ՄԱՐԿՈՍ13
  • 1Եւ երբոր նա տաճարիցը դուրս էր գալիս, նորա աշակերտներիցը մէկը նորան ասեց. Վարդապետ, տես ի՜նչպիսի քարեր եւ ի՜նչպիսի շինուածներ։
  • 2Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Տեսնո՞ւմ ես այդ մեծ շինուածները. քար քարի վերայ չի թողուիլ՝ որ չ’քանդուի։
  • 3Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վերայ նստած էր տաճարի դիմացը, Պետրոսը եւ Յակոբոսը եւ Յովհաննէսը եւ Անդրէասը առանձին հարցնում էին նորան.
  • 4Ասիր մեզ, դորանք ե՞րբ կ’լինեն. Եւ նշանն ի՞նչ է, երբոր այդ բոլոր բաները պիտի կատարուին։
  • 5Յիսուսն էլ պատասխանեց եւ սկսեց նորանց ասել. Զգոյշ կացէք, մի գուցէ մէկը ձեզ խաբէ։
  • 6Որովհետեւ շատերը կ’գան իմ անունովը, եւ կասեն՝ թէ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կ’մոլորեցնեն։
  • 7Բայց երբոր պատերազմներ եւ պատերազմների լուրեր կ’լսէք, մի շփոթուիք, որովհետեւ պէտք է որ լինեն. Բայց դեռ վերջը չէ։
  • 8Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ տեղ տեղ երկրաշարժներ կ’լինեն, եւ սովեր եւ խռովութիւններ կ’լինեն. սորանք նեղութիւնների սկիզբն են։
  • 9Բայց դուք զգոյշ կացէք ձեր անձերին, որ ձեզ ատեանների կ’մատնեն, եւ ժողովարանների մէջ կ’ծեծուիք, եւ կուսակալների եւ թագաւորների առաջին կ’կանգնիք ինձ համար նորանց վկայութիւն լինելու։
  • 10Եւ բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի։
  • 12Եւ եղբայր եղբօր կ’մատնէ մահի, եւ հայրը որդուն. Եւ որդիք վեր կ’կենան ծնողների վերայ, եւ նորանց կ’սպանեն։
  • 13Եւ ամենին ատելի կլինիք իմ անունի համար. Բայց ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’ապրի։
  • 14Եւ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, որ ասուած է Դանիէլ մարգարէիցը, կանգնած այն տեղումը որ արժան չէ. ( ով որ կարդում է, միտք առնէ.) այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են, թող սարերը փախչեն։
  • 15Եւ ով որ կտրի վերայ է, թող չ’իջնէ տան մէջ, եւ չ’մտնէ իր տանիցը մի բան վեր առնելու։
  • 16Եւ յանդումը լինողը թող ետ չ’դառնայ իր հանդերձը առնելու։
  • 17Բայց վայ այն օրերումը յղացածներին եւ ծիծ տուողներին։
  • 18Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռ ժամանակին չ’լինի։
  • 19Որովհետեւ այն օրերը նեղութիւններ կ’լինեն. Որ այնպիսիները աշխարհի սկզբիցը, որ Աստուած ստեղծել է, մինչեւ հիմա չեն եղած, եւ երբէք չեն լինիլ։
  • 20Եւ եթէ Տէրն այն օրերը չէր կարճացրել, ոչ մի մարմին չէր ապրիլ, բայց ընտրուածների համար, որոնց ընտրեց, այն օրերը կարճացրեց։
  • 21Եւ այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասէ. Ահա այստեղ է Քրիստոսը, կամ ահա այնտեղ, մի հաւատաք։
  • 22Որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կ’կենան. Եւ նշաններ եւ հրաշքներ կ’տան, որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ մոլորեցնեն։
  • 23Բայց դուք զգոյշ կացէք, ահա ասեցի առաջուց բոլորը։
  • 24Բայց այն օրերումն այն նեղութիւնից յետոյ արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ։
  • 25Եւ երկնքի աստղերը կ’թափուին, եւ երկնքումը լինող զօրութիւնները կ’շարժուին։
  • 26Եւ այն ժամանակ կ’տեսնեն մարդի Որդին ամպերով գալիս շատ զօրութիւնով եւ փառքով։
  • 27Եւ այն ժամանակ իր հրեշտակները կ’ուղարկէ, եւ իր ընտրուածներին չորս հողմիցը կ’ժողովէ, երկրի ծայրիցը մինչեւ երկնքի ծայրը։
  • 28Բայց թզենուցը սովորեցէք առակը. Երբոր նորա ճղերը արդէն կ’կակղին եւ տերեւները կ’արձակուին գիտէք թէ ամառը մօտ է։
  • 29Այնպէս էլ դուք, երբոր տեսնէք այս բոլորը լինելիս, իմացէք թէ մօտիկ է դռներին։
  • 30Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս ազգը չի անցնիլ, մինչեւ որ այս բոլորը լինի։
  • 31Երկինքն եւ երկիրը կ’անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնիլ։
  • 32Միայն այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ հրեշտակները երկնքումը եւ ոչ Որդին, բայց միայն Հայրը։
  • 33Զգուշացէք, արթուն կացէք եւ աղօթք արէք. Որովհետեւ չ’գիտէք թէ ժամանակը երբ է։
  • 34Ինչպէս մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողէ, եւ իր ծառաներին իշխանութիւն տայ, եւ ամեն մէկին իր գործը, եւ դռնապանին հրաման տայ, որ արթուն կենայ։
  • 35Արդ արթուն կացէք, որ չ’գիտէք թէ տանտէրը երբ կ’գայ, իրիկո՞ւնը, թէ կէս գիշերը, թէ հաւի խօսելու ժամանակին, թէ առաւօտանց.
  • 36Որ չ’լինի թէ յանկարծ գալով ձեզ քնած գտնէ։
  • 37Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում. Արթուն կացէք։
← Ցանկ