ՂՈՒԿԱՍ24
  • 1Բայց միաշաբաթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. Եւ ոմանք էլ նորանց հետ։
  • 2Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան։
  • 3Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չ’գտան։
  • 4Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։
  • 5Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։
  • 6Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր.
  • 7Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ։
  • 8Եւ նորա խօսքերը յիշեցին։
  • 9Եւ գերեզմանիցը ետ դառան եւ այս բոլոր բաները պատմեցին տասնեւմէկին եւ բոլոր ուրիշներին։
  • 10Եւ էին Մարիամ Մագդաղենացին, եւ Յովհաննան, եւ Յակոբոսի մայր Մարիամը, եւ նորանց հետ ուրիշներն էլ, որ այս բաները ասում էին առաքեալներին։
  • 11Եւ նորանց խօսքերը ցնորք երեւեցաւ նորանց առաջին, եւ չէին հաւատում նորանց։
  • 12Բայց Պետրոսը վեր կացաւ վազեց գերեզմանը, եւ ծռելով տեսաւ կտաւները մինակ դրուած. Եւ գնաց եղածի վերայ իր մտքումը զարմանալով։
  • 13Եւ ահա նորանցից երկուսը միեւնոյն օրը մի գիւղ էին գնում, որ վաթսուն ասպարէզ Երուսաղէմիցը հեռու էր, անունն Էմմաուս։
  • 14Եւ նորանք իրար հետ խօսում էին այն բոլոր անցած բաների համար։
  • 15Եւ եղաւ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, հէնց ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ։
  • 16Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան։
  • 17Եւ նորանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում էք գնալիս, եւ տրտմած էք։
  • 18Եւ պատասխանեց նորանցից մէկը, անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմումն, որ չ’իմացար այն բաները, որ այս օրերը եղան նորանում։
  • 19Եւ նա ասեց նորանց. Ո՞ր բաներ. Եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, զօրաւոր գործերով Աստուծոյ եւ բոլոր ժողովրդի առաջին։
  • 20Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։
  • 21Իսկ մենք յոյս ունէինք թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր. Այլ այսու ամենայնիւ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։
  • 22Բայց մի քանի կանայք էլ մեր միջիցը զարմացրին մեզ, որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը։
  • 23Եւ նորա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է։
  • 24Եւ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպէս գտան, ինչպէս կանայքն ասեցին, բայց նորան չ’տեսան։
  • 25Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։
  • 26Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։
  • 27Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։
  • 28Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. եւ նա այնպէս էր ցոյց տալիս, թէ աւելի հեռու տեղ է գնում։
  • 29Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. Եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ։
  • 30Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց։
  • 31Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. Եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից։
  • 32Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։
  • 33Եւ նոյն ժամին վերկացան՝ ետ դառան Երուսաղէմ, եւ այն տասնեւմէկին ժողովուած գտան, եւ նորանց հետ լինողներին.
  • 34Որ ասում էին թէ Արդարեւ Տէրը յարութիւն է առել, եւ երեւացել Սիմօնին։
  • 35Եւ նորանք պատմում էին այն որ ճանապարհին եղաւ, եւ թէ ինչպէս իրան ճանաչեցրեց իրանց՝ հաց կտրելու ժամանակին։
  • 36Եւ նորանք այս խօսելիս, Յիսուսն ինքը կանգնեց նորանց միջումը եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։
  • 37Եւ նորանք զարհուրելով վախեցած, համարում էին, թէ ոգի են տեսնում։
  • 38Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։
  • 39Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. Որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չ’ունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ։
  • 40Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։
  • 41Եւ քանի որ դեռ չէին հաւատում ուրախութիւնից եւ զարմացած էին, ասեց նորանց. Կերակուր ունի՞ք այս տեղ։
  • 42Եւ նորանք խորոված ձկան կտոր տուին նորան՝ եւ մեղրախորիսխ։
  • 43Եւ առաւ կերաւ նորանց առաջին։
  • 44Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։
  • 45Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան։
  • 46Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել.
  • 47Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։
  • 48Եւ դուք այս բաների համար վկաներ էք։
  • 49Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. Դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք։
  • 50Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա. Եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։
  • 51Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը։
  • 52Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ։
  • 53Եւ ամեն ժամանակ տաճարումն էին. Գովում եւ օրհնում էին Աստուծուն։ Ամէն։
← Ցանկ