաւ, որոնք էլ նաւի մէջ ուռկաններ շինում էին, եւ շուտով նորանց կանչեց։
  • 20Եւ նորանք իրանց հայր Զեբեդէոսին վարձկանների հետ նաւի մէջ թողելով, նորա ետեւից գնացին։
  • 21Եւ մտնում են Կափառնայում. Եւ շուտով շաբաթ օրը ժողովարանը մտաւ եւ սովորեցնում էր։
  • 22Եւ զարմանում էին նորա վարդապետութեան վերայ. Որովհետեւ նա նորանց՝ ինչպէս իշխանութիւն ունեցող սովորեցնում էր եւ ոչ թէ դպիրների պէս։
  • 23Եւ նորանց ժողովարանումը մի մարդ կար՝ պիղծ ոգով, եւ նա աղաղակեց եւ ասեց.
  • 24Թող տուր. ի՞նչ բան ունիս մեզ հետ, Յիսուս Նազովրեցի. Եկար մեզ կորցնելո՞ւ. Գիտեմ քեզ, թէ ով ես, Աստուծոյ Սուրբդ։
  • 25Եւ Յիսուսը սաստեց նորան եւ ասեց, Պապանձիր, եւ դորանից դուրս եկ։
  • 26Եւ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նորան, եւ մեծ ձայնով աղաղակելով դուրս եկաւ նորանից։
  • 27Եւ ամենքը զարմացան, մինչեւ որ իրանց մէջ հարցուփորձ էին անում եւ ասում. Սա ի՞նչ է. Ի՞նչ նոր վարդապետութիւն է դա, որ իշխանութիւնով պիղծ ոգիներին էլ սաստում է՝ եւ հնազանդվում են իրան։
  • 28Եւ նորա համբաւը շուտով դուրս գնաց Գալիլեայի ամեն կողմերը։
  • 29Եւ շուտով ժողովարանից դուրս գալով, եկան Սիմօնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբի եւ Յովհաննէսի հետ։
  • 30Եւ Սիմօնի զոքանչը տենդած պառկած էր, եւ շուտով նորա համար ասեցին նորան։
  • 31Եւ նա մօտ եկաւ վերկացրեց նորան՝ ձեռքիցը բռնելով. Եւ շուտով տենդը թողեց նորան, եւ նա ծառայում էր նորանց։
  • 32Եւ երբոր իրիկուն եղաւ, արեգակը մար մտնելիս, բոլոր հիւանդներին եւ դիւահարներին նորա մօտ բերին։
  • 33Եւ բոլոր քաղաքը ժողովուած էր դռան առաջին։
  • 34Եւ շատ կերպ կերպ ցաւերով հիւանդներին բժշկեց, եւ շատ դեւեր հանեց. Եւ թոյլ չէր տալիս դեւերին որ խօսեն. Որովհետեւ գիտում էին նորան։
  • 35Եւ լուսածագին առաւօտանց շատ կանուխ վերկացաւ՝ դուրս եկաւ գնաց մի անապատ տեղ, եւ այնտեղ աղօթք էր անում։
  • 36Եւ Սիմօնը եւ նորա հետ լինողները նորա ետեւից գնացին։
  • 37Եւ երբոր նորան գտան. Ասեցին նորան, թէ Ամենքը որոնում են քեզ։
  • 38Եւ նորանց ասեց. Գնանք այդ գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ. որովհետեւ սորա համար եմ եկած։
  • 39Եւ բոլոր Գալիլեայի մէջ նորանց ժողովարաններումը քարոզում էր, եւ դեւերը հանում։
  • 40Եւ մի բորոտ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան եւ ծունր էր դնում առաջին եւ ասում նորան. Թէ որ կամենաս կարող ես ինձ սրբել։
  • 41Յիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նորան դիպաւ, եւ ասեց նորան. Կամենում եմ՝ սրբուիր։
  • 42Եւ երբոր ասեց նորան, շուտով բորոտութիւնը գնաց նորանից, եւ նա սրբուեցաւ։
  • 43Եւ նորան սաստելով՝ շուտով դուրս հանեց նորան, եւ ասեց նորան.
  • 44Զգոյշ կաց՝ ոչ ոքի ոչինչ չ’ասես. Այլ գնա՝ քեզ ցոյց տուր քահանային, եւ քո սրբութեան համար մատուցրու այն, որ Մովսէսը հրամայեց, նորանց վկայութիւն լինելու համար։
← Ցանկ