ՀՈՎՀԱՆՆԵՍ7
  • 1Եւ սա Իսկարիովտացի Սիմօնեան Յուդայի մասին էր ասում. Որ նա էր մատնելու նորան. Եւ ինքը տասնեւերկուսից մէկն էր։
  • 2Եւ սորանից յետոյ Յիսուսը ման էր գալիս Գալիլեայի մէջ. Որովհետեւ չէր կամենում Հրէաստանումը ման գալ, որովհետեւ Հրէաները որոնում էին սպանել նորան։
  • 3Եւ Հրէաների տաղաւարահարաց տօնը մօտիկ էր։
  • 4Եւ նորա եղբայրներն ասեցին նորան. Այստեղից դուրս եկ եւ գնա Հրէաստան, որ քո աշակերտներն էլ տեսնեն քո գործերը, որ գործում ես.
  • 5Որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ թագուն մի բան անէ, եւ ուզէ ճանաչուած լինել. Եթէ դու այդ բաները գործում ես, քո անձը յայտնիր աշխարհքին։
  • 6Որովհետեւ իր եղբայրներն էլ չէին հաւատում նորան։
  • 7Յիսուսն էլ ասեց նորանց. Իմ ժամանակը դեռ հասած չէ, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է.
  • 8Աշխարհքը կարող չէ ձեզ ատել. Բայց ինձ ատում է, որ ես նորա համար վկայում եմ, թէ նորա գործերը չար են։
  • 9Դուք գնացէք այն տօնին, ես դեռ չեմ գնում այն տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ։
  • 10Սա որ նորանց ասեց, մնաց Գալիլեայումը։
  • 11Երբոր նորա եղբայրները գնացին, այն ժամանակ ինքն էլ գնաց այն տօնին, ոչ թէ յայտնի, այլ իբր գաղտնաբար։
  • 12Եւ Հրէաները որոնում էին նորան այն տօնումը եւ ասում, Ո՞րտեղ է նա։
  • 13Եւ ժողովուրդների մէջ շատ զրոյց կար նորա համար. ոմանք ասում էին թէ Բարի մարդ է. Ուրիշներն էլ ասում էին. Ոչ, այլ ժողովրդին մոլորեցնում է։
  • 14Սակայն ոչ ով համարձակ չէր խօսում նորա վերայ՝ Հրէաների վախի համար։
  • 15Եւ երբոր տօնն արդէն կէս եղաւ, Յիսուսը վեր ելաւ տաճարը եւ սովորեցնում էր։
  • 16Եւ Հրէաները զարմանում էին եւ ասում. Սա ի՞նչպէս գիտէ գիրքերը առանց սովորած լինելու։
  • 17Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է։
  • 18Եթէ մէկը կամենում է նորա կամքն անել, նա կ’իմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեօք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խօսում։
  • 19Իր անձիցը խօսողը, իր անձի փառքն է որոնում. Բայց նա որ իրան ուղարկողի փառքն է որոնում, նա ճշմարիտ է եւ անիրաւութիւն չ’կայ նորանում։
  • 20Չէ՞ որ Մովսէսը տուաւ ձէզ օրէնքը, եւ ձեզանից ոչ ով չէ կատարում օրէնքը։
  • 21Ի՞նչու էք ուզում ինձ սպանել. Ժողովուրդը պատասխանեց եւ ասեց. Դեւ ունիս. Ո՞վ է ուզում քեզ սպանել։
  • 22Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Մի գործ գործեցի, եւ ամենքդ զարմացել էք։
  • 23Նորա համար Մովսէսը ձեզ տուաւ թլփատութիւնը, (ոչ թէ Մովսէսիցն է, այլ հայրերիցը.) եւ շաբաթ օրը մարդ էք թլփատում։
  • 24Եթէ մարդ շաբաթ օրումը թլփատութիւն է ընդունում, որ Մովսէսի օրէնքը չ’քանդուի, ինձ բարկանո՞ւմ էք, որ ես ամբողջ մարդ բժշկեցի շաբաթ օրը։
  • 25Աչքի երեւութով մի դատէք, այլ ուղիղ դատաստան արէք։
  • 26Արդ Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. Չէ՞ որ սա նա է, որին ուզում են սպանել։
  • 27Եւ ահա համարձակ խօսում է, եւ ոչինչ չեն ասում դորան. մի գուցէ իրաւ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապէս Քրիստոսը։
  • 28Բայց սորան գիտենք, թէ որ տեղից է. Իսկ Քրիստոսն երբոր գայ, ոչ ոք չի գիտենալ թէ որ տեղից է։
  • 29Յիսուսն էլ՝ սովորեցնելիս աղաղակեց տաճարումն ասելով՝ Ինձ էլ գիտէք եւ գիտէք էլ թէ ինչ տեղից եմ. Եւ ես իմ անձիցը չեմ եկել. Այլ ճշմարիտ է ինձ ուղարկողը որին դուք չ’գիտէք։
  • 30Իսկ ես գիտեմ նորան, որովհետեւ նորանից եմ, եւ նա ուղարկեց ինձ։
  • 31Եւ ուզում էին բռնել նորան. Բայց ոչ ով ձեռք չ’ձգեց նորա վերայ. Որովհետեւ նորա ժամը դեռ չէր հասել։
  • 32Եւ ժողովրդից շատերը հաւատացին նորան եւ ասում էին թէ երբոր Քրիստոս գայ, արդեօ՞ք դորանցից աւելի նշաններ կ’անէ, քան որ սա արաւ։
  • 33Եւ Փարիսեցիները լսեցին ժողովրդից, որ այդ բաները տրտնջում էին նորա համար. Եւ Փարիսեցիները եւ քահանայապետներն սպասաւորներ ուղարկեցին, որ բռնեն նորան։
  • 34Յիսուսն էլ ասեց նորանց. Դեռ մի քիչ ժամանակ ձեզ հետ եմ, եւ գնում եմ ինձ ուղարկողի մօտ։
  • 35Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։
  • 36Հրէաներն էլ իրար ասեցին. Դա ո՞րտեղ է գնալու, որ մենք չ’գտնենք դորան. Արդեօ՞ք Հելլենացիների ցրուած ժողովուրդների մօտն է գնալու եւ Հելլենացիներին է սովորեցնելու։
  • 37Ի՞նչ է այն խօսքն, որ ասեց թէ Ինձ կ’որոնէք եւ չէք գտնիլ, եւ որտեղ որ ես եմ, դուք չէք կարող գալ։
  • 38Եւ տօնի վերջին մեծ օրումը Յիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ, եւ խմէ։
  • 39Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կ’բղխին։
  • 40Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ Յիսուսը դեռ չէր փառաւորուած։
  • 41Արդ ժողովրդից շատերը, երբոր այս խօսքը լսեցին, ասում էին. Սա ճշմարտապէս այն մարգարէն է։
  • 42Ուրիշներն՝ ասում էին. Սա Քրիստոսն է. Եւ էլ ուրիշներն ասում էին. Մի՞թէ Քրիստոսը Գալիլեայիցը կ’գայ։
  • 43Չէ՞ որ գիրքն ասում է, Քրիստոսը Դաւիթի սերունդիցը եւ Բեթլէհէմ գիւղիցը կ’գայ, որտեղ Դաւիթն էր։
  • 44Եւ տարաձայնութիւն եղաւ ժողովրդի մէջ նորա համար։
  • 45Եւ նորանցից ոմանք կամեցան բռնել նորան. Բայց ոչ ոք ձեռք չ’ձգեց նորա վերայ։
  • 46Եւ սպասաւորները եկան քահանայապետների եւ Փարիսեցիների մօտ. Եւ սորանք ասեցին նորանց. Ի՞նչու համար նորան չ’բերիք։
  • 47Սպասաւորները պատասխանեցին. Երբէք մի մարդ այսպէս չ’խօսեց ինչպէս այս մարդը։
  • 48Փարիսեցիներն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի՞թէ դուք էլ մոլորուեցիք։
  • 49Մի՞թէ իշխաններիցն կամ Փարիսեցիներից մէկը հաւատա՞ց նորան։
  • 50Այլ այդ ռամիկ ժողովուրդը, որ օրէնքը չ’գիտէ, անիծուած են։
  • 51Նիկոդեմոսը, որ գիշերը նորա մօտ էր եկել, նորանցից մէկը լինելով, ասեց նորանց.
  • 52Մի՞թէ մեր օրէնքը մի մարդի դատում է, եթէ առաջ չ’լսէ նորանից եւ չ’գիտենայ, թէ ինչ է գործում։
  • 53Պատասխանեցին եւ ասեցին նորան. Մի՞թէ դու էլ ես Գալիլեայիցը. Քննիր եւ տես, որ Գալիլեայիցը մարգարէ դուրս չէ եկել։
← Ցանկ